Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հույզերի դինամիկայի խանգարումներն արտահայտվում են հուզական անկայունությամբ, դժվարաշարժությամբ և թուլահոգությամբ։
1. Հուզական անկայունությունը հույզերի արագ և հաճախակի կատարվող փոփոխությունն է, որն առաջանում է անկախ արտաքին գրգիռներից կամ էլ առանց որևէ էական ազդակի։ Հույզերն արտահայտվում են նեղվածության, մերժվածության, վիրավորանքի, երբեմն բողոքի ձևերով, որոնք զուգորդվում են արտահայտված դիմախաղով և ժեստիկուլյացիայով։ Մի քանի րոպեի ընթացքում այն կարող է ի չիք դառնալ և փոխարինվել լիովին հակառակ վիճակով։
2. Հույզերի դժվարաշարժությունը բնութագրվում է հույզերի շարժողականության և հարմարվողականության թուլացմամբ՝ փոփոխվող միջավայրի պայմաններում։ Դա արտահայտվում է նրանով, որ հիվանդը «խորասուզվում է» մեկ հույզի մեջ և չի կարողանում «դուրս գալ» անգամ այն ժամանակ, երբ այդ հույզի «կարիքն» այլևս չկա։
3. Թուլահոգությունը հուզական հակազդումների կամային «սանձահարման» անհնարինությունն է և արտահայտվում է անզուսպ արցունքներով, լացով գորովանքի ֆոնի վրա։
Հույզերի դինամիկայի խանգարումները բնորոշ են նևրոտիկ (ասթենիկ, հիստերիկ), աբստինենտ վիճակներին, դիտվում են փսիխոօրգանական համախտանիշի շրջանակներում, անձի էպիլեպտոիդ բնույթի խանգարումների, ինչպես նաև՝ գիտակցության դելիրիոզ վիճակի շրջանակներում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին