Նկարագրություն

Հևոցը շնչառության հաճախության, ռիթմի և խորության խանգարում է, որը, որպես կանոն, ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով: Այն օրգանիզմի հարմարվողական հակազդեցություններից է:

Պատճառներ

Սովորաբար հևոցը առաջանում է ֆիզիկական մեծ բեռնվածության (ֆիզիոլոգիական հևոց) կամ առանձին օրգանների ու համակարգերի հիվանդագին փոփոխությունների ժամանակ (ախտաբանական հևոց): Ֆիզիոլոգիական հևոցի պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ թթվածնի հանդեպ օրգանիզմի բարձրացման պահանջն է: Շնչառության խորացման ու հաճախացման շնորհիվ թոքերով օրգանիզմ ներմուծվող թթվածնի քանակն ավելանում է 2-3 անգամ: Ֆիզիոլոգիական հևոցն առաջանում է նաև բարձունքներ բարձրանալիս (որտեղ օդում թթվածնի պարունակությունը սովորականից ցածր է), շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման պայմաններում և այլն:
Ախտաբանական հևոցն առաջանում է որոշ հիվանդագին վիճակների ժամանակ: Կենտրոնական ձևի հևոցն առաջանում է շնչառության կարգավորման խանգարման կամ շնչառական կենտրոնի առաջնային ախտահարման, թունավորումների (օրինակ` քնաբերներով կամ թմրանյութերով) ժամանակ: Թոքային հևոցը նկատվում է կրծքավանդակի վնասվածքների, թոքերի տարածուն ախտահարումների (թոքաբորբ, տուբերկուլոզ, բրոնխային հեղձուկ, թոքափքանք և այլն) ժամանակ: Այն կարող է ուղեկցվել արտաշնչման դժվարացմամբ, մաշկի և լորձաթաղանթների կապտությամբ, պարանոցային երակների ուռածությամբ, դեմքի փքվածությամբ: Թոքային հևոցը նկատելիորեն ուժեղանում է չնչին ֆիզիկական բեռնվածությունից: Սրտային հևոցն առաջանում է սրտային անբավարարության ժամանակ:

Պաթոգենեզ

Շնչառությունը խորանում է և հաճախանում: Սրտային հևոցը կարող է ուղեկցվել կապտությամբ, ծայրանդամների սառնությամբ: Որպես կանոն, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոցը սաստկանում է:

Բուժում

Ախտաբանական սաստկացած հևոցի ժամանակ անհրաժեշտ է հիվանդի կուրծքն ազատել սեղմող հագուստից, շնչառական շարժումները թեթևացնելու նպատակով օգնել, որ նա նստած կամ կիսանստած դիրք ընդունի, ապահովել լուսամուտից մաքուր օդի մուտքը, անհապաղ շտապ օգնություն կանչել: Դեղանյութեր կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ` ըստ հևոցի բնույթի, հակառակ դեպքում կարող են առաջանալ մահացու բարդույթներ: