Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից է: Հիպերթիմիաներն արտահայտվում են մանիայի, էյֆորիայի, էքստազի և բարեհոգության ձևերով։
1. Մանիան հիպերթիմիաների շարքում առավել արտահայտված և տարածված խանգարումն է։ Այն բնորոշվում է բարձր տրամադրությամբ, մտքի արագացմամբ, շարժողական ակտիվությամբ, հախուռն գործունեությամբ, շատախոսությամբ, հակումների ապարգելակվածությամբ, ուշադրության անկայունությամբ, քնի խանգարումներով և բարձր ինքնագնահատմամբ, անհիմն լավատեսությամբ։
2. Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, որը կենցաղում հայտնի է «կայֆ» անվանմամբ։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։
3. Էքստազը մանիայի արտահայտված ձևն է՝ ապրումների միստիկական և կրոնական երանգավորմամբ։ Սա հիացմունքի և ոգևորության բարձրագույն աստիճանն է։
4. Բարեհոգությունը բնութագրվում է բավարարվածությամբ, անհոգությամբ, պրոբլեմների իսպառ բացակայությամբ։
Հիպերթիմիաները, հիմնականում, դիտվում են մանիակալ, մանիակալ-զառանցանքային, պարաֆրեն համախտանիշների շրջանակներում, նարկո- և տոքսիկոմանիկ թունավորումների, ինչպես նաև սուր հալյուցինոզների և գիտակցության խանգարման ժամանակ։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին