Հոտառական օրգանը (organum olfactus) ունի քթի վերին, մասնակիորեն միջին խեցիներ և միջնապատ՝ ծածկված լորձաթաղանթով: Արտաքինից հոտառական շրջանը լորձաթաղանթի շնչառական մասից տարբերվում է դեղնավուն գույնով: Զարգացումը նման է աչքի գավաթի զարգացմանը: Օնտոգենեզի ընթացքում հոտառական օրգանը տեսողականի նման սերտորեն կապված է կենտրոնական նյարդային համակարգին՝ սաղմնավորվելով մեկ ընդհանուր սաղմնային թերթիկում: Ընդ որում, հոտառական օրգանի զույգ սաղմնավորումը սաղմում նրա ամենաառաջային եզրն է՝ էկտոդերմի սահմանի վրա:

Հետագա զարգացման ընթացքում հոտառական անալիզատորի ծայրամասը անջատվում է կենտրոնական նյարդային համակարգի սաղմից և հոտառական նյարդի միջոցով կապվում անալիզատորի կենտրոնական մասերի հետ: Հոտառական օրգանի սաղմերը նյարդային թիթեղից անջատման պահին նկատվում են նրա առաջային եզրին՝ հոտառական զույգ փոսիկների տեսքով: Գլխի աճով պայմանավորված՝ այդ սաղմերը հետագայում փոխադրվում են վերին և միջին քթային խեցիներ (հոտառական շրջան): Սաղմի 4–րդ ամսում հոտառական փոսիկների պատերը առաջացնող տարրերից ձևավորվում են նեցուկային էպիթելոցիտները և հոտառական նեյրոսենսոր բջիջները: Հոտառական բջիջների աքսոնները, իրար հետ միանալով, կազմում են 20–40 նյարդային խրձեր (հոտառական թելեր fila olfactoria), որոնք սաղմի ապագա մաղոսկրի աճառի անցքերով անցնում են դեպի գլխուղեղի հոտառական կոճղեզներ: Այստեղ շփվում են սահմանային աքսոնների և հոտառական կոճղեզների նեյրոնների դենդրիտների նյարդակապերը: Սաղմնային էպիթելանման հոտառական ծածկի որոշ հատվածներ, խորասուզվելով ենթադիր շարակցական հյուսվածքի մեջ, վերափոխվում են հոտառական գեղձերի: Կառուցվածքը:

Հոտառական ծածկը կազմված է 60–90 մկմ հաստությամբ էպիթելանման շերտից, որտեղ տարբերում են հոտառական նեյրոսենսոր, նեցուկային և հիմային էպիթելոցիտներ: Ենթադիր շարակցական հյուսվածքից նրանք բաժանված են լավ արտահայտված հիմային թաղանթով: Հոտառական ծածկի՝ դեպի քթի խոռոչ դարձած մակերեսը պատված է լորձի շերտով: Ընկալիչ կամ նեյրոսենսոր հոտառական բջիջները (cellulae neurosensorial olfactoria) դասավորված են նեցուկային էպիթելոցիտների միջև և ունեն կարճ, ծայրային (պերիֆերիկ) ելուստներ՝ դենդրիտներ և կենտրոնական երկար աքսոն: Կորիզ պարունակող մասերը, որպես կանոն, միջին դիրք են զբաղեցնում հոտառական ծածկի հաստության մեջ: Շները ունեն լավ զարգացած հոտառության օրգան, որում հաշվվում է շուրջ 225 մլն. հոտառական բջիջ: Դրանց թիվը մարդու մոտ շատ ավելի քիչ է՝ շուրջ 6 մլն (30 հազար ընկալիչ 1 մմ2 վրա): Հոտառական բջիջների ելուստների հեռավոր մասերը վերջանում են բնորոշ հաստացումներով՝ հոտառական լախտերով (clava olfactoria): Բջիջների հոտառական լախտերը իրենց կլորավուն գագաթներին ունեն 10–12 սուր և շարժուն հոտառական թարթիչներ: Հայտնաբերվել են նաև այնպիսի բջիջներ (մինչև 10%), որոնք իրենց մակերեսին ունեն միայն միկրոթավիկներ: Ելուստների ցիտոպլազման պարունակում է միտոքոնդրիումներ և մինչև 20 նմ տրամագծով ելուստի առանցքի ուղղությամբ ձգված միկրոխողովակներ:

Այդ բջիջների կորիզի շուրջ պարզորոշ արտահայտված է հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը: Լախտի թարթիչները պարունակում են զուգահեռ թելիկներ՝ 9 զույգ ծայրամասային և 2 կենտրոնական, որոնք դուրս են գալիս հիմային մարմնիկներից: Հոտառական թարթիչները շարժուն են և հոտավետ նյութերի մոլեկուլների յուրօրինակ ընկալիչներ: Հոտառական բջիջների ծայրամասային ելուստները հոտավետ նյութերի ազդեցությամբ կարող են կրճատվել: Հոտառական բջիջների կորիզներն ունեն բաց գունավորում, մեկ կամ երկու խոշոր կորիզակներ: Բջջի հիմային մասերը վերափոխվում են նեղ, փոքր–ինչ ոլորված աքսոնի՝ անցնելով դեպի հենարանային բջիջներ: Շարակցահյուսվածքային շերտում կենտրոնական ելուստները կազմում են միելինազուրկ հոտառական նյարդի խրձեր, որոնք ձևավորում են 20–40 թելաձև ցողունիկներ (fila olfactoria):

Սրանք մաղոսկրի անցքերով անցնում են դեպի հոտառական կոճղեզներ:Նեցուկային էպիթելոցիտները (epitheliocytus sustentans) ձևավորում են բազմակորիզ էպիթելային շերտ, որտեղ գտնվում են նեցուկային էպիթելոցիտներով բաժանված հոտառական բջիջներ: Նեցուկային էպիթելոցիտների գագաթային երեսին կան բազմաթիվ միկրոթավիկներ՝ մինչև 4 մկմ երկարությամբ: Նեցուկային էպիթելոցիտներն ունեն ապոկրին արտազատական հատկություններ և բարձր նյութափոխանակություն: Նրանց բջջանյութում կա էնդոպլազմատիկ ցանց, որը տեղադրված է բջջի առանցքի երկարությամբ: Միտոքոնդրիումները մեծ մասամբ կուտակվում են ծայրամասում, որը հարուստ է հատիկներով և բշտերով: Ներբջջային ցանցային ապարատը վերկորիզային դիրք ունի: Նեցուկային բջիջների բջջանյութը դեղնաշագանակագույն պիգմենտ է պարունակում, որի պատճառով հոտառական շրջանն ունի դեղին գույն: Հիմային էպիթելոցիտները (epithelicytus basales) գտնվում են հիմային թաղանթի վրա և ունեն ցիտոպլազմային արտափքումներ, որոնք շրջապատում են հոտառական բջիջների կենտրոնական ելուստները: Նրանց ցիտոպլազման ունի հարաբերական հարթ ուրվագծեր՝ լցված ռիբոսոմներով և զուրկ տոնոֆիբրիլներից: Ենթադրվում է, որ հիմային էպիթելոցիտները ընկալիչ բջիջների վերականգնման աղբյուր են: Հոտառական շրջանի մոտ գտնվող փուխր թելակազմ շարակցական հյուսվածքում դասավորված են ալվեոլա–խողովակակազմ գեղձերի ծայրային բաժինները, որոնք արտադրում են մուկոպրոտեիդներ պարունակող արտադրուկ:

Ծայրային բաժինները կազմված են երկակի բնույթի տարրերից, որոնք արտաքինից ծածկված են տափակ միոէպիթելային բջիջներով, իսկ ներսից՝ այնպիսի բջիջներով, որոնց արտազատումը իրականանում է մերոկրինային տիպով: Նրանց պարզ, ջրային արտազատուկը նեցուկային էպիթելոցիտների արտադրուկների հետ խոնավացնում են հոտառական ծածկի մակերեսը, որը հոտառական բջիջների գործունեության անհրաժեշտ պայման է: Հոտառական թարթիչները ողողող արտադրուկում լուծվում են հոտավետ նյութերը. միայն այս դեպքում են ընկալվում ընկալիչ սպիտակուցների կողմից, որոնք ներկառուցված են հոտառական բջիջների թարթիչների թաղանթի մեջ:Անոթավորումը: Քթի խոռոչի լորձաթաղանթը հարուստ է արյան և ավշային խիտ անոթներով: Միկրոցիրկուլյատոր տիպի անոթները խորշիկավոր մարմիններ են հիշեցնում: Սինուսոիդային տիպի մազանոթները կազմում են հյուսակներ, որոնցում կարող է արյուն կուտակվել: Ջերմային ուժեղ գրգռիչների և հոտավետ նյութերի մոլեկուլների ազդեցության տակ քթի լորձաթաղանթը կարող է խիստ այտուցվել և պատվել լորձի հաստ շերտով, որը դժվարացնում է ընկալումը:Տարիքային փոփոխություններ: Դրանք հաճախ պայմանավորված են կյանքի ընթացքում կրած բորբոքային պրոցեսների (ռինիտներ) հետ, որոնք նպաստում են ընկալիչ բջիջների ապաճմանը և շնչական էպիթելի աճին:Վերականգնում: Պոստնատալ օնտոգենեզում կաթնասունների հոտառական ընկալիչ բջիջների նորացումը կատարվում է 30 օրվա ընթացքում: Կենսական ցիկլի վերջում նեյրոնները ենթարկվում են քայքայման: Հիմային շերտի քիչ տարբերակված նեյրոնները ընդունակ են միտոտիկ բաժանման և զուրկ են ելուստներից: Նրանց տարբերակման գործընթացում ավելանում է բջիջների ծավալը, առաջանում են մասնագիտացված ողնառանցքները և աքսոնները, որոնք տարածվում են դեպի հիմային թաղանթը: Բջիջներն աստիճանաբար տեղաշարժվում են մակերես՝ փոխարինելով մահացած նեյրոններին: Դենդրիտի վրա ձևավորվում են մասնագիտացված կազմավորումներ (միկրոթավիկներ և թարթիչներ): 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին