Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հիպոթիմիան կամ հույզերի թուլացումն արտահայտվում է թախիծով, տագնապով, վախով, շփոթվածությամբ և դեպրեսիայով։Հիպոթիմիաները հիմնականում դիտվում են նևրոտիկ, դեպրեսիվ, դեպրեսիվ-զառանցանքային համախտանիշների կառուցվածքում, ինչպես նաև՝ սուր ցնորքների և պատրանքների, գիտակցության խանգարումների ժամանակ։Հիպոթիմիան հուզական վիճակների և հակազդումների ախտահարման ձևերից է (հիպոթիմիա, հիպերթիմիա, պարաթիմա) և արտահայտվում է հետևյալ խանգարումներով։
1. Թախիծ
Հուզական վիճակ է, տխրության և ճնշվածության գերակշռմամբ և հոգեկան բոլոր պրոցեսների ընկճվածությամբ։
2. տագնապ
Բնութագրվում է ներքին հուզմունքով, անհանգստությամբ, լարվածությամբ, առավելապես՝ կրծքավանդակի շրջանում։ Զուգորդվում է սպասվելիք դժբախտության և փորձանքի կանխազգացումով, ապագայի հանդեպ հոռետեսական մտավախություններով։ Ի տարբերություն թախիծի՝ տագնապը ակտիվացնող աֆեկտ է։ Իսկ վախից տարբերվում է նրանով, որ չունի կոնկրետ «առարկա»՝ տարածված և տարրալուծված աֆեկտ է։ Տագնապին բնորոշ են երեք խումբ ախտանիշ՝

  • Հոգեկան - անհանգստություն, դող, անօգնականություն, անվստահություն,
  • Հոգեշարժական - համապատասխան դիմախաղ, գրգռվածություն կամ ճնշվածություն՝ ընդհուպ մինչև ռապտուս կամ ստուպոր,
  • Վեգետատիվ - արյան ճնշման բարձրացում, պուլսի և շնչառության հաճախացում, բբերի լայնացում, լորձաթաղանթների չորություն, գունատություն, քրտնարտադրություն:)

3. Վախ
հուզական վիճակ է, որի բովանդակությունն է կազմում սեփական «ես»-ի բարեկեցությանը կամ կյանքին սպառնացող վտանգի երկյուղը կամ անհանգստությունը։ Վախի (ինչպես նաև տագնապի) հակվածությունը կախված է սեռից, տարիքից, անձնային առանձնահատկություններից, անձի սոցիալական ուղղվածությունից, ֆիզիկական և հոգեկան առողջությունից, ինչպես նաև այն նշանակությունից ու արժեքից, որ տալիս է անձը կենսական կամ սոցիալական վտանգին։
Առանձնացնում են վախի հետևյալ տեսակները՝
ըստ դրսևորումների երանգների և ձևի՝

  • Ասթենիկ (ընդարմացում, թուլություն, գործողությունների աննպատակահարմարություն)
  • Սթենիկ (խուճապ, փախուստ, ագրեսիա),

ըստ արտահայտվածության՝
1. խուճապ (հանկարծակի և կարճատև վախ, որն առաջանում է իրավիճակի անսպասելի, սակայն դեռ չգիտացված, փոփոխության պայմաններում),

2. երկյուղ (աստիճանաբար առաջացող վախի զգացում, որը կապված է երկարատև ազդող վտանգի գիտակցման հետ, և այն կարող է ունենալ որոշակի լուծում), սարսափ (վախի առավելագույն արտահայտվածություն բանականության ճնշման պայմաններում՝ «խելահեղ վախ»),
ըստ դրսևորումների ծագումնաբանության`
1. վիտալ վախ (վախը ծագում է սեփական մարմնից),
2. ռեալ վախ (վտանգը բխում է շրջապատից),
3. բարոյական կամ խղճի վախ (վախը ծագում է անձի մղումների և արժեքների վերարժեքավորման (քայքայման) հետևանքով),

ըստ զարգացման փուլերի՝

  • Անվճռականություն,
  • Անվստահություն,
  • Շփոթություն,
  • Վախկոտություն (երկչոտություն),
  • Տագնապ,
  • Վախ,
  • Սարսափ։

4. շփոթվածություն
Փոփոխական, անկայուն հուզական վիճակ է, որն արտահայտվում է տարակուսանքով և անօգականությամբ:
5. դեպրեսիա
Տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին