Կենդանի ատենուացված վակցինաՍրանք առաջին սերնդի պատվաստանյութերն են, որոնք ախտածին միկրոօրգանիզմների հաջորդական պասաժների արդյունքում, նպատակաուղղված ընտրությամբ ստացված, ցածր վիրուլենտությամբ կամ ընդհանրապես վիրուլենտությունից զուրկ, սակայն պահպանված անտիգենային և իմունոգեն հատկություներով շտամներ են: Վերջիններս, պատվաստվածների օրգանիզմում բազմանալով, առաջացնում են անսիմպտոմ (latent) ինֆեկցիա՝ պայմանավորելով արհեստական ձեռքբերովի իմունիտետի զարգացումը: Ընդ որում, այն գրեթե ոչնչով չի տարբերվում բնական ձեռքբերովի անընկալությունից և որպես կանոն կայուն է, երկարատև, ընդհուպ՝ ցմահ: Ներկայումս կենդանի վակցինաները հաջողությամբ կիրառվում են ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ ինֆեկցիաների կանխարգելման նպատակով:

Շատ ավելի վաղ հայտնի և երկարատև կիրառություն ունեցող բակտերիալ վակցինաներից է հակատուբերկուլյոզային՝ BCG վակցինան, ավելի ուշ ստացվել են ժանտախտի, տուլյարեմիայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի, որովայնատիֆային պատվաստանյութերը: Փորձարկումներ է անցնում կապույտ հազի դեմ վակցինան, որը ստացվել է տոքսինագոյացման մուտանտ գենով շտամներից: Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման նպատակով կիրառվում են հետևյալ կենդանի վակցինաները՝ Սեբինի պոլիոմիելիտային, կարմրուկային, պարօտիտային, կատաղության, բնական ծաղկի, կարմրախտի, դեղին տենդի և այլն: Հարկ է նշել, որ կենդանի վակցինաները դրական կողմերի հետ մեկտեղ ունեն նաև մի շարք թերություններ՝ 1. օրգանիզմի գերզգայունացում, 2. թույլ օրգանիզմներում կարող են առաջացնել կլասիկ ինֆեկցիա, որոշ հակավիրուսային պատվաստային շտամներ կարող են պատճառ դառնալ ծանր պերսիստենտային ինֆեկցիաների զարգացման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին