Ինչպես մարմնական ռեֆլեքսային աղեղը, ինքնավար ռեֆլեքսի աղեղը նույնպես բաղկացած է երեք օղակներից՝ զգացող (սենսոր, աֆերենտ), զուգորդական (ներդիր) և էֆեկտոր։ Ողնուղեղային մակարդակի ինքնավար ռեֆլեքսային աղեղում զգացող օղակը կազմվում է ողնուղեղային կամ ծայրամասային հան¬ույցների բջիջներով։ Այն կարող է լինել ընդհանուր ինքնավար և սոմատիկ ռեֆլեքսային աղեղների համար։ Զգացող բջիջների ծայրամասային ելուստները ճյուղավորվում են ներքին օրգաններում, մաշկում, անոթների պատերում և այլն, իսկ կենտրոնականները միանում են որևէ հատվածի ներդիր նեյրոնների հետ։ Ներքին օրգանների ընկալիչներից առբերիչ նյարդաթելերը (ընդերային աֆերենտներ) սովորաբար ընթանում են համապատասխան վեգետատիվ նյարդերի կազմի մեջ։ Այդպիսի նյարդդաթելերին են պատկանում կրծքի, որովայնի և կոնքի խոռոչների աֆերենտները, որոնք ընթանում են թափառող, ընդերային և կոնքային նյարդերի հետ միասին։

Որոշ ընդերային ընկալիչներ ընկալում են օրգանի խոռոչի ճնշումը (օրինակ, զարկերակներում) կամ լցվածության աստիճանը (օրինակ, միզապարկում)։ Այլ ընկալիչներ ընկալում են օրգանների pH-ն ու էլեկտրոլիտների կազմը (օրինակ, ստամոքսում) կամ այդ օրգանների ցավային գրգիռները։ Ընդերային աֆերենտները մասամբ ողնուղեղ են մուտք գործում սոմատիկ զգացող նյարդաթելերի հետ միասին, և որոնց բջջային մարմինները նույնպես տեղադրված են ողնուղեղային հանգույցներում, իսկ կրծքի և որովայնի խոռոչների կենտրոնաձիգ ընդերային աֆերենտների մեծ մասն ընթանում է թափառող նյարդի կազմում, ուստի և կոչվում են վագուսային աֆերենտներ։ Թափառող նյարդի պարանոցային բաժնի նյարդաթելերի ընդհանուր բանակի, որը կատուների մոտ հասնում է 30 հազարի, 80-90 %-ը կազմում են աֆերենտ նյարդաթելերը։ Այդ թվի մոտավորապես 20 %-ը բաժին է ընկնում միելինապատ նյարդաթելերին։ Ինքնավար ռեֆլեքսի երկրորդ օղակը պարասիմպաթիկական համակարգի կենտրոնական կառույցների համար ներկայացված է միջին ուղեղում, երկարավուն ուղեղում ու սրբանային հատվածում տեղադրված նեյրոնային կուտակումներում, իսկ սիմպաթիկական համակարգի կենտրոնական կառույցների համար ողնուղեղի կրծքային և գոտկային հատվածներում։ Ինքնավար ռեֆլեքսային աղեղի երրորդ էֆերենտ օղակը կազմված է սիմպաթիկ և պարասիմպաթիկ հանգույցների հետհանգուցային (պոստգանգլիոնար) նեյրոններից, որոնց նյարդաթելերը ընթանում են դեպի նյարդավորվող օրգաններ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին