Բնութագրվում է գիտակցության պարոքսիզմալ նեղացմամբ, որն ընթանում է կողմնորոշման, ընկալման խանգարմամբ, կարծես մարդը իրականությունը ընկալում է նեղ խողովակի միջով։ Մթնշաղային վիճակը սկսվում և ավարտվում է հանկարծակի՝ տևելով ոչ երկար րոպեներից մինչև ժամեր, երբեմն նաև օրեր, ավարտվում է լրիվ ամնեզիայով։ Այն կարող է ընթանալ երկու տարբերակով.

1. Ցնորքներով, զառանցանքներով, չարությամբ, դիսֆորիայով, ագրեսիվ հակումներով, պսիխոմոտոր գրգռվածությամբ, վախով։ Ցնորքները այս դեպքում լինում են իսկական տեսողական, սովորաբար վառ գույներով, ագրեսիվ բովանդակությամբ։ Ուստի հիվանդների վարքը կարող է լինել շատ ագրեսիվ և վտանգավոր, ինչպես հիվանդի, այնպես էլ շրջապատի համար։
2. Ամբուլատոր ավտոմատիզմներով, որի ժամանակ հիվանդները կատարում են գիտակցության կողմից չվերահսկվող պարզ կամ բարդ զանազան գործողություններ, որոնց ժամանակ բոլորովին հաշիվ չեն տալիս իրենց։ Այն ավարտվում է ամնեզիայով։ 

Ամբուլատոր ավտոմատիզմների տարբերակներն են`
♦ Ֆուգա, կարճատև ամբուլատոր ավտոմատիզմ է, որի ժամանակ հիվանդը անսպասելի սկսում է վազել կամ պտտվել իր առանցքի շուրջ։ Հետագայում հիվանդը ոչինչ չի հիշում կատարվածի մասին։
♦ Տրանս. այս դեպքում հիվանդը կատարում է ավելի բարդ գործողություններ. տնից դուրս է գալիս, թափառում, մի քաղաքից մյուսը կարող է գնալ արտաքնապես ցուցաբերելով կանոնավոր վարք։ Գիտակցությունը պարզվելուց հետո ոչինչ չի հիշում։
♦ Գիշերաշրջություն (լուսնոտություն), հիվանդը գիշերը վեր է կենում և ման է գալիս, կատարում որոշակի գործողություններ, ապա վերադառնում իր տեղը, կամ քնում որտեղ պատահի։ Գիտակցության մթնշաղային վիճակները հանդիպում են է պիլեպսիայի, գլխուղեղի օրգանական հիվանդությունների, հիսթերիկ ռեակցիաների ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին