Լեյկոպոեզը կարգավորվում է լեյկոպոետինների միջոցով, որոնց քիմիական բաղադրությունը և գոյացման վայրը դեռևս չի բացահայտված։ Գրանուլոցիտների և մոնոցիտների միապոտենտ գաղութները տարբերակվում են մակրոֆագերից, մոնոցիտներից և T-լիմֆոցիտներից անջատված գաղութախթանիչ գործոնների ազդեցության ներքո։ Մոնոցիտների և գրանուլոպոեզի 3 ճյուղերի` բազոֆիլների, էոզինոֆիլների և նեյտրոֆիլների գաղութներում լեյկոցիտների հետագա տարբերակումը շարունակվում է համապատասխանաբար մոնոցիտոպոետինների, բազոֆիլոպոետինների, էոզինոֆիլոպոետինների և նեյտրոֆիլոպոետինների մասնակցությամբ։ Լեյկոպոետինների սինթեզը խթանվում է ծերացած լեյկոցիտների և վնասված հյուսվածքների քայքայման արգասիքներով, նուկլեինաթթուներով, միկրոբներով և նրանց թույներով։ էոզինոֆիլոպոետինների ակտիվությունը մեծանում է նաև մակաբույծ որդերի արտադրած թույների ներկայությունից։

Հաստատված է, որ հասունացած նեյտրոֆիլներն արտադրում են լեյկոպոեզն ընկճող յուրահատուկ նյութեր` եևյլոններ, որոնք չափավորում են լեյկոպոեզի ուժեղացած ընթացքը։ Քեյլոնները ցածրամոլեկուլային միացություններ են և ճնշում են գրանուլոպոեզի նախորդ բջիջների ԴՆԹ-ի սինթեզը, հետևաբար, նաև նրանց բաժանման պրոցեսը։ Լեյկոզների բուժման խնդրում քեյլոնների գործնական կիրառումը մեծ հեռանկարներ է խոստանում։ Առողջ օրգանիզմում քեյլոնների և լեյկոպոետինների գործունեությունը գտնվում է որոշակի հավասարակշռության մեջ, որի շնորհիվ լեյկոպոեզը հարմարվում է օրգանիզմի պահանջներին։ Քեյլոններից բացի հասուն նեյտրոֆիլներն արտադրում են նաև մեկ այլ նյութ` լակտոֆերին, որը ճնշող ազդեցություն է ունենում նեյտրոֆիլների և մոնոցիտների տարբերակման վրա։ Մոնոցիտոպոեզի վրա դրդող ներգործություն ունեն կատեխոլամինները, իսկ Е խմբի պրոստագլանդինները և α ու β-ինտերֆերոնները արգելակող։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին