Ինքնավար և մարմնական նյարդային համակարգԻնքնավար և մարմնական նյարդային համակարգերի կառուցվածքում առաջին, և հիմնական, տարբերությունը կայանում է ԿՆՀ-ի նկատմամբ շարժիչ (էֆեկտոր) նեյրոնի տեղադրման մեջ։ Ինքնավար նյարդային համակարգի էֆեկտոր բջիջները տեղադրված են ողնուղեղից և գլխուղեղից դուրս։ Սիմպաթիկ նյարդային համակարգում ռեֆլեքսի իրագործմանը մասնակցող, ինչպես ներդիր, այնպես էլ շարժիչ, նյարդային բջիջները տեղադրված են ողնուղեղի գորշ նյութի ներսում:

Երկրորդ տարբերությունը վերաբերում է ինքնավար և մարմնական նյարդային համակարգի նյարդաթելերով մատակարարվող օրգանների նյարդավորմանը։ Ողնուղեղի փորային արմատիկների հատումն ուղեկցվում է արտատար մարմնական նյարդաթելերի կազմափոխումով, չընդգրկելով ինքնավար նյարդաթելերն այն առումով, որ դրանց էֆեկտոր նեյրոնները դուրս են հանված և տեղադրված են ծայրամասային որեէ հանգույցում։ Կատարողական օրգանները, ըստ էության, կառավարվում են միայն այդ նեյրոնների ազդակներով։ Այդ հանգամանքն է, որ ընդգծում է նյարդային համակարգի այդ բաժնի հարաբերականորեն ինքնավար լինելը։

Երրորդ տարբերությունը վերաբերում է նյարդաթելերի ելքին։ Մարմնական նյարդաթելերն ուղեղաբնից և ողնուղեղից հեռանում են հատվածներով և ծածկում են, ամենաքիչը, երեք հարևան հատվածների նյարդավորման շրջաններ։ Ինքնավար նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ԿՆՀ-ի իրարից որոշակի հեռավորության վրա գտնվող սահմանափակ հատվածներից՝ գանգային, կրծքագոտկային և սրբանային։ Այն նյարդաթելերը, որոնք դուրս են գալիս ողնուղեղի կրծքագոտկային բաժնից, ինչպես նաև նրանց հետ կապված հանգույցները, կոչվում են սիմպաթիկ, իսկ գանգային և սրբանային հատվածներից ընթացողները՝ պարասիմպաթիկ։ Ինքնավար ռեֆլեքսային աղեղների մի մասը, որը տեղադրված է ներքին օրգանների պատերի հանգույցներում (մետասիմպաթիկ նյարդային համակարգ), ընդհանրապես ԿՆՀ-ից ուղիղ ելքեր չունի։

Չորրորդ տարբերությունը վերաբերում է ծայրամասերում նյարդաթելերի տեղաբաշխմանը։ Մարմնական նյարդաթելերը բաշխված են հատվածային սկզբունքով, իսկ ինքնավար նյարդային համակարգի նյարդաթելերը, առանց բացառության, նյարդավորում են բոլոր օրգանները, որոնց մի մասն ունի երկակի կամ նույնիսկ եռակի նյարդավորում՝ սիմպաթիկ, պարասիմպաթիկ և մետասիմպաթիկ։ Բացի նշվածներից, գոյություն ունեն նաև խիստ մորֆոլոգիական տարբերություններ։ Ինքնավար նյարդային համակարգի նյարդաթելը հիմնականում զուրկ է միելինային թաղանթից, բարակ է, ունի 7 միկրոմետրից ոչ ավելի տրամագիծ, այն դեպքում, երբ մարմնական արտատար նյարդաթելերը հաստ են, միելինապատ, ունեն 12-14 մկմ-ի հասնող տրամագիծ։ Վեգետատիվ նյարդային համակարգի նախահանգուցային նյարդաթելերը պատկանում եե В խմբին և ունեն բարակ միելինապատ թաղանթ։ Հետհանգուցային նյարդաթելերը պատկանում են С խմբին, ունեն 3 մկմ–ից ոչ ավելի տրամագիծ, որոնց մեծ մասը միելինազուրկ է։ Այդ տարբերություններով է պայմանավորված նրանց ֆունկցիոնալ առանձնահատկությունները՝ հաղորդման արագությունը, խրոնաքսիան։ Ինքնավար բարակ նյարդաթելերով դրդումը տարածվում է ավելի դանդաղ, քան հաստ նյարդաթելերով և համապատասխանաբար կազմում է 1-3 ու 70-120 մ/վրկ։ Ինքնավար նյարդային համակարգում պատասխան ռեակցիաների առաջացման համար պահանջվում է օգտագործել ավելի մեծ ուժգնության գրգռիչներ, քանի որ նրա նյարդաթելերը բնութագրվում են մեծ ռեֆրակտեր շրջանով ու մեծ խրոնաքսիայով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին