Հիպոթալամուսն ու հիպոֆիզը միասին կազմում են միասնական փոխկապակցված համակարգ, որն օրգանիզմում ունի կարևորագույն նշանակություն:Հիպոֆիզը ոչ մեծ չափերի ներքին ներզատական գեղձ է՝ տեղադրված թուրքական թամբում: Հասուն մարդկանց շրջանում այն կազմում է մոտ 0,7գ (կանանց օրգանիզմում փոքր-ինչ ավելի մեծ է, քան նույն տարիքի տղամարդկանց օրգանիզմում): Թուրքական թամբում հիպոֆիզը շրջապատված է ուղեղի կարծր թաղանթով, որի թերթիկների միջով անցնում են երակային անոթները: Թուրքական թամբի դիաֆրագմային բացվածքով անցնում է հիպոֆիզի ոտիկը, որը վերջինս միացնում է հիպոթալամուսի հետ: Հիպոֆիզի ոտիկը նյարդաթելերի խուրձ է, որը գնում է դեպի հետին հիպոֆիզ՝ նեյրոհիպոֆիզ: Հիպոֆիզը կազմված է 2 բլթերից՝ առաջային՝ ադենոհիպոֆիզ, որը կազմում է մոտ 75%-ը, և հետին՝ նեյրոհիպոֆիզ:

Առաջային հիպոֆիզի հորմոնների մեծ մասի ազդեցությունն ուղղված է ծայրամասային էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ ակտիվության կարգավորմանը (վահանաձև գեղձ, սեռական գեղձեր, մակերիկամներ): Այդ առումով հիպոֆիզի առաջային բիլթը և համապատասխան ծայրամասային էնդոկրին գեղձը միասին նույնպես մասնակիորեն ավտոնոմ գործող համակարգ են: Ցանկացած էնդոկրին գեղձի ֆունկցիայի խանգարման պաթոգենեզում որոշակիորեն մասնակցում է նաև նեյրոէնդոկրին-իմունային կարգավորող հաակարգը:
• Առաջային հիպոֆիզում գտնվում են հետևյալ տիպի բջիջներ՝ ացիդոֆիլ, բազոֆիլ և քրոմոֆոբ: Ացիդոֆիլ բջիջներն արտադրում են՝ սոմատոտրոպ հորմոն և պրոլակտին: Բազոֆիլ բջիջները ԱԿՏՀ, ԹԽՀ, ԼՀ, ՖԽՀ: Քրոմոֆոբ բջիջները սեկրետոր գործունեություն չունեն:
Ըստ արտադրվող սեկրետի՝ ադենոհիպոֆիզի բջիջները բաժանվում են հետևյալ խմբերի՝

•Սոմատոտրոֆներ՝ արտադրում են աճի հորմոն, կազմում են մոտ 50%,
•Լակտոտրոֆներ՝ արտադրում են պրոլակտին, կազմում են 10-25 %,
•Թիրեոտրոֆներ՝ արտադրում են թիրեոխթանիչ հորմոն, կազմում են մինչև 10%,
•Կորտիկոտրոֆներ՝ արտադրում են ադրենոկորտիկոտրոպ հորմոն

(կորտիկոտրոպին), կազմում են 15-20%,

•    Գոնադոտրոֆներ՝ արտադրում են ֆոլիկուլոխթանիչ և լյուտեինացնող հորմոններ, կազմում են 10-15%:

Ադենոհհպոֆհզհ կողմից արտադրվող հորմոնները հետևյալն են.

•    Պրոլակտին՝ ՊՐԼ,
•    Աճի հորմոն (սոմատոտրոպին)՝ ԱՀ,
•    Թիրեոխթանիչ հորմոն (թիրեոտրոպին)՝ ԹԽՀ(TSH),
•    Լյուտեինացնող հորմոն՝ ԼՀ(LH),
•    Ֆոլիկուլոխթանիչ հորմոն՝ ՖԽՀ(FSH),
•    Ադրենոկորտիկոտրոպ հորմոն (կորտիկոտրոպին)՝ ԱԿՏՀ,
•    Մելանոցիտ-խթանող հորմոն՝ ՄԽՀ,
•    Լիպոտրոպին:
Հիպոթալամուսը նեյրոէնդոկրին համակարգի բարձրագույն կարգավորող օղակն է, որը կազմված է 32 զույգ կորիզներից, որոնք մասնակցում են օրգանիզմի վեգետատիվ կարևորագույն ֆունկցիաների կարգավորմանը: Այստեղ տեղակայված են սիմպաթիկ և պարասիմպաթիկ վեգետատիվ համակարգերի բարձրագույն կենտրոնները, որոնք կարգավորում են զարկերակային ճնշումը, անոթների թափանցելիությունը, ջերմագոյացումն ու ջերմատվությունը, ախորժակը, նյութափոխանակային մի շարք պրոցեսներ:Հիպոթալամուսի կենտրոնները կարգավորում են նաև քնի և արթուն վիճակի հարաբերությունները, հոգեկան գործունեությունը: Հիպոթալամուսն իր հերթին կարգավորվում է ԿՆՀ-ի այլ բաժիններով, մասնավորապես գլխուղեղի կեղևով: Հիպոթալամուսը ներքին ներզատական գեղձերի ֆունկցիան կարգավորում է ինչպես հիպոֆիզի միջոցով (տրանսհիպոֆիզար), այնպես էլ առանց հիպոֆիզի մասնակցության (պարահիպոֆիզար):
Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը կարգավորում է պերիֆերիկ էնդոկրին գեղձերի գործունեությունը («թիրախ» գեղձեր), որոնք իրենց հերթին ազդում են այդ համակարգի վրա հակադարձ կապի սկզբունքով՝ «պլյուս-մինուս ազդեցություն»: Այս կապի շնորհիվ պահպանվում է օրգանիզմի ներքին միջավայրի և մի շարք ֆունկցիաների կայունությունը:

Հիպոթալամուսում արտադրվող հորմոնները կարելի է բաժանել 2 խմբի.
1. Հորմոններ, որոնք արտադրվելով հիպոթալամուսում, հասնում են հիպոֆիզի հետին բիլթ՝ նեյրոհիպոֆիզ, որտեղ և կուտակվում են: Հիպոթալամուսի սուպրաօպտիկ և պարավենտրիկուլյար կորիզներում արտադրվող նեյրոսեկրետը հիպոֆիզի ոտիկով հասնում է հետին հիպոֆիզ և այնտեղ կուտակվում Հերրինգի մարմնիկներում: Այսպիսով, նեյրոհիպոֆիզում կուտակվում և հետո արյան մեջ են անցնում հետևյալ հորմոնները՝  անտիդիուրետիկ հորմոնը՝  ԱԴՀ (վազոպրեսին), և օքսիտոցինով: ԱԴՀ-ն երիկամների խողովակների դրստալ հատվածներում ուժեղացնում է ջրի ռեաբսորբցիան՝ դրանով իսկ նվազեցնելով դիուրեզը: Օքսիտոցինը խթանում է արգանդի կծկումները և ուժեղացնում է լակտացիան՝ խթանելով կաթնային ծորանների հարթ մկանների կծկումները:
2.Հիպոֆիզոտրոպ հորմոններ, որոնք կարգավորում (խթանում կամ արգելակում) են առաջային հիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնների սեկրեցիան: Հիպոթալամուսի հիպոֆիզոտրոպ հորոմոններն են՝
•    աճի հորմոնի ռիլիզինգ հորմոն (ԱՀՌՀ). խթանում է սոմատոտրոֆների կողմից ԱՀ-ի արտադրությունը,
•    սոմատոստատին. ընկճում է հիպոֆիզում ԱՀ-ի և ԹԽՀ-ի սեկրեցիան,
•    թիրեոտրոպին ռիլիզինգ հորմոն (ԹՌՀ). խթանում է հիպոֆիզում ԹԽՀ-ն, ինչպես նաև պրոլակտինի սեկրեցիան,
•    դոֆամին. ընկճում է պրոլակսփնի արտադրությունը,
•    գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոն (ԳՌՀ). խթանում է ԼՀ-ի և ՖԽՀ-ի արտադրությունը,
•    մելանոստատին. ընկճում է ՄԽՀ-ի արտադրությունը:
•    մելանոլիբերին.  խթանում է ՄԽՀ արտադրությունը:
•    կորտիկոտրոպին ռիլիզինգ հորմոն (ԿՌՀ) խթանում է ԱԿՏՀ-ի արտադրությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին