Հիպոթալամուսը ներզատիչ ֆունկցիաների բարձրագույն և վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ուղեղային կենտրոնն է: Այն հսկում է և ինտեգրացնում օրգանիզմի ընդերային բոլոր ֆունկցիաները և ամբողջացնում կարգավորման ներզատիչ և նյարդային մեխանիզմները: Նյարդային և ներզատիչ համակարգերի միացման հիմնանյութը նեյրոսեկրետոր բջիջներն են, որոնք մարդու և բարձրագույն ողնաշարավորների մոտ տեղադրված են հիպոթալամուսում: Մեդիալ բարձրությունը (eminentia medialis) հիպոթալամո–հիպոֆիզար համակարգի նեյրոհեմալ օրգանն է: Այն կազմված է էպենդիմայից, որի առանձին գլիալ բջիջները տարբերակվում են ճյուղավորված ելուստներ ունեցող տանիցիտների (tanicyti): Ելուստները շփվում են առաջնային հիպոթալամո– հիպոֆիզար արյան շրջանառության պորտալ համակարգի առաջնային մազանոթային ցանցի կծիկների հետ:

Հիպոթալամո– հիպոֆիզար համակարգում կուտակվում են հիպոթալամուսի կողմից արտադրվող ադենոհիպոֆիզոտրոպ նեյրոհորմոններ:Վերջիններս հետագայում անցնում են հիպոֆիզի պորտալ համակարգ: Հիպոթալամո–նեյրոհիպոֆիզար համակարգում նեյրոհեմալ օրգանների համանմանը նեյրոհիպոֆիզն է (հիպոֆիզի հետին բլիթը), որը կուտակում է հետագայում արյան հոսքի մեջ արտադրվող առաջային հիպոթալամուսի նոնապեպտիդային նեյրոհորմոններ:

Սեկրետոր նեյրոններ: Հիպոթալամուսի գորշ նյութում առանձնացվում են զույգ կորիզներ (մոտ 30), որոնք խմբավորվում են նրա առաջային, միջին (մեդիոբազալ և տուբերալ) և հետին բաժիններում: Առաջային հիպոթալամուսում տեղադրված են զույգ սուպրաօպտիկ (nuclei supraoptici) և պարավենտրիկուլյար (nuclei paraventriculares) կորիզներ: Սուպրաօպտիկ կորիզները առաջանում են խոշոր խոլիներգիկ (պեպտիդոադրեներգիկ) նեյրոսեկրետոր բջիջներում, որոնք ինչպես պերիկարիոններում, այնպես էլ ելուստներում ունեն խոշոր սեկրետոր հատիկներ: Այդ բջիջների աքսոնները մեդիալ էմինենցիայով և հիպոֆիզար ոտիկով անցնում են հիպոֆիզի հետին բիլթ և հաստացած տերմինալներով վերջանում են արյունատար մազանոթների վրա: Պարավենտրիկուլյար կորիզները ավելի բարդ կառուցվածք ունեն: Նրանց կենտրոնական խոշոր բջջային մասը կազմված է նույնպիսի խոշոր խոլիներգիկ բջիներից, ինչպես սուպրաօպտիկ կորիզում: Նշված երկու կորիզում խոշոր նեյրոսեկրետոր բջիջները արտադրում են սպիտակուցային «նոնպեպտիդային» նեյրոհորմոններ՝ վազոպրեսին կամ հակամիզամուղային հորմոն (ՀՄՀ) և օքսիտոցին, որոնք աքսոններով գնում են դեպի հիպոֆիզի հետին բիլթ: Մարդու հակամիզուղային հորմոնի արտադրումը կատարվում է հիմնականում սուպրաօպտիկ կորիզում, այն դեպքում, երբ օքսիտոցինի արտադրումը գերիշխում է պարավենտրիկուլյար կորիզների խոշոր բջջային մասում:

Պարավենտրիկուլյար կորիզի մասը կազմված է մանր ադրեներգիկ նեյրոսեկրետոր բջիջներից: Այդ բջիջների աքսոնները ուղղվում են դեպի մեդիալ էմինենցիա: Միջին հիպոթալամուսի (մեդիոբազալ և տուբերալ) կորիզներում նրանց մանր ադրեներգիկ (պեպտիդոադրեներգիկ) նեյրոսեկրետոր բջիջները արտադրում են ադենոհիպոֆիզատրոպ նեյրոհորմոններ, որոնց օգնությամբ հիպոթալամուսը հսկում է ադենոհիպոֆիզի հորմոնաստեղծ գործունեությունը: Այդ նեյրոհորմոնները իրենց բնույթով ցածր մոլեկուլային օլիգոպեպտիդներ են և բաժանվում են լիբերինների, որոնք խթանում են արտազատումը և, հավանաբար, հորմոնների պրոդուկցիան հիպոֆիզի առաջային և միջին բլթերում և ստատինների, որոնք ընկճում են ադենոհիպոֆիզի ֆունկցիան: Այդ մասի կարևոր կորիզները տեղակայված են հիպոթալամուսի գորշ թմբում (tuber cinereum)` աղեղնաձև կամ ինֆուդիբուլյար (n. arcuatus seu imfundibularis), աղեղնաձև հիպոֆիզար ոտիկը գրկող վենտրոմեդիալ (n. ventromedialis) և դորսոմեդիալ (n. dorsomedialis): Հիպոթալամիկ լիբերինները և ստատինները արտադրվում են աղեղնաձև և վենտրոմեդիալ կորիզներում, ինչպես նաև պարավենտրիկուլյար կորիզի մանրաբջջային մասի մանր պեպտիդոադրեներգիկ և համանման բջիջներում՝ գորշ պերիվենտրիկուլյար նյութում, հիպոթալամուսի պրեօպտիկ գոտում և սուպրախիազմատիկ կորիզում: Մանր պեպտիդոադրեներգիկ բջիջների աքսոնները, ինչպես նաև նրանց ուղեկցող սովորական տիպի ադրեներգիկ նեյրոնները, մտնում են մեդիալ էմինենցիա տուբերաինֆունդիպուլյար դոֆամիներգիկ խրձի կազմում, որը սկիզբ է առնում տուբերալ կորիզի դոֆամիներգիկ նեյրոնների տուբերալ կորիզներից:
 Ծայրամասային ներզատիչ գեղձերի կարգավորումը հիպոթալամուսի կողմից: Հիպոթալամուսի ազդեցությունը ծայրամասային ներզատիչ գեղձերի վրա կատարվում է առավելապես հումորալ երկու փուլով: Հիպոթալամիկ լիբերինները ակտիվացնում են հիպոֆիզի առաջային բլթի կողմից համապատասխան տրոպ հորմոնների արտադրությունը, որոնք ազդում են թիրախ գեղձերի վրա: Հաղորդման այդպիսի տեսակը կոչվում է տրանսադենոհիպոֆիզար: Տրանսադենոհիպոֆիզար տեսակի համար բնորոշ է սկզբնական հիպոթալամիկ գրգիռների կասկադանման ուժեղացումը:

Բացի այդ, առանց հիպոֆիզի միջամտության հիպոթալամուսը արտատար գրգիռները ուղարկում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդերով կարգավորող էֆեկտորներին: Ներզատիչ էֆեկտորների պարահիպոֆիզար կարգավորումը հակադարձ բացասական կապի սկզբունքով կարող է ազդել անմիջականորեն սեփական հորմոնների վրա: Օրինակ. հարվահանագեղձի արտազատիչ ակտիվությունը թուլանում է արյան մեջ կալցիումի իոնների քանակի բարձրացման դեպքում, գլյուկոզային կոնցենտրացիայի բարձրացման հետևանքով ինսուլինի սեկրեցիան ուժեղանում է: Վահանագեղձի ուժեղ և երկարատև գերֆունկցիան պայմանավորված է ախտաբանական թիրոխթանող իմունոգլոբուլիններով, որոնք որպես աուտոհակամարմիններ առաջանում են օրգանիզմում և ազդում են վահանագեղձի վրա ոչ թե հիպոֆիզի միջոցով, այլ՝ անմիջականորեն թիրոցիտների բջջային ընկալիչների վրա:
Հիպոթալամուսի նեյրոսեկրետոր գործունեությունը պայմանավորված է գլխուղեղի բարձրագույն բաժինների, առանձնապես՝ լիմբիական համակարգի, նշաձև կորիզների հիպոկամպի և էպիֆիզի ներգործություններով: Այդ ազդեցությունների մեջ էական նշանակություն ունեն նեյրոամինները՝ կատեխոլամինները (դոֆամին, նորադրենալին), սերոտոնինը և ացետիլխոլինը, որոնց պարունակությունը հիպոթալամուսում ավելի բարձր է, քան գլխուղեղի այլ բաժիններում: Բացի այդ, հիպոթալամուսի նեյրոսեկրետոր ֆունկցիայի վրա ուժեղ ազդեցություն ունեն որոշ հորմոններ, առանձնապես՝ էնդորֆինները և էնկեֆալինները, որոնք արտադրվում են գլխուղեղի հատուկ նեյրոցիտներով:

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին