Հիշողության պարամնեստիկ խանգարում է: Այս դեպքում հիշողության բացերը լցվում են հորինված և ֆանտաստիկ կեղծ հիշողություններով։ Սրանք «հիշողության ցնորքներն են» կամ «երևակայության զառացանք»։ Ընդ որում, հիվանդները լիովին համոզված են դրանց իսկության մեջ և ներկայացնում են որպես իրականում կատարված, այնինչ երբևէ գոյություն չեն ունեցել։ Դիտվում են կոնֆաբուլյացիաների երկու տարբերակ՝ փոխարինող և ֆանտաստիկ։ Փոխարինող կոնֆաբուլյացիաները ի հայտ են գալիս ամնեստիկ խանգարումների ֆոնի վրա և լրացնում հիշողությունների բացը։

Բովանդակությունը շատ կենցաղային է, երբեմն կապված հիվանդի մասնագիտության հետ, անկայուն։ Սովորաբար «ծնվում են» զրույցի ընթացքում և այդ ընթացքում ճոխանում, հարստանում և ճյուղավորվում զանազան մանրուքներով ու հանգամանքներով։ Ֆանտաստիկ կոնֆաբուլյացիաները անհավանական բովանդակությամբ կեղծ հիշողություններ են իբր կատարվածի մասին։ Հիվանդները չափազանց պատկերավոր և մանրամասն պատմում են անհավանական պատմություններ իրենց անցյալից՝ սիրային, էրոտիկ, մեծամոլական և այլ բովանդակության։ Այս կոնֆաբուլյացիաները դիտվում են պրոգրեսիվ ամնեզիայի ընթացքում, ինչպես նաև՝ պարաֆրեն համախտանիշի կառուցվածքում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին