Կեղևային ներկայացուցչությունՈւղեղի կեղևում ընդերային նյարդերի ուրվապատկերի ճշգրիտ տեղադրման ուսումնասիրության ժամանակ ընդերային առբերիչ համակարգերում և կեղևի տարբեր գոյացություններում հայտնաբերվել է երկու տեսակի ուրվապատկերող շրջաններ՝ առաջնային և երկրորդային։ Առաջնային ներկայացուցչությունը կամ ուրվապատկերը կապված է կեղևի մեկ շրջանում առավելապես մեկ տեսակի զգայական կապերի տեղայնացված բաշխման հետ։ Երկրորդական ներկայացուցչության առանձնահատկությունը կապված է տարբեր զգացողությունների առբերիչ համակարգերի սփռուն բաշխման հետ, առաջնային ուրվապատկերային շրջանների  սահմաններից դուրս (Վ.Ն. Չերնիգովսկի, 1967): Ցույց է տրվել, որ կեղևում ընդերային նյարդերն ունեն երկու ուրվապատկերային շրջան՝  Տ1 և S2 մարմնազգայական շրջաններում։ Այստեղ ներկայացված է նաև մարմնական զգացողությունը։ Դրա հիման վրա ընդունում են, որ ընդերային ու մարմնական բնույթի ազդանշանների միավորումը տեղի է ունենում ոչ միայն տեսաթմբային ու ենթատեսաթմբային կորիզներում, այլև ուղեղի կեղևում։

Թափառող նյարդի ուրվապատկերը տեղադրված է ակնակապճային (օրբիտալ) կեղևում, առաջային էկտոսիլվիյան գալարում և պսակաձև գալարի շրջանում։ Հաստատված է, որ կոնքային նյարդերը կեղևում նույնպես ունեն կրկնակի առաջնային ներկայացուցչություն։ Դրանցից մեկը տեղադրված է հետին սիգմայաձև գալարում, մյուսը՝ առաջային էկտոսիլվիյան գալարում։ Կեղևում որովայնային, թափառող և կոնքային նյարդերի ուրվապատկերային շրջանների տեղադրման քարտեզի վրա  ուշադրության է արժանանում ընդերային համակարգի ուրվապատկերի մետամերային սկզբունքը, որովայնի խոռոչի օրգանները յարդավորող նյարդերը (որովայնային նյարդ և թափառող նյարդի ենթաստոծանիական հատված)   ուրվապատկերվում են Տ1 և Տ2 շրջաններում, մարմնի ու վերին վերջույթների մարմնական զգացողության ներկայացուցչության մարզում։ Հետևաբար, թափառող նյարդի ենթաստոծանիական հատվածի և որովայնային նյարդի ֆունկցիոնալ առումով կապակցված ընդերային համակարգերը, որոնք առբերիչ ազդակներ են հաղորդում որովայնի խոռոչի օրգաններից, կեղևում գտնվում են հարակից շրջաններում։ Փոքր կոնքի նյարդերի կեղևային ուրվապատկերը տեղադրված է հետին վերջույթների  մաշկամկանային զգացողության ներկայացուցչության շրջանում։

Ուշադրության է արժանի որովայնային, թափառող և կոնքային նյարդերի կրկնակի ներկայացուցչության առկայությունը ուղեղի մեծ կիսագնդերում։ Չնայած այն բանին, որ որոշ ներքին օրգաններ զույգ չեն (սիրտ, մարսողական համակարգ, միզատար համակարգ), այնուամենայնիվ դրանք ուղեղի կեղևում կրկնօրինակվում են։ Հավանաբար, կրկնօրինակման շրջանների առկայությունն ուղեղի կեղևում հանդիսանում է նրա աշխատանքի հուսալիության սկզբունքի դրսևորումներից մեկը։ Տ1 և S2 շրջաններում ոչ միայն ընդերամարմնային առբերիչ համակարգերի կեղևային ուրվապատկերային շրջաններն են միանման, այլ նրանք ունեն նաև առանձնահատուկ գործառական հատկություններ։ Կրկնակի ներկայացուցչության ֆունկցիոնալ տարբերակումն այն է, որ Տ1  դաշտը ապահովում է զգացողության տարանջատված ընկալումը կամ զգացողության տարածական բաղադրիչն, այն դեպքում, երբ S2 դաշտն հիմնականում իրականացնում է վարընթաց կեղևային հսկողություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին