Օքսիդացման պրոցեսների ինտենսիվությունը մեծանում է ֆիզիկական և մտավոր աշխատանքի, հոգեհուզակսւն լարվածության, ջերմաստիճանի իջեցման ժամանակ, սնունդ ընդունելուց հետո: Որպեսզի բացառել այս և միջավայրի բազմաթիվ այլ գործոնների ազդեցությունը, օրգանիզմի էներգիական ծախսերը որոշում են ստանդարտ պայմաններում' առավոտյան, լիակատար (ֆիզիկական, էմոցիոնալ, և մտավոր) հանգստի վիճակում, քաղցած (ուտելուց 10-12 ժամ անց), պառկած, աչքերը փակ, արթուն (որովհետև քնած վիճակում նյութափոխանակության մակարդակը իջնում է 8-10%-ով), միջավայրի բարեհարմար ջերմության (18°) պայմաններում: Այս պայմաններում էներգիայի փոխանակությունը կոչվում է հիմնական փոխանակություն: Դա էներգիայի փոխանակության այն մակարդակն է, որն ապահովում է ներքին օրգանների աշխատանքը: Առաջացած էներգիան այդ դեպքում ծախսվում է օրգանիզմի կենսագործունեությունը ապահովող գործընթացների' արյան շրջանառության, շնչառության, ուղեղի, լյարդի, երիկամների գործունեության, մկանների տոնուսավորման, օրգանիզմի կայուն ջերմաստիճանի պահպանման ֆունկցիաների իրականացման վրա:

Կոչվում է նաև հանգստի կամ ստանդարտ փոխանակություն, քանի որ որոշվում է որոշակի (վերը արդեն նշված) միօրինակ պայմաններում: Հիմնական փոխանակությունը կլինիկական ցուցանիշ է: Կլինիկայում այն որոշվում է հատուկ նորմերով
1.    նախորդ 3 օրերի ընթացքում բացառվում է սպիտակուցային սնունդը;
2.    24 ժամ առաջ դադարեցվում է սննդի ընդունումը;
3.    ապահովվում է բացարձակ մկանային հանգիստ;
4.    բարեհարմար ջերմաստիճան 18- 20° ն փափուկ անկողին;
5.    բացառվում է հոգեհուզական լար¬վածությունը ե մտավոր աշխատանքը:

Կենդանիների ստանդարտ փոխանակությունը որոշվում է հարաբերական հանգստի վիճակում և կոչվում է նվազագույն փոխանակություն:
Հիմնական փոխանակության մեծությունը արտահայտում են կիլոկալորիաներով կամ կիլոջոուլներով: Բնականոն պայմաններում այն կազմում է 1 կկալ մեկ ժամում մարմնի կշռի 1 կգ-ի համար: Միջին տարիքի, (մոտավորապես 35 տարեկան), միջին հասակի (մոտ 165 սմ), մարմնի միջին զանգվածի (մոտ 70 կգ), տղամարդու հիմնական փոխանակությունը մարմնի 1կգ զանգվածին 1 ժամում կազմում է 4,19 կջ (1 կկալ), կամ 7117 կջ (1700 կկալ) 1 օրում: Կանանց մարմնի նույն զանգվածի դեպքում այդ մեծությունը մոտավորապես 10%- ով ցածր է: Երեխաների հիմնական փոխանակության ինտենսիվությունը մարմնի զանգվածի 1 կգ հաշվարկով չափահասների համեմատությամբ զգալի մեծ է: 20-40 տարեկանում այն պահպանվում է բավականին հաստատուն մակարդակի վրա: Տարեց հասակում հիմնական փոխանակությունը իջնում է: Առողջ, տարբեր սեռի, տարիքի, մարմնի զանգվածի և հասակի մարդկանց հիմնական փոխանակության ուսումնասիրությունների վիճակագրական տվյալների հիման վրա առաջարկված են բանաձևեր և աղյուսակներ, որոնք թույլ են տալիս մոտավոր ճշտությամբ (5-8% սխալով) հաշվարկել առողջ մարդու հիմնական փոխանակությունը: Դրեյերի բանաձևի համաձայն հիմնական փոխանակության ստանդարտ մեծությունը H կկալներով կազմում է
H=W/KA0 133, որտեղ W-ն մարմնի զանգվածն է գրամներով, A-ն մարդու տարիքը, K-ն  հաստատուն մեծություն է' տղամարդկանց համար'0,1015, կանանց համար'0,1129: Սակայն ավելի ճիշտ և տարբեր կենդանիների ու մարդկանց համար համեմատելի տվյալներ են ստացվում մարմնի միավոր մակերեսի նկատմամբ կատարված հաշվարկներից:
Ռուբները տվել է մարմնի մակերեսի օրենքը, ըստ որի բոլոր տաքարյուն կենդանիների նյութափոխանակության մակարդակը համեմատական է իր մարմնի մակերեսին, որքան փոքր է մակերեսը, այնքան ջերմատվությունը փոքր է, որով և պահպանվում է մարմնի կայուն ջերմաստիճանը: Սակայն մարմնի մակերեսի օրենքը բացարձակ չէ, քանի որ նշանակություն ունի ոչ այնքան ջերմային կորուստը մարմնի մակերեսից, որքան ջերմարտադրությունը բջիջների կողմից: Նշանակություն ունեն նյարդային և ներզատական գործոնները: Մարմնի մակերեսը հաշվում են Դյու-բուայի բանաձևով' R=71484x W^0.425 x H^0.725 որտեղ W-ն մարմնի զանգվածն է կգ-ներով, H-ը՝ մարմնի հասակը սմ-երով, իսկ 71,84-ը հաստատուն գործակից է: Մարդու մարմնի մակերեսը միջինը կազմում է 1,5-1,7մ2: Յուրաքանչյուր 1մ2-ի համար էներգիայի ծախսը կազմում է 3559-ից 5234կջ (850-1250կկալ) տղամարդու համար միջինը 3969կջ (948կկալ): Հիմնական փոխանակությունից բացի էներգիայի ծախսը կապված է սննդի ընդունման և մարսողության, մկանային և մտավոր աշխատանքի և հոգեկան գործունեության հետ: Այս բոլորը միասին կազմում են օրգանիզմի ընդհանուր էներգիական ծախսերը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին