Ախտահարվում է ճակատային բլթի նախաշարժողական գոտին կամ ընդհատվում են նախաշարժողական կեղևը առաջկենտրոնական գալարին կապող կարճ զուգորդական թելերը: Չկա պարեզ, սակայն խախտվում են մկանների համաձայնեցված կծկումները, շարժումների արագությունն ու հերթականությունը: Բնորոշ է այն, որ շարժումները կորցնում են սահունությունը, կարծես կատարվում են առաջին անգամ: Հիվանդը զրկվում է բարդ գործողություններ իրականացնելու հմտությունից: Տուժում են գրելը, տպելը, դաշնամուր նվագելը: Անհնար է դառնում շարժումների կինետիկ մի շղթայից մյուսին անցնելը կամ դա պահանջում է մեծ ջանքեր: Հայտնաբերում են ռեցիպրոկ և դինամիկ կոորդինացիայի փորձերի օգնությամբ:

Ռեցիպրոկ կոորդինացիայի ստուգման նպատակով հիվանդին առաջարկվում է սահուն կերպով փոփոխել ձեռքերի դիրքը, որոնցից մեկը գտնվում է բացված, իսկ մյուսը` բռունցքված վիճակում: Երկու ձեռքերում շարժումները պետք է կատարվեն փոխադարձ համաչափությամբ և հակառակ ուղղությամբ (ռեցիպրոկություն): Խանգարման դեպքում շարժումները կատարվում են առանձին-առանձին, կամ երկու ձեռքերը կատարում են միևնույն շարժումը: Դինամիկ կոորդինացիայի փորձի ժամանակ հետազոտվողը մեկ միասնական շարժումով, առանց մատիտը թղթից կտրելու, պետք է գծի որևէ զարդանախշ, որը բաղկացած լինի մեկը մյուսին հաջորդող երկու տարրերից: Կինետիկ ապրաքսիայի առկայության դեպքում հիվանդը գծում է դանդաղ և ընդհատումներով, գծանկարի նույն տարրը իրար հետևից կրկնում է մի քանի անգամ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին