ԽթաղիԽթաղու պատը կազմված է լորձաթաղանթից, ենթալորձային հիմից, մկանային և շճային թաղանթներից: Լորձաթաղանթում կան մեծ քանակությամբ շրջանաձև ծալքեր և աղիքային գեղձեր (կրիպտաներ), որոնք զգալիորեն մեծացնում են նրա մակերեսը: Այստեղ թավիկները բացակայում են: Շրջանաձև ծալքերն առաջանում են լորձաթաղանթից և ենթալորձային հիմից՝ աղու ներքին մակերեսի վրա: Դրանք դասավորվում են լայնությամբ և կիսալուսնաձև են (այստեղից էլ անվանումը՝ «կիսալուսնաձև ծալքեր»): Աղիքային գեղձերը (կրիպտաներ) խթաղում ավելի լավ են զարգացած, քան բարակ աղիում, խիտ են, չափերն ավելի մեծ են (0,4–0,7 մմ), լայն են, պարունակում են գավաթաձև էկզոկրինոցիտներ: Լորձաթաղանթի էպիթելը միաշերտ գլանաձև է: Այն կազմված է երեք տեսակի հիմնական բջիջներից՝ սյունաձև էպիթելոցիտներից, գավաթաձև էկզոկրինոցիտներից և ստամոքս–աղիքային էնդոկրինոցիտներից: Բացի այդ, ունի չտարբերակված էպիթելոցիտներ: Սյունաձև էպիթելոցիտները գտնվում են լորձաթաղանթի մակերեսին և նրա կրիպտաներում:

Կառուցվածքով դրանք նման են բարակ աղու նույնանուն բջիջներին, բայց նրանց գծավորված երիզը ավելի բարակ է: Գավաթաձև էկզոկրինոցիտները արտադրում են լորձ, քանակով շատ են, գտնվում են կրիպտաներում: Սրանց կառուցվածքը նկարագրվել է վերևում: Աղիքային կրիպտաների հիմում ընկած են չտարբերակված էպիթելոցիտներ, որոնց մոտ հաճախ նկատվում են միտոզներ: Այս բջիջների հաշվին է ընթանում սյունաձև էպիթելոցիտների և գավաթաձև էկզոկրինոցիտների վերականգնումը: Բացի այդ, երբեմն հանդիպում են ացիդոֆիլ հատիկներով էնդոկրին բջիջներ: Լորձաթաղանթի սեփական թիթեղը աղիքային կրիպտաների միջև առաջացնում է բարակ շարակցահյուսվածքային միջնաշերտեր: Այդ թիթեղում հաճախ են հանդիպում մենավոր ավշային հանգույցիկներ, որոնցից դուրս եկող լիմֆոցիտները զավթում են շրջապատող շարակցական հյուսվածքը և թափանցում էպիթելի մեջ: Լորձաթաղանթի մկանային թիթեղն ավելի լավ է արտահայտված, քան բարակ աղիում և կազմված է երկու շերտից: Ներքին շերտն ավելի խիտ է և կազմված է առավելապես շրջանաձև դասավորված հարթ միոցիտների խրձիկներից: Արտաքին շերտը ունի հարթ միոցիտների խրձիկներ, որոնց մի մասը աղու առանցքի նկատմամբ ունի երկարաձիգ, մյուս մասը՝ թեք ուղղություն: Այս շերտում մկանային բջիջները ավելի փուխր են, քան ներքինում:

Ենթալորձային հիմը ունի բազմաթիվ ճարպային բջիջներ և անոթային նյարդային ենթալորձային հյուսակներ: Խթաղու ենթալորձային հիմում ավշային հանգույցիկները բազմաթիվ են: Այստեղ սրանք տարածվում են լորձաթաղանթի սեփական թիթեղից: Մկանային թաղանթը ունի հարթ մկանային երկու շերտ՝ ներքին՝ շրջանաձև, և արտաքին՝ երկարաձիգ: Խթաղում մկանային թաղանթի արտաքին շերտն ունի հատուկ կառուցվածք: Այս շերտը հոծ չէ, և հարթ միոցիտների խրձերը հավաքված են խթաղու երեք ժապավենների մեջ, որոնք ձգվում են խթաղու ամբողջ երկայնքով: Աղու ժապավենների միջև ընկած հատվածներում կա միայն բարակ շերտ՝ աննշան քանակությամբ երկայնաձիգ դասավորված հարթ միոցիտների խրձիկներով: Աղու այս հատվածներն առաջացնում են արտափքումներ: Մկանային թաղանթի երկու շերտի միջև կա փուխր թելակազմ շարակցահյուսվածքային միջնաշերտ, որի միջով անցնում են անոթներ, և գտնվում է մկան–աղիքային նյարդային հյուսակը: Շճաթաղանթը խթաղին ծածկում է արտաքինից: Երբեմն այն ունի մատնանման ելուստներ: Այդ ելուստները ճարպահյուսվածքի կուտակումներ են՝ ծածկված որովայնամզով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին