Այս հիվանդությունը նկարագրվել է 1887 թվին Ս.Ս. Կորսակովի կողմից որպես ալկոհոլային բազմանյարդաբորբային (պոլիներիտային) հատուկ պսիխոզ, որը բժշկական միջազգային 12-րդ կոնգրեսի կողմից անվանվեց հեղինակի անունով կորսակովյան պսիխոզ կամ կորսակովյան հիվանդություն։ Կորսակովյան պսիխոզին բնորոշ ախտանշաններ հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ (թունավոր պսիխոզներ, գանգուղեղի վնասվածքներ, ուռուցքներ, ծերունական պսիխոզներ և այլն), նման դեպքերում առկա ֆիքսացիոն ամնեզիան, ռետրոգրադ ամնեզիան և կոնֆագուլացիան (կորսակովյան համախտանիշ) հնարավորություն են տալիս հոգեկան այդ խանգարումները տարբերակել կորսակովյան պսիխոզից, որի հիմքում, ընկած է ալկոհոլամոլությունը՝ իր կլինիկական ընթացքով, վախճանով ու պաթանատոմիական պատկերով։

Կորսակովյան պսիխոզը հանդիպում է ալկոհոլը երկարատև չարաշահող մեծահասակ մարդկանց շրջանում։ Հոգեկան խանգարման այս ձևի հաճախականությունը այնքան էլ մեծ չէ։ Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է աստիճանաբար, դանդաղ, սակայն որոշ դեպքերում կարող է զարգանալ ալկոհոլային սուր պսիխոզից (հարբեցատենդից) հետո։

Կորսակովյան պսիխոզի կլինիկական պատկերում առավել վաղ արտահայտված գլխավոր ախտանշան է համարվում հիշողության խանգարումը (ֆիքսացիոն ամնեզիա, ռետրոգրադ ամնեզիա և կոնֆաբուլացիա) զուգակցված բազմանյարդաբորբի երևույթներով։ Անշուշտ, կարևոր ախտանշան է համարվում նաև տեղի, ժամանակի և տարածության կողմնորոշման խանգարումը՝ ամնեստիկ ապակողմնորոշում այն ժամանակ, երբ «ես»–ի կողմնորոշումը պահպանված է։ Հիշողության ֆունկցիան, հատկապես մոտակա դեպքերի մտապահման ունակությունն այնքան է տուժում, որ հիվանդները չեն հիշում, թե քիչ առաջ ում հանդիպեցին, ինչ խոսեցին, ինչ կերան, նույնիսկ չեն կարողանում վերհիշել հենց նոր կարդացածը։ Միևնույն անձնավորությանը օրվա ընթացքում ամեն անգամ տեսնելիս բարևում են, կարծես թե առաջին անգամ են տեսնում։ Չնայած անցյալի հիշողությունը համեմատաբար պահպանված է լինում, այնուամենայնիվ առկա է նաև որոշակի շրջան ընդգրկող ռետրոգրադ ամնեզիա։ Վերհիշելու ունակության խիստ թուլացման և ռետրոգրադ ամնեզիայի պայմաններում սկսում են տեղ գտնել հիշողության այնպիսի աղավաղումներ, ինչպիսիք են կոնֆաբուլացիան և պսևդոռեմինիսցենցիան (կեղծ հիշողություններ), որոնց միջոցով հիվանդը պատմում է, թե ինչպես երեկ գնաց տուն, այնտեղից էլ՝ ֆուտբոլի մրցման, նկարագրում է ֆուտբոլի խաղը (մինչդեռ նա գտնվել է հիվանդանոցում ):

Քանի որ հիվանդների տրամաբանորեն մտածելու ունակությունը առանձնապես չի տուժում, նրանք զգալով իրենց հիվանդագին վիճակը, ամեն կերպ աշխատում են որևէ ձևով ցույց չտալ, կոմպենսացնել հիշողության բացը։ Օրինակ երբ հիվանդը դժվարանում է տրված հարցին պատասխանել, ժպտալով խույս է տալիս պատասխանից ասելով - է՜, դա էլ հարց է՜, որ պատասխանեմ», կամ «Օրացույց չունեմ մոտս, ինչպես ասեմ, թե այսօր որ ամիսը և ամսի քանիսն է»։

Կորսակովյան պսիխոզի բնորոշ ախտանշաններից է նաև բազմանյարդաբորբը, որի ժամանակ տեղի են ունենում մկանների ապաճում, պարեզներ կամ պարալիզներ, ջլային ռեֆլեքսների թուլացում կամ անհետացում, զգացողության խանգարում, ատաքսիա, նյարդաբների ցավոտություն և այլն։

Հիվանդությունն ունի քրոնիկական ընթացք և կարող է տևել տարիներ։ Ալկոհոլային խմիչքների գործածությունը լրիվ դադարեցնելու դեպքում հիվանդի վիճակը աստիճանաբար լավանում է թողնելով սակայն, հիշողության թուլացման, թորշոմածության, ընդհանուր թուլության ձևով արտահայտված մնացորդային երևույթներ։ Խմիչքի չարաշահումը շարունակելու դեպքում հիվանդությունը խորանում և ձգձգվող ընթացք է ստանում։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին