Հետին ուղեղի ռեֆլեքսային գործունեությունՀետին ուղեղը գլխուղեղի կենսականորեն կարևոր բաժիններից մեկն է, որտեղ միակցվում են մի շարք սոմատիկ և վեգետատիվ ռեֆլեքսների աղեղներ, որով էլ բնորոշվում է նրա ֆունկցիաների բազմակողմանիությունն ու բարդությունը։ Պայմանականորեն նրանք կարող են բաժանվել ռեֆլեքսային և ինքնաբերական մասերի։ Առաջինները ներկայացվում են ուղեղ հասնող առբերիչ ազդակների ռեֆլեքսային պատասխաններով, իսկ ինքնաբերական ֆունկցիաները, որպես ներքին որոշակի գործընթացների արդյունք (օրինակ, շնչառական և անոթաշարժ ֆունկցիաները) և արտահայտվում են ինքնաբուխ ակտիվության առաջացումով։ Սակայն, վերջիններս նույնպես ենթակա են ռեֆլեքսային հսկողության։ Գանգուղեղային նյարդերի կորիզների միջոցով իրագործվող հետին ուղեղի ռեֆլեքսային ռեակցիաները, ելնելով արտատար օղակի բնույթից, հնարավոր է բաժանել երկու խմբի՝ սոմատիկ և վեգետատիվ։

Հետին ուղեղի վեգետատիվ կառույցներն ամբողջությամբ պատկանում են պարասիմպաթիկ նյարդային համակարգին։ Դրանց արտատար ուղիները բաղկացած են երկու նեյրոնից՝ նախահանգուցային և հետհանգուցային։ Համապատասխան կորիզում տեղադրված կենտրոնական նախահանգուցային նեյրոնն իր երկար աքսոնը ծայրամասային նյարդի կազմում ուղարկում է դեպի այն հանգույցները, որոնք տեղադրված են նյարդավորվող օրգանի ներսում կամ նրա մոտակայքում։ Հանգուցային նեյրոններն իրենց կարճ աքսոեներն ուղարկում են դեպի էֆեկտոր բջիջներ։ Հետին ուղեղի բազմաթիվ վեգետատիվ ռեֆլեքսներ կապված եե կրծքավանդակի ե որովայնի խոռոչի օրգանների ֆունկցիայի հետ։ Օրինակ, նրանց թվին է պատկանում թքարտադրության, շնչառության, սրտի գործունեության և անոթային լարվածության ռեֆլեքսային կարգավորումը։ Հետին ուղեղը մասնակցում է նաև ծամելու և կլման ակտի հետ կապված շղթայական ռեֆլեքսների իրականացմանը։ Այդ գործընթացներին մասնակցում են ռեֆլեքսային ռեակցիաների վեգետատիվ, շարժիչ և զգացող բաղադրիչները։ Հետին ուղեղի շարժիչ նեյրոններն իրենց աքսոններն անմիջականորեն ուղարկում են էֆեկտորին։ Այդ նեյրոններն իրենց ազդեցությունն են թողնում ողնուղեղի ու գանգուղեղային նյարդերի կորիզների շարժողական ռեֆլեքսների, ծամիչ մկանների եռվորյակ նյարդի շարժիչ կորիզ), դիմախաղի մկանների (դիմային նյարդի կորիզ), բերանի խոռոչի և ըմպանի մկանների (լեզվաըմպանային նյարդի կորիզ), կոկորդի մկանների (թափառող նյարդի կորիզ), պարանոցի մկանների (հավելյալ և ենթալեզվային նյարդերի կորիզներ) վրա։ Երկարավուն ուղեղի կորիզները մասնակցում են ծծելու, ծամելու, կլման, փսխման, փռշտալու, հազալու, թարթելու և այլ ռեֆլեքսային ակտերի իրացմանը, որոնցից շատերը պաշտպանական ռեֆլեքսներ են։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին