Հիմային հանգույցները կորիզային բնույթի կառույցներ են։ Ուստի նրանք կոչվում են նաև ենթակեղևային կորիզներ։ Դրանք տեղակայված են մեծ կիսագնդերի ներսում, նրանց հիմքում, որը և պայմանավորում է «հիմային» (բազալ) տերմինը։ Կաթնասունների այդ կորիզները տեղակայված են միջանկյալ ուղեղից կողմնայնորեն։ Այդ կորիզներին են պատկանում պոչավոր կորիզն (nucleus caudatus) ու պատյանը (putamen), որոնք միավորվում են «շերտավոր» (զոլավոր) մարմին (corpus striatum) ընդհանուր անվան տակ։ Այդ անվանումը ստացել է այն պատճառով, որ գորշ նյութն առաջացնող նյարդային բջիջների կուտակները հերթագայվում են սպիտակ նյութի շերտերով։ Մյուս ենթակեղևային գոյացությունը դժգույն գունդն է (globus pallidus), որը բաժանված է ներքին և արտաքին հատվածների։ Դժգույն գունդն ու պատյանը կազմավորում են ոսպանման կորիզը (nucleas lentiformis): Այդ բոլորը միասին կազմում են ենթակեղևային կորիզների ստրիոպալիդար համակարգը։ Դժգույն գունդը շերտավոր մարմնի հիմնական արտատար օղակն է։

Տեսաթմբի և պոչավոր կորիզի միջև մի կողմից, և մյուս կողմից դժգույն գնդի ու պատյանի միջև, տեղադրված է սպիտակ նյութի շերտ՝ ներքին պատիճը։ Նրա միջով ընթանում են բոլոր այն ուղիները, որոնք ուղեղի կեղևը կապում են ստորադիր կենտրոնների հետ։ Հիմային հանգույցների շարքին են դասվում նաև սև նյութը և սուբթալամիկ կորիզը (Լուիսյան մարմին)։ Չնայած սև նյութը տեղադրված է միջին ուղեղում, ֆունկցիոնալ առումով այն կապված է հիմային հանգույցների հետ։ Հիմային հանգույցների շարքին .հաճախակի դասում են նաև պատնեշը (claustrum) և հազվադեպ՝ նշաձև մարմինը (amygdala) կամ մինդալանման համալիրը, որն իրենից ներկայացնում է գորշ նյութի ինքնատիպ կուտակում, տեղակայված քունքային բլթում, կեղևի տակ։
Ներկայացված են պոչավոր կորիզը, պատյանը, դժգույն գունդը, տեսաթումբն ու սև նյութը։ Վերջին երկու գոյացությունների հետ ստրիոպալիդար համակարգը սերտ կապեր ունի։ Հիմային հանգույցները կարևոր դեր ունեն շարժումների կարգավորման և զգայաշարժումների ներդաշնակության մեջ։ Զոլավոր մարմնի ախտահարման դեպքում դիտվում են դաստակի և ձեռքի մատների որդանման դանդաղ շարժումներ (ատետոզ)։ Ստրիատումի բջիջների կազմափոխումը հանգեցնում է դիմային և վերջույթների մկանունքի ցնցումնային կծկումների (խորեա) առաջացման։ Պոչավոր կորիզի էլեկտրական գրգռումը հարուցում է գլխի ստերեոտիպ (միակերպ) շարժումներ, առջևի վերջույթների դողդողուն շարժումներ։ Հիմային հանգույցների ախտահարման հետ է կապված Պարկինսոնի ախտանիշը։ Այն բնութագրվում է սակավաշարժությամբ և հանգստի վիճակից շարժմանն անցնելու դժվարություններով,  մկանների բարձր լարվածությամբ և վերջույթների դողով (դողդողուն շարժումներ)։ Ենթադրվում է, որ այդ բոլոր ախտանիշները պայմանավորված են հիմային հանգույցների գերակտիվությամբ, որի առաջացումը կապված է դոֆամիներգիկ (հավանաբար արգելակող) ուղու վնասման հետ։

Դոֆամիներգիկ նեյրոնների հիմնական աղբյուրը, որոնց աքսոնները սինապսներ են ձևավորում ստրիոպալիդար համակարգի նեյրոնների վրա, գտնվում են սև նյութում։ Այդ պատճառով էլ սև նյութում տեղի. ունեցող ախտաբանական փոփոխությունների դեպքում զոլավոր մարմնում նկատվում է դոֆամինի պարունակության նվազում է նրա գործունեության խանգարում։ Պարկինսոնի հիվանդությունը հանդիսանում է միջնորդանյութի  նյութափոխանակության, այսինքն նյարդատրանսմիտերի մշակման արատ, որն էլ հիվանդության պատճառ է դառնում։
Ենթակեղևային կորիզների ֆունկցիաներին վերաբերող կարևոր նյութ է ստացվել նյարդային հիվանդությունների կլինիկայում, քանի որ այդ կորիզները հաճախ են ախտահարվում էնցեֆալիտների ժամանակ։ Հիվանդների մի խմբի մոտ ի հայտ է գալիս բարձր շարժողական ակտիվություն (հիպերկինեզ)։ Նրանք անհանգիստ են, չափից ավելի շարժունակ, չեն կարող մնալ նույն դիրքում։ Նկատվում է դիմային մկանների անկառավարելի շարժումներ, խոսքի խանգարումներ։ Հուզմունքի ժամանակ, ցանկացած շարժողական գործողության փորձ կատարելիս ի հայտ են գալիս մեծ քանակի ոչ պիտանի, խանգարող շարժումներ։ Պարզված է, որ այդպիսի հիվանդների ախտաբանական գործընթացն ընդգրկում է պոչավոր կորիզը։ Այդ պատճառով եզրակացվել է, որ պոչավոր կորիզը կարգավորում և որոշ չափով արգելակում է օժանդակող շարժողական ռեակցիաներն ու նրա ֆունկցիայի կորուստը, հանգեցնում երանց անկառավարելի դրսևորմանն ամբողջ ծավալով։

Միաժամանակ նկատվել է հիվանդության այլ, նկարագրվածին հակառակ դրսևորում։ Նրա հիմնական հատկանիշը շարժողական ակտիվության աղքատացումն է, դանդաղեցումը, ձգձգվող շարժումների առկայությունը։ Հաճախ մարդը կարծես քարանում է որոշակի դիրքում, մոռանալով այն մասին, որ շարժումը դեռ չի ավարտվել։ Քայլելու և վազելու ժամանակ հիվանդների օժանդակ շարժումները լիովին անհետանում են։ Ի հայտ է գալիս դող։ Ապացուցված է, որ այդպիսի հիվանդների ախտաբանական գործընթացը հաճախ տեղակայվում է դժգույն գնդում։ Նկարագրված կլինիկական տվյալների հիման վրա զոլավոր մարմնի տարբեր բաժինների վերաբերյալ առաջացել է հետևյալ սխեմատիկ պատկերացումը՝ դժգույն կորիզը դիտվում է որպես «շարժողական ֆոն» ստեղծող կառույց, որն իրագործում է հիմնական շարժման համար անհրաժեշտ բազմաթիվ փոքր օժանդակ շարժումներ։ Այդ շարժումները ստեղծող կենտրոնի նկատմամբ վերադիր է մի այլ կենտրոն՝ պոչավոր կորիզը, որն արգելակում, կասեցնում է առաջինի ակտիվությունը։ Եթե դժգույն կորիզը քայքայվում է, ապա բոլոր օժանդակ շարժումները վերանում են, իսկ երբ խանգարվում է արգելակող կենտրոնի գործունեությունը, այնժամ դժգույն կորիզը դուրս է գալիս հսկողությունից և օժանդակ գործունեությունն ընդգրկում է ամբողջ մկանունքը։

Ստրիոպալիդար համակարգը շարժողական համակարգի բաղադրիչ մասն է, որը ողնուղեղի հետ չունի ուղղակի առբերիչ և արտատար կապեր։ Նրա շարժիչ ֆունկցիաները հաղորդվում են ուղեղի կեղևի միջոցով։ Այն մասնակցում է նպատակաուղղված շարժումների ստեղծմանը, հաշվի առնելով գերիշխող շարժառիթը։ Հիմնահանգույցների բարդ կապերը կարելի է դիտարկել որպես չորս փոխկապակցված օղակներ։ Աոաջին օղակն ուղեղի կեղևից ընթանում է դեպի հիմնահանգույցնները, տեսաթումբ և հետ՝ դեպի կեղև։ Երկրորդ օղակը դժգույն գնդի աարտաքին հատվածից դեպի ստորտեսաթմբային կորիզ և հակառակը՝ դեպի դժգույն գնդի երկու հատվածներ։ Երրորդ օղակը զոլավոր մարմնից դեպի սև նյութ, ապա հետ՝ դեպի զոլավոր մարմին։ Չորորդ օղակը զոլավոր մարմնից դեպի տեսաթումբ և հակառակը։ Ասվածն ամբողջովին ԿՆՀ-ում հատուկ տեսակի կառավարման օրինակ է։ Կառավարման այս տեսակը կատարելագործվում է սահմանափակվելով միայն կապերի կենտրոնական տեսակներով։ Այստեղ գոյություն ունեն միջկենտրոնային ուղիներ և չկան առբերող ու արտատար կապեր ծայրամասի ու աշխատող ապարատի հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին