ԿերակրափողԿերակրափողի էպիթելն առաջանում է առաջնային աղիքի էնտոդերմի նախաքորդային թիթեղից, մնացած շերտերը՝ այն շրջապատող մեզենքիմայից: Կերակրափողի էպիթելը սաղմնային շրջանում ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Սկզբում կերակրափողի էպիթելային ծածկը միաշերտ խորանարդաձև էպիթելային բջիջներից է կազմված: 4 շաբաթական սաղմում այն դառնում է երկշերտ: Դրանից հետո էպիթելը արագ աճում է և կերակրափողի լուսանցքը լրիվ փակվում: Աճած էպիթելային բջիջները հետագայում քայքայվում են, և կերակրափողի լուսանցքը բացվում է: Մինչ ներարգանդային զարգացման 3–րդ ամիսը, կերակրափողը պատված է բազմաշերտ թարթիչավոր էպիթելով: 4–րդ ամսից թարթիչավոր բջիջներն աստիճանաբար դուրս են մղվում գլիկոգեն պարունակող բշտիկաձև բջիջների կողմից՝ դառնալով տափակ բջիջներ: Կերակրափողի էպիթելը 6–րդ ամսից դառնում է բազմաշերտ տափակ: Նորածինների էպիթելում առաջանում են թարթիչավոր բջիջների կղզյակներ:

Մեծահասակների այդ բջիջները երբեմն պահպանվում են միայն լորձային գեղձերի ծորաններում: Էպիթելի մի տեսակը այլ տեսակի ձևափոխվելու պատճառները դեռևս պարզաբանված չեն: Ըստ երևույթին, որկորում բազմաշերտ տափակ էպիթելը ձևավորվելիս նրա ֆունկցիան գլխավոր դեր ունի: Կոշտ սննդի դեպքում որկորի լորձաթաղանթի բազմաշերտ էպիթելի ձևավորմանը նպաստում է որկորի պատի ամբողջականությունը: Կերակրափողի գեղձերը ձևավորվում են 2–րդ ամսվա վերջում, մկանային թաղանթը՝ 2–րդ ամսում, իսկ լորձաթաղանթի մկանային շերտը՝ սաղմի ներարգանդային զարգացման 4–րդ ամսում: Որկորը կազմված է լորձաթաղանթից, ենթալորձային հիմից, մկանային և ադվենտիցիալ թաղանթներից: Կերակրափողում լորձաթաղանթը և ենթալորձային հիմը առաջացնում են 7–10 երկայնակի դասավորած ծալքեր, որոնք ներփքվում են նրա լուսանցքի մեջ: Որկորի լորձաթաղանթը կազմված է էպիթելից, սեփական և մկանային թիթեղներից: Լորձաթաղանթի էպիթելը բազմաշերտ, տափակ, չեղջերացող է, բայց մեծահասակների մոտ նրա մակերեսային բջիջները եղջերանում են: Էպիթելի կազմում կան 20–25 բջջային շերտ: Մարդու կերակրափողի էպիթելի մակերեսային շերտի բջիջներում կա կերատոհիալինի հատիկների ոչ մեծ քանակություն: Լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է շարակցահյուսվածքային պտկիկներ, որոնք ներհրվում են էպիթելի մեջ: Լորձային գեղձերի ծորանների շուրջը կան լիմֆոցիտների մեծ կուտակումներ, որոնք կարող են առաջացնել ավշային հանգույցիկներ: Սեփական թիթեղում կան կերակրափողի կարդիալ գեղձեր (glandulae cardiacae oesophagi), որոնք բաժանվում են երկու խմբի:

Գեղձերի մի խումբը գտնվում է մատանիաձև աճառի և շնչափողի 5–րդ օղի սահմանում, երկրորդ խումբը՝ կերակրափողի ստորին մասում՝ ստամոքսի մուտքի մոտ: Ըստ իրենց կառուցվածքի՝ այս գեղձերը հիշեցնում են ստամոքսի կարդիալ գեղձերը (այստեղից՝ սրանց անվանումը): Դրանք պարզ խողովակակազմ ճյուղավորված գեղձեր են, որոնց ծայրային բաժինները կազմվում են հատիկավոր ցիտոպլազմա ունեցող խորանարդաձև և պրիզմայաձև էպիթելոցիտներով: Կարդիալ գեղձերի որոշ ծայրային բաժիններում կան վերադիր բջիջներ, որոնք արտադրում են քլորիդներ: Այս գեղձերի ամենափոքր ծորանները միավորվում են խոշոր լայնացած ծորաններում, որոնք բացվում են լորձաթաղանթի սեփական թիթեղի պտկիկների գագաթներին: Ծորանների էպիթելը պրիզմայաձև է: Այն նման է ստամոքսային փոսիկների լորձային էպիթելին և ունի մուցինի բնորոշ ռեակցիա: Երբեմն որկորի լորձաթաղանթը կարդիալ գեղձերի տեղադրման մասերում ստանում է ստամոքսի լորձաթաղանթի տեսք (տե°ս ստորև): Որկորում կարդիալ գեղձերը ի հայտ են գալիս շատ ավելի վաղ, քան նրա էպիթելը դառնում է բազմաշերտ: Կերակրափողի կարդիալ գեղձերը ծայրային բաժիններում և արտատար ծորաններում մեծ քանակությամբ ներզատիչ բջիջներ ունեն: Ըստ բջջաքիմիական առանձնահատկությունների տարբերում են երեք տիպի բջիջ: Առաջինները նման են ստամոքսաաղիքային ուղու էնտերոքրոմոֆինային բջիջներին և արտադրում են սերոտոնին (EC):

Երկրորդները հիշեցնում են էնտերոքրոմոֆինանման բջիջներ (ECL), որոնք բնորոշ են ստամոքսի մարմնի լորձաթաղանթին: Երրորդների բնույթը պարզ չէ: Բժշկական տեսանկյունից կերակրափողի կարդիալ գեղձերի ֆունկցիան և կառուցվածքը հետաքրքիր են այն պատճառով, որ հատկապես նրա այդտեղ են առաջանում կերակրափողի դիվերտիկուլները, կիստաները, խոցերը և ուռուցքները: Որկորի լորձաթաղանթի մկանային թիթեղը կազմված է երկայնակի հարթ մկանային բջիջների խրձերից, որոնք շրջապատված են էլաստիկ թելերի ցանցով: Այս թիթեղն առանձին ոչ մեծ խրձերի տեսքով սկսվում է կոկորդի օղակաձև աճառի մակարդակից: Որկորի հետագա զարգացման ընթացքում թիթեղի հաստությունն ավելանում և ստամոքսի շրջանում հասնում է 200–400 մկմ–ի: Սնունդը կերակրափողով անցնելիս՝ մեծ դեր ունի լորձաթաղանթի մկանային թիթեղը, որը պաշտպանում է կերակրափողի ներքին մակերեսը կոշտ սնունդից: Կոշտ սնունդը գրգռում է որկորի պատը, իջեցնում մկանային թիթեղի լարվածությունը, որի պատճառով էլ համապատասխան հատվածի լորձաթաղանթը լայնանում է: Այսպիսով, կոշտ մասնիկներ պարունակող կերակրագնդի անցկացումը հեշտանում է:  Որկորի ենթալորձային հիմն ապահովում է լորձաթաղանթի շարժունակությունը մկանային թաղանթի վրա: Այն լորձաթաղանթի հետ առաջացնում է բազմաթիվ երկայնակի ծալքեր, որոնք սննդի կլման ժամանակ հարթվում են: Ենթալորձային հիմում գտնվում են կերակրափողի սեփական գեղձերը:

Կերակրափողի սեփական գեղձերը (glandulae oesophagea propriae) բարդ, խիստ ճյուղավորված բշտախողովակակազմ են: Սրանց ծայրային բաժինները կազմված են բացառապես լորձային բջիջներից: Գեղձազատուկը թափվում է փոքր արտատար ծորանների մեջ, որոնք միավորվում են ավելի մեծ ծորաններում: Այդ ծորաններն անցնում են լորձաթաղանթի մկանային թիթեղի միջով և սեփական թիթեղում առաջացնում խոշոր ամպուլաձև ծորաններ, որոնք բացվում են էպիթելի մակերեսին: Փոքր ծորանները պատող էպիթելը ցածր խորանարդաձև է, իսկ ավելի մեծ ծորաններում՝ բազմաշերտ տափակ, որտեղ երբեմն հանդիպում են թարթիչավոր բջիջներ: Որկորի սեփական գեղձերը հիմնականում նրա վերին 1)3–ի վենտրալ մակերեսին են: Որկորի սեփական գեղձերի ֆունկցիան լորձի արտազատումն է, որը մշտապես տամկացնում է լորձաթաղանթի մակերեսը և նպաստում կերակրագնդի ավելի հեշտ անցմանը:

Մկանային թաղանթը կազմված է ներքին շրջանաձև և արտաքին երկայնական շերտերից, որոնք բաժանված են փուխր թելակազմ շարակցահյուսվածքային միջնորմներով: Կերակրափողի վերին երրորդում այս շերտերը միջաձիգ–զոլավոր մկանային հյուսվածքներ են, որոնք ըմպանի մկանային հյուսվածքի շարունակությունն են: Կեակրափողի միջին երրորդում մկանային թաղանթը ունի ինչպես միջաձիգ–զոլավոր, այնպես էլ հարթ մկանային հյուսվածքներ: Ստորին երրոդում երկու շերտն էլ կազմված է միայն հարթ մկանային հյուսվածքից, որով հյուսվածաբանական կտրվածքներում որոշվում են որկորի մակադակները: Մկանային երկու շերտերը ոչ միշտ են շրջանաձև կամ երկայնակի: Ներքին շերտում կան պարուրաձև և թեք խրձեր, արտաքին շերտում՝ առանձին խրձեր ոչ միանման են տեղադրված: Մկանային թաղանթի ներքին շրջանաձև շերտի հաստացումը մատանիաձև աճառի մակարդակին առաջացնում է որկորի վերին սեղման, իսկ որկորից ստամոքս անցնելու մակարդակին այդ շերտի հաստացումը առաջացնում է որկորի ստորին սեղմանը: Որկորի մկանային թաղանթը կծկվելիս սնունդը մղվում է դեպի ստամոքս: Ադվենտիցիալ թաղանթը մի կողմից կապված է մկանային թաղանթում եղած շարակցահյուսվածքային շերտավորումների, իսկ մյուս կողմից՝ կերակրափողը շրջապատող միջնորմի շարակցական հյուսվածքի հետ: Ադվենտիցիալ թաղանթը հարուստ է անոթներով և նյարդերով: Որկորի որովայնային բաժինը ծածկված է շճաթաղանթով, որը կազմվում է մեզոթելով և ենթադիր շարակցական հյուսվածքով: Որկոր մտնող զարկերակները ենթալորձային հիմում կազմում են անոթացանցեր (մեծ և փոքր օղերով), որոնցից արյունը լցվում է լորձաթաղանթի սեփական թիթեղի մեծաօղ անոթացանցը: Այստեղ գտնվում է արյունատար մազանոթների ենթաէպիթելային ցանցը: Երակային արտահոսքն սկսվում է լորձաթաղանթի սեփական թիթեղի փոքր երակների ցանցով, որոնք արյունը տանում են դեպի ենթալորձային հիմի երակային անոթացանցեր, իսկ այստեղից՝ ադվենտիցիալ թաղանթ: Որկորի ավշային համակարգը հարուստ է ավշային մազանոթների ցանցով, որը գտնվում է լորձաթաղանթի սեփական թիթեղում, ենթալորձային հիմում և մկանային թաղանթում: Ավշային անոթների հյուսակները գտնվում են ենթալորձային հիմում և մկանային թաղանթում (երբեմն էլ ադվենտիցիալ թաղանթում): Որկորից ավշային արտահոսքի գլխավոր հավաքիչը ենթալորձային անոթացանցն է:

Նյարդավորումը: Ներպատային նյարդային ապարատը կազմված է իրար հետ կապված չորս հյուսակից՝ ադվենտիցիալ, որը լավ զարգացած է որկորի միջին և ստորին երրորդականներում, ենթաադվենտիցիալ, որը մկանային թաղանթի մակերեսին է և լավ արտահայտված է միայն որկորի վերին մասերում, միջմկանային, որը գտնվում է շրջանաձև ու երկայնակի մկանաշերտի միջև և կազմված է տարբեր տրամաչափի նյարդաթելերից, որոնք լայնաօղ հյուսակներ են կազմում: Սրանց մեջ որկորի ողջ երկարությամբ կան խոշոր նյարդային հանգույցներ և ենթալորձային հյուսակ, որը կազմված է նյարդային ցողունների համակարգից: Վերջիններիս ճյուղավորման տեղերում կան փոքր նյարդային հանգույցիկներ: Միջմկանային հյուսակը ամենահզորն է, որի հանգույցները կազմված են հիմնականում առաջին տիպի բջջներից: Զգացող նյարդային վերջավորությունները կերակրափողի լորձաթաղանթի և ենթալորձային հիմի մկանային, էպիթելային, շարակցական հյուսվածքներում ունեն փուխր կամ պատիճավորված կծիկների, թփերի, ծառանման ճյուղավորումների տեսք: Ներպատային հանգույցներում կան խոշոր պատիճավորված կծիկավոր ընկալիչներ, որոնք, ըստ երևույթին, բարո– և մեխանո–ընկալիչներ են: Որկորի և ստամքսի սահմանի հյուսվածաբանական կտրվածքում երևում է որկորի բազմաշերտ տափակ էպիթելի և ստամոքսի միաշերտ խորանարդաձև էպիթելի միացման տեղը: Որկորի այս շրջանի լորձաթաղանթի սեփական թիթեղում կան կարդիալ գեղձեր, իսկ ստամոքսի լորձաթաղանթի սեփական թիթեղում՝ ստամոքսային և կերակրափողի լորձային գեղձեր: Որկորի այս մկանաթաղանթի շրջանաձև շերտը առաջացնում է հաստացում՝ ձևավորելով սեղման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին