ԿլլումԿլլումը ռեֆլեքսային գործողություն է, որն իրականացնում է բերանի խոռոչում ձևավորված սննդագնդի փոխադրումը ստամոքս։ Կլլման ռեֆլեքսը առաջանում է այն դեպքում, երբ սննդագունդը քսվում է քիմքին, լեզվի հիմքին կամ ըմպանի հետին պատին։ Այն իրականացվում է եռվորյակ, կոկորդային և լեզվաըմպանային նյարդերի զգացող վերջույթների գրգռման հետևանքով։ Այդ նյարդաթելերով գրգիռը գնում է երկարավուն ուղեղ, չորրորդ փորոքի հատակ, որտեղ գտնվում է կլլման կենտրոնը։ Այդ կենտրոնից գրգիռը եռորյակ, լեզվաըմպանային, ենթալեզվային և թափառող նյարդերի էֆերենտ թելերով հասնում է կլլման գործողությունը ապահովող օրգաններին (բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի և որկորի մկաններին)։

Կլլման պրոցեսը բաժանվում է երեք փուլերի.
1) բերանային, (կամային),
2) ըմպանային (ոչ կամային),
3) որկորային (ոչ կամային)։


Առաջին փուլում սննդագունդը լեզվի և այտերի շարժումներով տեղափոխվում է դեպի լեզվի արմատը՝ ըմպանի օղակի առջևի աղեղների ետևը։ Երկրորդ փուլում լեզվի արմատի լորձաթաղանթի ընկալիչների գրգռման հետևանքով ռեֆլեքսային ճանապարհով կծկվում են փափուկ քիմքը բարձրացնող ու լեզվի մկանները և խոչընդոտում սննդագնդի մուտքը քթի խոռոչ։ Միաժամանակ մակկոկորդը շարժվում է դեպի առաջ և վերև, որի հետևանքով փակվում է մուտքը դեպի կոկորդ։ Դեպի ըմպան սննդի տեղափոխմանը օժանդակում է ճնշման բարձրացումը բերանի խոռոչում։ Սննդի ըմպան մտնելուց հետո կծկվում են սննդագնդից վեր գտնվող մկանները՝ նեղացնելով ըմպանի լուսանցքը, որի հետևանքով այն տեղափոխվում է որկոր։ Կլլման երրորդ փուլը սննդի անցումն է որկոր և նրա փոխադրումը ստամոքս։ Որկորի կծկումներն ունեն գալարակծկանքային ալիքի բնույթ, որն առաջանում է նրա վերին բաժիններում և տարածվում ստամոքսի ուղղությամբ։ Կծկման ափքին նախորդում է որկորի լարվածության թուլացման ալիքը (ռելաքսացիոն ալիք), որը հասնում է ստամոքսին գալարակծկանքային ալիքից 1-2 վրկ առաջ։ Որկորի միջոցով սննդի տեղաշարժը պայմանավորված է տարբեր գործոններով, մասնավորապես ըմպանի ե որկորի սկզբնական հատվածի միջև եղած ճնշումների տարբերությամբ, որկորի տարբեր բաժինների մկանունքի լարվածության տարբերությամբ (պարանոցայինում այն բարձր է, քան կրծքայինում), սննդագնդի ծանրության ուժով և այլն։
Որկորի շարժական գործունեության կարգավորումը հիմնականում իրականացվում է թափառող և սիմպաթիկ նյարդերի շարժիչ թելերով։ Պարասիմպաթիկ նյարդերը խթանում են որկորի գալարակծկումները, թուլացնում ստամոքսի կարդիալ հատվածը, սիմպաթիկ նյարդաթելերը արգելակում են որկորի շարժումները՝ բարձրացնելով կարդիայի տոնուսը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին