Թիրոկալցիտոնին (կալցիտոնին)։ Պեպտիդային հորմոն է։ Արտադրվում է վահանագեղձի պարաֆոլիկուլային С բջիջների կողմից։ Կալցիտոնին արտադրող նման բջիջներ հայտնաբերվել են ուրցագեղձում, հարվահանագեղձում, թոքերում։ Հաստատված է տարբեր հյուսվածքների ուռուցքային բջիջների կողմից հորմոնի արտադրման հնարավորությունը։ Օրգանիզմում գոյություն  ունեն  քիմիական կառուցվածքով և ազդեցությամբ իրար մոտ մի շարք հորմոններ, որոնք ստացել են կալցիտոնինների ընտանիք հավաքական անվանումը։ Դա կատակալցինն է և ուղեղային պեպտիդը, որը սինթեզվում է կալցիտոնինի գենին խնամակից գենի շնորհիվ։ Վերջինը կարող է սինթեզվել նաև ողնուղեղում և անոթաշարժ վեգետատիվ նյարդերի վերջույթներում, որի հետ կապված այդ նյարդապեպտիդը դիտվում է որպես անոթների նյարդային կարգավորիչ ազդեցությունների միջնորդանյութ։ Մարդու արյան պլազմայում կալցիտոնինի քանակը տատանվում է 5-ից մինչեւ 100 պգ/մլ։ Այդ մակարդակը ենթակա է տարիքային տատանումների, բարձր է մանկական և. ծերունական հասակներում և կայուն՝ միջին տարիքային խմբում։ Ամենաբարձր խտություն դիտվում է կանանց օրգանիզմում կաթնատվության շրջանում։ Հյուսվածքների զգայնությունը կալցիտոնինի նկատմամբ բարձր է երեխաների կյանքի առաջին տարում և իջնում է հասակն առնելուն զուգընթաց։

Կալցիտոնինն իր ֆիզիոլոգիական ազդեցությունների մեծ մասով պարաթհորմոնի և մասամբ  l,25(OH)2D3-ի անտագոնիստն է։ Կալցիտոնինի հիմնական ազդեցությունը արյան մեջ կալցիումի, հատկապես նրա իոնացված ձևի, մակարդակի իջեցումն է։ Նրա ազդեցությամբ թուլանում է օստեոկլասաների գործունեությունը և ակտիվանում են օստեոբլաստները, որի հետևանքով արգելակվում է ոսկրային հանքանյութի օքսիապատիտի ներծծումն ու ուժեղանում հանքայնացված կալցիումի կուտակումը ոսկրերում։ Դրա հետ մեկտեղ, նա քայքայումից նախապահպանում է ոսկրի օրգանական հիմքը կոլագենը և ուժեղացնում նրա սինթեզը։ Կալցիտոնինի հիպոկալցեմիկ ազդեցությունը կապված է նաև նրա կողմից աղիքներում կալցիումի ներծծման արգելակման և մեզի հետ նրա արտազատության ուժեղացման հետ։ Նման ձևով կալցիտոնինն ազդում է նաև ֆոսֆատների ներծծման և արտազատության վրա աղիքներում և երիկամներում, որն ուղեկցվում է արյան մեջ ֆոսֆորի պարունակության իջեցումով։ Հորմոնի ազդեցությամբ ուժեղանում է նաև երիկամների կողմից Na-ի, K+-ի և քլորիդների արտազատությունը։ Ցույց է տրված կալցիտոնինի արգելակիչ ազդեցությունը ստամոքսում գաստրինի և աղաթթվի հյութազատության վրա։
Այսպիսով, եթե կալցիտոնինն ու պարաթհորմոնը անտագոնիստներ են կալցիումի փոխանակության նկատմամբ, ապա ֆոսֆատների նյութափոխանակության մեջ նրանք սիներգիստներ են. երկու հորմոնն էլ առաջացնում են թերֆոսֆատարյունություն։ Օստեոցիտներում կալցիտոնինի ազդեցությամբ առաջացած` կալցիումի անլուծելի աղերի կուտակման պրոցեսները սերտ կապված են  l,25(OH)2D3-ի ազդեցության հետ։ Վերջինս նպաստում է կալցիումի իոնների կուտակմանը օստեոցիտներում, իսկ կալցիտոնինն ապահովում է նրանց պահումը Ca2+ը ոչ իոնացված ձևի վերածելով։

Կալցիտոնինի նկարագրված էֆեկտները պայմանավորված են բջջաթաղանթներով կալցիումի փոխադրման վրա թողած ազդեցությամբ, որն իրականանում է ցԱՄՖ-կախյալ մեխանիզմով։ Կալցիտոնինը փոքրացնում է բջիջներից կալցիումի ակտիվ փոխադրումը, որի շնորհիվ իրականանում է նրա հսկողությունը բջջաթաղանթների կալցիումական թափանցելիության, իոնի քանակի բաշխման վրա։ Այդ պրոցեսներում կալցիտոնինը փոխազդում է պարաթհորմոնի հետ։ Քանի որ կալցիումը բացառիկ դեր է խաղում բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում, ապա կալցիումկարգավորիչ հորմոնները կարելի է դասել ազդեցության լայն սպեկտրի հորմոնների շարքին։ Ստրեսի տարբեր ձևերի ժամանակ հաստատված է կալցիտոնինի և պարաթհորմոնի արտադրության ուժեղացում, որը կարևոր նշանակություն ունի ենթատեսաթմբահիպոֆիզա-մակերիկամային համակարգի գործունեության և հարմարողական պրոցեսներում։

Կալցիում կարգավորող հորմոնների արտադրության կարգավորումը կատարվում է հիմնականում կալցիումի իոնների միջոցով։ Արյան մեջ կալցիումի խտության տատանումները 3-5 %-ով գերազանցող շեղումները բերում են այդ հորմոններն արտադրող գեղձերի գործունեության ինտենսիվության սպեցիֆիկ փոփոխությունների։ Արյան մեջ կալցիումի մակարդակի ավելացումը հետադարձ կապի մեխանիզմով խթանում է կալցիտոնինի հյութազատությունն ու արգելակում պարաթհորմոնի և  l,25(OH)2D3-ի արտադրությունը։ Հակառակ փոխհարաբերություններ են հաստատվում թերկալցիումարյունության դեպքում։ Կալցիտոնինի արտադրության փոփոխությունները կատարվում են արագ և ավելի կարճատև են, քան պարաթհորմոնի հյութազատության փոփոխությունները։ Ընդ որում, եթե պարաթհորմոնի և կալցիտոնինի մակարդակի փոփոխությունները հիմնականում կապված են կալցիումի իոնների ուղղակի ազդեցության հետ, ապա  l,25(OH)2D3-ի մակարդակը կախված է ոչ միայն կալցիումի, պարաթհորմոնի ու կալցիտոնինի քանակից, այլ նաև սննդի հետ նրա ներմուծումից, սինթեզից և ակտիվացումից։ Կան տվյալներ վիտամին D3-ի ակտիվացման վրա կալցիտոնինի արգելակող ազդեցության մասին։ Կալցիտոնինի հյութազատության վրա խթանիչ ազդեցություն են թողնում ստամոքսaղիքային հորմոններ գաստրիnը, պանկրեոզիմինը, խոլեցիստոկինինը, էnտերոգլյուկագոնը։ Ինքը կալցիտոնինը, ընկճում է այդ աղիքային պեպտիդների արտադրությունը։ Դրա հետ կապված գտնում են, որ մարդու և կենդանիների օրգանիզմներում գործում է ստամոքսաղիքային ուղու հյութազատիչ բջիջnեր-վահաեագեղձի С բջիջներ համակարգը։ Կալցիումի և ֆոսֆորի պարունակությունը արյան մեջ, և համապատասխանաբար նաև նրանց մակարդակը կարգավորող հորմոնների արտադրության կարգավորումը գտնվում է այլ հորմոնների (գլյուկոկորտիկոիդների, սեռական և թիրեոիդ և այլ հորմոնների) և նյարդային համակարգի անուղղակի ազդեցության տակ։ Վերը թվարկած հորմոններից որևէ մեկի արտադրման և ազդեցության խանգարման դեպքում առաջանում է կալցիում-ֆոսֆորային փոխանակության հավասարակշռու թյանխախտում: Մարդու կալցիում-ֆոսֆորային փոխանակության առաջնային հորմոնակախյալ խանգարումներն առաջացնում են մի շարք ծանր հիվանդություններ, այդ թվում՝ գերհարվահանագեղձություն կամ Ռեկլինգհաուզենի հիվանդություն` D3 հիպովիտամինոզի զուգակցված թերհարվահանագեղձային անբավարարությամբ, որը մանկական հասակում առաջացնում է ռախիտ, իսկ չափահաս օրգանիզմում՝ ցնցումային երևույթներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին