Մոտիվացիաների մակարդակում կամային ոլորտի հակումների և մոտիվների պերվերզիվ (սեռական հակման բավարարման աղավաղման ձև) խանգարման հիմնական տարբերակներից է` նորմալ սեռական կյանքի բացակայության պայմաններում: Նույն սեռի հանդեպ սեռական հակման դրսևորումն է, որը լիովին բավարարում է այդ անձի սեռական հակումները, այն կանանց մոտ կոչվում է լեսբիականություն, իսկ տղամարդկանց մոտ՝ արվամոլություն: Հոմոսեքսուալիզմը սեքսուալ կողմնորոշման մի տարբերակ է, որի ժամանակ էմոցիոնալ և էրոտիկ կապվածություն առաջանում է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ։Հետաքրքիր է, որ հոմոսեքսուալիզմը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում։

Ավելի քան 450 տեսակի կենդանիների մոտ դիտարկված է հոմոսեքսուալ վարք, որի դրդապատճառները բազմատեսակ են` սեքսուալ լարվածության լիցքաթափում, հատկապես սեռային տարանջատման և մեկուսացման պայմաններում, կապվածության և քնքշանքի դրսևորում, իշխանության և ենթակայության հիերարխիկ հարաբերությունների արտահայտում, մանկական դերային խաղեր։ Ընդ որում` այս դրդապատճառները ոչ միշտ են բացառում մեկը մյուսին։Ըստ բիոսոցիոլոգիայի` հոմոսեքսուալ վարքի ադապտատիվ նշանակությունը ներխմբային սոցիալ լարվածության և սեքսուալ մրցակցության, գերբնակեցման սպառնալիքի և ապրուստի միջոցների սակավության համար պայքարի թուլացումն է։ Մյուս կողմից, սերունդ չթողնելով, հոմոսեքսուալ անհատները հավասարապես մասնակցում են նյութական և հոգևոր արժեքների ստեղծմանը, որը կարելի է դիտել իբրև այսպես կոչված «հոմոսեքսուալ ալտրուիզմի» յուրօրինակ դրսևորում, իսկ մշակույթի ստեղծումը պակաս կարևոր չէ հասարակության պահպանման և բարգավաճման համար։

1973 թ.-ին, երկարատև և համառ պայքարից հետո, Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիան ձայների շատ քիչ առավելությամբ հանեց հոմոսեքսուալիզմը հոգեկան հիվանդությունների շարքից։ Ախտորոշումների պաշտոնական ցուցակում` DSM-III, 1980, պահպանվեց միայն այսպես կոչված «էգո-դիստոնիկ հոմոսեքսուալիզմը», որի դեպքում հոմոսեքսուալ անհատը սուր դժգոհություն է ապրում իր սեքսուալ օրիենտացիայից և ցանկություն ունենում ձերբազատվելու դրանից։ Բայց 1987 թ.-ին այս ախտորոշումը ևս մերժվեց։
1993 թ.-ին Առողջապահության միջազգային կազմակերպությունը նույնպես վերանայեց իր մոտեցումները այս հարցի կապակցությամբ։ Հիվանդությունների միջազգային դասակարգում-10-ում «Սեռական զարգացման և օրիենտացիայի հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումների» F66 բաժնում ծանոթագրության կարգով նշվում է, որ սեքսուալ օրիենտացիան ինքնին չի կարող իբրև խանգարում դիտվել և առանձնացվում է անհատին անհանգստացնող օրիենտացիայի 3 տարատեսակներ` հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ, բիսեքսուալ։
1995-ին խնդրի նման մոտեցմանը միացավ Ճապոնիան, 2001-ին` Չինաստանը։Հոմոսեքսուալիզմի` այսուհետ որպես հիվանդություն չդիտելու մոտեցման հիմքում ամենևին էլ ընկած չեն քաղաքական դրդապատճառները կամ ազդեցիկ հոմոսեքսուալների կողմից ծավալված քարոզարշավները։ Հայացքների արմատական վերափոխման հիմքում ընկած են սեռականության և սեռական առողջության պատկերացումների և հենց գիտության փիլիսոփայության խորը փոփոխությունները։Այսօր գիտությունը, այդ թվում` նաև բժշկագիտությունը, հրաժարվում է կտրուկ նորմատիվային մոտեցումից։ «Նորմա» հասկացությունը կենսաբանության և բժշկության մեջ չի կարելի միանշանակորեն մեկնաբանել։

Մի կողմից` նորման այն նորմատիվ ցուցանիշն է կամ էտալոնը, որին պետք է ձգտել մոտենալ առավելագույնս, սակայն հարց է ծագում` ինչու՞ հենց այդ, այլ ոչ մեկ ուրիշ էտալոն` հաստատված այլ հաշվարկային համակարգով, որը հավասարապես հավանական և հետևաբար` ստույգ է։Մյուս կողմից` նորման դիտվում է իբրև վիճակագրական միջին` առավել հաճախ հանդիպող, զանգվածային բնույթ կրող չափանիշ, սակայն ժամանակակից գիտությունը նորմալ է համարում նաև այդ վիճակագրական միջինից որոշակի շրջանակներում շեղվող ցուցանիշը։
Եվ վերջապես, եթե ընդունենք նորման իբրև որոշակի ֆունկցիոնալ օպտիմում, որն ապահովում է համակարգի գործունեության առավելագույն հուսալիություն, հարթ, առանց խափանումների գործառում, տնտեսապես ձեռնտու և արդյունավետ ընթացք, ապա չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական ֆունկցիոնալ նորման, որից շեղումը որոշվում է ոչ թե վիճակագրական միջինով, այլ այդ շեղման ֆունկցիոնալ հետևանքներով։

Երբ խոսքը սեռական ոլորտի մասին է, վերոնշյալ զուտ մեթոդոլոգիական չափումները քննություն չեն բռնում, և հարց է առաջանում` «ինչի՞ նորման»` բարոյականությա՞ն, ֆիզիոլոգիայի՞, թե՞ հոգեբանության, որոնք, բացի նրանից, որ կարող են միևնույն հաջողությամբ ինչպես համընկնել, այնպես էլ` ոչ, ունեն հաշվարկման տարբեր համակարգեր և չափանիշներ, որոնք առավել ևս փոխվում են պատմության ընթացքում։Սեքսուալ վարքը ոչ միշտ է հետապնդում վերարտադրողական նպատակներ, և հակառակը` վերարտադրման նպատակով իրականացվող սեռական հարաբերությունը կարող է չուղեկցվել հեշտանքի զգացումով։Սեռական բավարարվածության շատ ձևեր, կապ չունենալով սերնդաշարունակման հետ` միանգամայն կարևոր են անձի հոգեկան առողջության և բարեկեցության համար։ Այստեղից բխում է, որ անձը ունի ոչ միայն վերարտադրողական, այլև սեքսուալ իրավունքներ։

Սեքսոլոգների համաշխարհային ասոցիացիան 1997-ին ընդունել է «Սեքսուալ իրավունքների դեկլարացիա», որում ասվում է` «Սեքսուալությունը ցանկացած անձի անբաժան մասն է, որի լիարժեք զարգացումը կախված է Հոմոսեքսուալիզմմարդու այնպիսի հիմնարար պահանջմունքների բավարարումից, ինչպիսիք են շփումը, ինտիմ կապը, հույզերի արտահայտումը, հաճույքը, քնքշանքը և սերը»։ Սեռական ազատությունը անհատի սեքսուալ պոտենցիալի լիարժեք դրսևորման հնարավորությունն է, որը, իհարկե, բացառում է սեքսուալ հարկադրանքի, չարաշահման կամ շահագործման որևէ տարատեսակ` կյանքի ցանկացած պահերին և պարագաներում։Ժամանակակից գիտությունը գտնում է, որ սեռական առողջությունը և իրավունքները միևնույն մեդալի երկու կողմերն են։ Հասարակության խնդիրը մարդկանց միատիպ դարձնելը չէ` փոխելով նրանց սեքսուալ օրիենտացիան (եթե նույնիսկ դա հնարավոր լիներ), այլ նրանց օգնելը, որպեսզի հասնեն հոգեկան, սոցիալական և սեքսուալ առավելագույն բարեկեցության։Այսօր հոմոսեքսուալիզմի «բուժմամբ» զբաղվում են կրոնական ֆունդամենտալ կազմակերպությունները, հնադավան, կարծրացած մտածողությամբ հոգեվերլուծաբանները։ Եվ նրանց կողմից արձանագրվող «հաջողությունները» հիմնականում պայմանավորված են նրանով, որ հաճախ տղամարդիկ չեն կարողանում տարբերակել իրարից հոմոսոցիալ` հուզականռոմ անտիկ և հոմոսեքսուալ` սեքսուալ-էրոտիկ զգացմունքներն ու կապվածությունը, ինչը ծնում է մեկը մյուսով փոխարինելու շփոթմունք։Այսպիսով, համաշխարհային գիտությունն այսօր հաստատապես պնդում է, որ հոմոսեքսուալիզմը հոգեկան խանգարում չէ և ենթակա չէ բուժման։Սակայն սա չի նշանակում, որ հոմոսեքսուալ անձինք զերծ են հոգեկան ապրումների հետևանքով զարգացող դժվարություններից, որոնք վնասակար են նրանց հոգեկան առողջությանը։Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոմոսեքսուալների նկատմամբ խտրականության և ստիգմատիզացիայի (պիտակավորման) հետևանքով վերջիններս առավել հակված են դեպրեսիաների և սուիցիդալ փորձերի։ Թշնամաբար տրամադրված «հոմոֆոբների» միջավայրում հոմոսեքսուալներից մեծ ճիգեր են պահանջվում նևրոտիզացիայից խուսափելու համար։ Բացի այդ, դժվար է համընդհանուրից տարբերվելու քաջություն և համարձակություն ունենալ, մենակության զգացմանը դիմակայելու ուժ գտնել։ Հետևաբար, հոմոսեքսուալները ևս հոգեթերապևտիկ օգնության կարիք ունեն, ընդ որում` հոգեթերապևտից պահանջվում է հատուկ ըմբռնողականություն և խոհեմ վերաբերմունք։Գոյություն ունեն սեքսուալ օրիենտացիայի ձևավորման մասին մի շարք տեսություններ։ Կենսաբանական տեսանկյունից խնդրին մոտեցող գիտնականները փորձում են հաստատել սեքսուալ օրիենտացիայի` ի սկզբանե տրված լինելու համոզմունքը։ Մեծաքանակ հետազոտություններ են կատարվում հոմոսեքսուալիզմի գենի, էնդոկրին շեղումների, նյարդաֆիզիոլոգիական փոփոխությունների հայտնաբերման ուղղությամբ։Սոցիոլոգները արմատապես այլ կերպ են դիտարկում խնդիրը։ Ըստ սոցիալ կոնստրուկտիվիզմի տեսության` սեքսուալ օրիենտացիան մշակույթի և հասարակության կողմից ձևավորվող կատեգորիա է։ Այսպես, սեքսուալ սցենարների տեսության համաձայն` սեռականությունը թեև հիմնվում է կենսաբանական որոշակի հենքի վրա, բայց մեծապես կանխորոշվում է պատմությամբ և մշակույթով։ Մեր էրոտիկ նախընտրությունները ոչ թե կենսաբանական ժառանգություն են, այլ առաջադրվում են մշակույթի կողմից։ Մարդկանց մեծ մասը նույն սեռի ներկայացուցչի հետ սեքսուալ կապը համարում է որակապես տարբեր, արտասովոր մի բան` դրա կրողներին վերագրելով յուրահատուկ հատկանիշներ։ Այնուհետև սկսվում է այդ անսովոր երևույթի պատճառների փնտրտուքը, ինչը երբեք չի արվում հետերոսեքսուալ վարքի վերաբերյալ։Այսօր մենք ականատես ենք սեքսուալ սցենարների փոփոխմանը:Շփումների շրջանակի լայնացումը բերում է Ես-ի կառուցվածքի ընդլայնմանը, հեշտացնում ժամանակակից մարդու կողմից իր սեռականության ոչ կաղապարված ընդունումը, նպաստում սեքսուալ նախընտրությունների ճկունության, շարժունակության և բազմազանության հաստատմանը։ Կարևոր է դառնում ոչ թե հոմո- կամ հետերոսեքսուալ լինելու խնդիրը, այլ սեփական սեռականության մեջ ամբողջովին բացահայտվելու և հաստատվելու պահանջը։ Հավասարապես մեծանում է հետաքրքրությունը հետերոսեքսուալ սցենարների ուսումնասիրման և դրանց զարգացման պայմանների հետազոտման վերաբերյալ։

Նմանատիպ է այսպես կոչված մարկերային տեսությունը, որի առանցքային գաղափարը հոմոսեքսուալներին տրվող դրոշմն է` ստիգմատիզացիան։ Դրոշմը ուղղակի իմաստով մարմնի վրա դաջված կամ «փորագրված» անջնջելի տարբերակիչ նշանն է, իսկ տվյալ դեպքում այն ունի համապատասխան փոքրամասնության նկատմամբ խտրականության և ճնշման գործադրման բովանդակություն։ Հոմոսեքսուալ դրոշմավորումը հոմոսեքսուալներին «փակցվող» այն պիտակն է, որի նշանակությունը խիստ  բացասական երանգ ունի։ Ընդհանրապես, ցանկացած տիպի դրոշմավորում համապատասխան փոքրամասնության հոգեկանի և ինքնագիտակցության վրա խորը հետք է թողնում` ծնելով ցածր ինքնագնահատական, նևրոզներ։ Դրոշմը և դրոշմված լինելու վախը գործում են ինքնաիրականացող տարբերակով. տղան, որն իր վարքով «կանացի է», անընդհատ հետապնդվում է հասակակիցների կողմից այդ վարքի համար, արդյունքում` ինքը ևս սկսում է կասկածել իր առնականությանը և նախանձել իրենից առնական տղաներին, ի վերջո ընդունելով այն դերը, որը այդպես համառորեն և շարունակաբար վերագրվել է շրջապատի կողմից, թեև գիտակցում է այդ դերի ամոթալիությունը։ Ներարկված հոմոֆոբիան, սեփական սեռականության հանդեպ հասարակության կողմից պարտադրված բացասական վերաբերմունքը շատ հոմոսեքսուալների տանջող հոգեբանական խնդիր է։ Գոյություն ունեն դրոշմավորման հանդեպ վերաբերմունքի այլ տարատեսակներ, որոնց ընտրությունից մեծապես կախված է մարդու ճակատագիրը և վարքը կրիտիկական պահերին։

Գոյություն ունի ևս մի հետաքրքիր տեսություն, որն առաջադրվել է Մ. Ֆուկոյի կողմից։ Նա գտնում է, որ կարևորը այն չէ, թե ինչ են անում մարդիկ, այլ այն, թե ինչ են նրանք խոսում։ Խոսքը և բառերը մեր մտքերի և զգացմունքների սոսկ հասարակ արտահայտումը չեն, այլ սոցիալ հսկողության յուրահատուկ ձև։ Ֆուկոն գտնում է, որ հասարակությունը հսկում է իրեն ոչ ցանկալի երևույթների հայտնվելը` խոչընդոտելով դրանց բառային համարժեքների հայտնվելուն։ Անտիկ աշխարհին ծանոթ էր միասեռ սիրո գաղափարը, բայց մարդկանց երբեքչէին դասակարգում ըստ այդ հատկանիշի։ Միասեռ սիրո մասին խոսվում էր ազատ, առանց վախի, քննարկվում էր դրա բացասական և դրական կողմերը, համեմատվում հակառակ սեռի հանդեպ սիրո հետ։ Միջնադարյան քրիստոնեությունը մարդկանց ցանկացած արարք, այդ թվում և սեքսուալ վարքը, դասակարգում էր որպես ճիշտ կամ սխալ։ Բուրժուական հասարակության կողմից հոմոսեքսուալ ցանկության առարկայացումը և մարդկանց հատուկ խմբի` հոմոսեքսուալների առանձնացումը հասարակական հսկման հնարավորություն տվեց` բժշկական, իրավական, մանկավարժական միջոցների կիրառմամբ, որը ճնշման և մարդկանց մի խմբի կողմից մյուսներին կառավարելու լավագույն եղանակ է։Իհարկե, նշված տեսություններից յուրաքանչյուրն էլ ունի իր թերի կողմերը,  բայց չի կարելի հերքել դրանց նշանակությունը սեքսուալության հետագա ուսումնասիրման և նորանոր բացահայտումների գործում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին