Միզային համակարգի վերին հատվածների փոփոխությունները զուգակցված միզապարկի փոփոխությունների (ծավալի մեծացում՝ մեգավեզիկա, պատերի հաստացում) հետ հանդիսանում են ինֆրավեզիկալ օբստրուկցիայի նշան: Առավել հաճախ օբստրուկցիայի պատճառն է հետին միզուկի կափյուրը (ՀՄԿ), որը իրենից ներկայացնում է դիաֆրագմա, որը ձգվում է veru montanum-ից դիստալ՝ առաջացնելով մեզի արտահոսքի խանգարում ամեն միզարձակության ժամանակ: ՀՄԿ-ն հանդիպում է միայն տղաների մոտ և ունի կլինիկական դրսևորումների լայն շրջան: Առավել ծանր ձևերը արտահայտվում են Պոտտերի համախտանիշով և բերում են մահվան նորածնային շրջանում՝ թոքերի հիպոպլազիայի հետևանքով, որը պայմանավորված է օլիգո/ահիդրամնիոնով: Մյուս կողմից կան թեթև ձևեր, որոնք ախտորոշվում են դպրոցական տարիքում՝ անմիզապահության կապակցությամբ հետազոտվելիս:

Պրենատալ ախտորոշումը թույլ է տալիս սկսել բուժումը արդեն իսկ նորածնային տարիքից, քանի որ այլ դեպքում կարող է զարգանալ սեպսիս, ռեսպիրատոր դիսթրես, դեհիդրատացիա, էլեկտրոլիտային խանգարումներ և որովայնի վքնածություն: Անհրաժեշտ է ժամանակավորապես դրենավորել միզապարկը բարակ տրանսուրեթրալ կաթեթերով, հետին միզուկի զգալի լայնացումների դեպքում տեղադրվում է վերցայլային կաթեթեր: Անհրաժեշտ է հակաբակտերիալ պրոֆիլակտիկա և երիկամային ֆունկցիայի մշտական հետազոտություն: Միկցիոն ցիստոուրեթրոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել ՀՄԿ և նրա հետևանքները՝ լայնացած հետին միզուկը, տրաբեկուլյառ միզապարկը, դիվերտիկուլներ, ՄՄՀ:  ՀՄԿ-ի հատումը իրականացվում է երեխայի վիճակի կայունացումից, երիկամային ֆունկցիայի կարգավորումից հետո: Հետագայում մոտ 1/3 դեպքերում զարգանում է չափավոր ՔԵԱ, 1/3-ի մոտ՝ տերմինալ ՔԵԱ: Գրեթե բոլոր հիվանդները ունեն միզապարկի ֆունկցիայի խանգարում, որի հետևանքով ողջ կյանքի ընթացքում հսկողության կարիք ունեն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին