Կանանց միզուկը (urethra feminia) 3-3,5 սմ երկարությամբ, կորությամբ դեպի հետ դարձած աղեղնաձև մի կարճ խողովակ է։ Իր գոգավորությամբ այն կիսագրկում է ցայլքային հոդի ստորին եզրը ներքևից ու հետևից։ Այն սերտորեն կապված է արտաքին սեռական օրգանների հետ և հեշտությամբ ներգրավվում է ախտաբանական պրոցեսի մեջ (գոնոռեա, հեշտոցի իջեցում և արտանկում, վնասվածքներ և այլն)։ Միզարձակման խողովակը կանանց մոտ ավելի կարճ է և լայն, քան տղամարդկանց մոտ։ Լորձաթաղանթն ունի երկայնաձիգ ծալքեր, ենթալորձաթաղանթը հարուստ է լորձային գեղձերով։ Մկանային շերտը կազմված է երկայնաձիգ (ներքին) և շրջանաձև (արտաքին) չխաչվող թելերից, որոնք միզապարկի ելքի շրջանում առաջացնում են ներքին սեղմանը։ Արտաքին սեղմանը կազմված է նաև խաչվող թելերից, որոնք մտնում են միզասեռական ստոծանու կազմի մեջ։ Միզարձակման խողովակի արտաքին բացվածքը (ostium urethrae externum) տեղավորված է ծլիկից հետ։ Այն շրջապատված է ոչ մեծ գլա-նիկով, որի երկու կողմում երևում են 2-4 հարմիզարձակման ծորանների բացվածքներ, որոնք հաճախ հանդիսանում են խրոնիկական գոնոռեայի վարակի օջախները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին