Արյան շիճուկում կրեատինինի պարունակությունը հստակորեն արտացոլում է երիկամների ֆունկցիոնալ վիճակը: Հարկավոր է ընդգծել հենց կրեատինինի խտության որոշումը արյան շիճուկում, քանի որ մյուս ազոտային խարամների մակարդակը կարող է բարձրանալ նաև երիկամների պահպանված ֆունկցիայի դեպքում (վարակների, հյուսվածքային քայքայման, գլյուկոկորտիկոիդներով բուժման ժամանակ, սպիտակուցային ծանրաբեռնում): Բացի այդ, երիկամների ֆունկցիայի հարաճուն նվազման դեպքում արյան մեջ կրեատինինի պարունակության բարձրացումը կարող է զգալիորեն առաջ ընկնել միզանյութի խտության բարձրացումից: Արյան շիճուկում կրեատինինի բնականոն խտությունը կազմում է 88-132 մկմոլ/լ` միջին տարիքի տղամարդկանց մոտ, Մոտ 100 մկմոլ/լ` միջին տարիքի կանանց մոտ, Տարեց անձանց մոտ կրեատինինի խտությունը աստիճանաբար և չափավոր կերպով աճում է: Կրեատինինի առաջացման և մկանային զանգվածի միջև առկա է կոռելյացիա: Այսպես, լավ զարգացած մկանունքով տղամարդու մոտ կրեատինինի 135 մկմոլ/լ խտությունը պարտադիր չէ, որ կապված լինի երիկամների ֆունկցիայի խանգարման հետ: Մյուս կողմից, նիհարավուն կնոջ մոտ 200 մկմոլ/լ կրեատինինի խտությունը կարող է պայմանավորված լինել արտահայտված երիկամային անբավարարությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին