Կեցվածքի կառավարումԿեցվածքը կարելի է բնորոշել որպես մարմնի կամ նրա առանձին մասերի որոշակի կողմնորոշվածություն ունեցող սևեռված դիրք, որպես ձգողական ուժի դաշտում հոդերն ու մարմնամասերը պահանջվող դիրքում պահելու միջոց։ Կեցվածքի պահպանումն ապահովվում է մկանային կծկման նույն մեխանիզմով, ինչ որ շարժումը։ Տարբերությունը կայանում է նրանում, որ մկանների կծկման ուժը «կեցվածքային» գործունեության ժամանակ սովորաբար մեծ չէ, ռեժիմը մոտ է իզոմետրիկին, իսկ կծկման տևողությունը նշանակալից է։ Շարժողական գործունեության ընթացքում սովորաբար տեղի է ունենում կեցվածքի փոփոխություն, քանի որ շարժումը կապված է ծանրության կենտրոնի և նրա օղակների դիրքի փոփոխության հետ։ Կեցվածքի կառավարման ցածրագույն մեխանիզմներին են պատկանում ողնուղեղային, պարանոցային և անդաստակ-ողնուղեղային ռեֆլեքսները։ 

Պարանոցային ռեֆլեքսների էությունը այն է, որ պարանոցային մկանների կծկումներով պայմանավորված գլխի դիրքը կամ նրա տեղափոխությունը ազդում են առանցքային և վերջույթների մկանների ակտիվության վրա։ Օրինակ, դեպի ներքև գլուխը թեքելիս ծալվում են առջևի վերջույթները, իսկ գլուխը վեր բարձրացնելիս մեծանում է հետին թաթերի տարածման լարվածությունը։ Գլուխը դեպի ուսերը թեքելիս բարձրանում է նույնակողմ տարածիչների և հակակողմ ծալիչների լարվածությունը։ Այդ ռեֆլեքսների միաժամանակյա ազդեցության դեպքում ամբողջ մարմինը շրջվում է դեպի գլխի շրջման կողմը։ Այդպիսի ազդեցություններ կարող են իրականացվել նաև մարմնի կողմից՝ ուղեղազերծված կենդանու մարմնի շրջումը հետո առաջացնում է գլխի շրջում։ Կեցվածքի կառավարման բարձրագույն մեխանիզմներին է պատկանում "մարմնի ուրվագծի" ձեավորման մեխանիզմը։ Վերջինս իրենից ներկայացնում է հանգստի և շարժման մեջ գտնվող սեփական մարմնի տարածական կոորդինատների և առանձին մարմնամասերի ընդհանրացված զգացողության համակարգ։ Մարմնի մասերի մանրակրկիտ ներկայացչությունը, ընդհուպ մինչև մատների ֆալանգները (սոմատոտոպիա), ներկայացված է մարմնազգացական համակարգում։ Ուղեղի յուրաքանչյուր կիսագնդի համար մարմնի ընդհանուր «քարտեզը» ներկայացված է «հոմուլկուլյուսի» ձևով, որը հիմք է հանդիսանում մարմնի ստատիկ կերպարի համար։ Ստատիկ կերպարի ձևավորումը որոշվում է նրանով, որ այդ տեղեկատվությունը վերաբերում են երկրագնդի ձգողական ուժի նկատմամբ ունեցած մարմնի դիրքի հետ երեք տարածական հարթությունների համակարգում։

Իրականացնելով որևէ գործունեություն, մարդը փոխում է մարմնի մասերի փոխդասավորվածությունը, վարժեցման կարգով ձեռք է բերում նոր շարժողական հմտություն, ձևակերպում մարմնի նոր եռաչափ  տարածական նմուշներ, այսինքն մարմնի դինամիկական կերպար։ Ի տարբերություն ստատիկի, այն նշանակություն ունի միայն ժամանակի տվյալ կոնկրետ պահի, որոշակի իրավիճակի համար, որի փոփոխման դեպքում փոխարինվում է նորով։ Ուղեղում տեղի է ունենում դինամիկ և ստատիկ կերպարների մշտական փոխներգործություն, ստատիկը դինամիկի հետ բաղդատելու հիման վրա նրանց միավորում, որի արդյունքում ձևավորվում է մարմնի սուբյեկտիվ զգացողություն, որն արտացոլում է ոչ միայն մարմնի դիրքը տվյալ պահին, այլ նաև նրա հնարավոր հետագա անմիջական փոփոխությունները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին