Կամքը մարդու գիտակցված, նպատակասլած, պատճառաբանված (մոտիվացված) և ակտիվ հոգեկան գործունեությունն է, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը։ Պահանջմունքների բավարարումը բավականին բարդ և բազմափուլ գործունեություն է, որի սկզբում առաջանում է պահանջ (հակում, ցանկություն, ձգտում, մղում) միջավայրի ազդեցության ներքո։ Այն, ինչը դրդում է մարդուն գործունեության, մղում նրան պահանջների բավարարման, կոչվում է մոտիվ. դա այն է, ինչին հասնում ենք որևէ գործողություն (գործունեություն) կատարելով։
Ըստ անձի մոտիվների բովանդակության և ուղղվածության տարբերում ենք`
1. ցածրագույն մոտիվներ (կամ հակումներ, պահանջներ), որոնք իրենց հերթին բաժանվում են`
- ինֆանտիլ-հեդոնիստական, որի հիմքում կենսական բնազդների բավարարումն է, և
- եսասիրական—սպառողական, որոնք ուղղված են միայն սեփական «ես»-ի պահանջները բավարարելուն և անձնական շահ ստանալուն։
2. բարձրագույն մոտիվներ (կամհակումներ, պահանջներ)։ Այս մոտիվները լինում են
- այլասիրական (ալտրուիստական)
- կեղծայլասիրական։ Սրանց հիմքում դրված է ինտելեկտուալ, էթիկական և էսթետիկական պահանջմունքների բավարարումը, սակայն կեղծ այլասիրությունը՝ ի տարբերություն այլասիրության, ուղղված է անձնական շահ ստանալուն (սկզբունքն է՝ «ես-քեզ, դու-ինձ»)։
Մարդու կամային ոլորտը բաղկացած է երկու հիմնական մասից՝
- բունկամային
- էֆեկտոր (գործնական)։
Կամային յուրաքանչյուր գործունեություն իր հիմքում ունի մղում (բուն կամք) և գործունեություն (էֆեկտոր մաս)։ Մարդկային գործունեությունը կարող է լինել
1. ակամա - գործունեությունն առաջանում է չգիտակցված մղումների արդյունքում՝ աֆեկտի, վախի, շփոթմունքի պայմաններում, և չունի կոնկրետ և հստակ պլան։
2. կամային - գործունեությունն ընդգրկում է հստակ նպատակ, գործունեության պլան և գործելու միջոցներ։ Որոշ դեպքերում կամային գործունեությունը ենթադրում է արգելքների և խոչընդոտների հաղթահարում։ Սովորաբար, կամային գործունեությունը սկսում է մի քանի մոտիվներից, որոնք, կարելի է ասել, մրցակցում են միմյանց հետ, և այդ «մոտիվների պայքարում» հաղթում է դրանցից մեկը, որի հիման վրա էլ կայացվում է որոշում, սահմանվում է նպատակը և գոծողությունների հերթականությունը։ Հզոր մոտիվների մրցակցության դեպքում, մի քանի հավանական և այլընտրանքային արդյունքների հնարավորության դեպքում, կարող են առաջանալ այնպիսի հոգեբանական վիճակներ, ինչպիսիք են՝ անհանգստությունը, լարվածությունը, ներքին դիսկոմֆորտը։ Մարդու հիմնական կամային հատկություններն են`
- ինքնուրույնություն,
- վճռականություն,
- համառություն,
- ինքնատիրապետում,
- անվստահություն,
- համառություն,
- անկայունություն,
- ներշնչվելիություն։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին