Հետին ուղեղը գլխուղեղի համեմատաբար ոչ մեծ բաժինն է, որը հանդիսանում է ողնուղեղի շարունակությունը։ Այն իր մեջ ներառում է երկարավուն ուղիղն ու կամուրջը (Վարոլյան), որոնք էվոլյուցիայի առումով իրենցից ներկայացնում են ԿՆՀ-ի հին բաժինը։ Ողնուղեղի գորշ նյութը վերածվելով երկարավուն ուղեղի գորշ նյութի` որոշ չափով պահպանում է հատվածային կառուցվածքի ուրվագծերը։ Այն արտահայտվում է երկարավուն ուղեղում 5-12 զույգ գանգուղեղային (կամ գանգային) նյարդերի  կորիզների առկայությամբ։ Դրանք այդպես են կոչվում, քանի որ գանգից են դուրս գափս։ Կորիզ անվան տակ հասկացվում է նեյրոնների կուտակներ, որոնք ունեն միակողմանի ազդեցություն և իրականացնում են ուրույն, միայն իրենց հատուկ ֆունկցիա։ Տարբեր տեղեկատվությունների մուտքն ուղեղ, տարբեր զգայական օրգաններից եկող ազդակների ընկալումը, մկանների և մաշկի նյարդավորումն իրականացվում են այսպես կոչված գանգուղեղային կորիզների և համապատասխան նյարդերի օգնությամբ, որոնք մեծ նմանություն ունեն ողնուղեղային նյարդային կենտրոնների հետ։

Գոյություն ունի 12 զույգ գանգուղեղային նյարդեր։ Դրանցից 8 զույգ նյարդերի կորիզները տեղադրված են հետին ուղեղում։ Երկարավուն ուղեղում տեղադրված են վերջին 4 զույգ գանգուղեղային նյարդերի կորիզները։ Շեղանկյունաձև փոսի ամենաստորադիր մասում գտնվում է ենթալեզվային նյարդի կորիզը (Nucleus nervi Hypoglosus) , որը նյարդավորում է լեզվի մկանունքը։ Նրա հետևում տեղակայված է հավելյալ նյարդի շարժիչ կորիզը (ո.ո. accessorius) : Այն, իրականում, հանդիսանում է ողնուղեղի առաջային եղջյուրի հետին կողմնային բաժնի շարունակությունն ու նյարդավորում է պարանոցի մկանները։ Երկարավուն ուղեղի փորային մակերեսին մոտ տեղադրված է թափառող նյարդի կորիզների խումբը (n.n.Vagus) ։ Թափառող նյարդը խառը նյարդ է։ Ունի վեգետատիվ, զգացող ու շարժիչ կորիզներ։ Վեգետատիվ կոիզը պարասիմպաթիկ նյարդաթելեր է ուղարկում դեպի կոկորդ, շնչափող, բրոնխներ, կերակրափող, սիրտ, ստամոքս, բարակ աղիներ և մարսողական գեղձեր։ Զգացող կորիզը ներկայացվում է միայնակ (սոլիտար) աղու զգացող կորիզով n. tractus solitarius): Նրան են միանում ներքինն օրգաններից ընթացող թափառող նյարդի մէծ թվով նյարդաթելեր, կազմավորելով սոլիտար ուղին։ Թափառող նյարդի երրորդ կորիզը հանդիսանում է սոմատիկ նեյրոնների կուտակում ե կոչվում է երկկողմանի կորիզ (n.n.ambiguus): Այն պայմանավորում է կոկորդի, ըմպանի և շնչառական մկանների կծկումների հաջորդականությունը։

Լեզվաըմպանային նյարդը (n.glossopharingeus)  ևս պարունակում է շարժիչ, զգացող և վեգետատիվ նյարդաթելեր։ Շարժիչները նյարդավորում են բերանի խոռոչի և ըմպանի մկանները, վեգետատիվներն ընթանում են դեպի թքագեղձերի հյութազատական գոյացությունները նյարդավորող պարասիմպաթիկ կորիզները։ Զգացող նյարդաթելերը ընթանում են լեզվի հետին երրորդի համային պտկիկներից, միայնակ խրձի կազմում։ Համային նյարդավորումն իրագործվում է նան եռվորյակ նյարդի ճյուղերով։

Անդաստակ-խխունջային նյարդի (n.n.vestibulo-cochlearis) կորիզը տեղադրված է երկարավուն ուղեղի ու կամրջի սահմանում։ 8-րդ նյարդը կազմված է երկու ճյուղից՝ լսողական և անդաստակային։ Խխունջի կամ բուն լսողական նյարդի նյարդաթելերն իրենցից ներկայացնում են խխունջում տեղադրված պտուտաձև հանգույցի նեյրոնների աքսոնները։ Այդ թելերն ուղղվում են դեպի խխունջային կորիզ։ Նախամուտքի նյարդաթելերը ձևավորվում են նախամուտքի հանգույցի բջիջների աքսոններով և ավարտվում անդաստակային կորիզներում։ Տարբերակում են անդաստակային չորս գլխավոր կորիզներ՝ վերին (superior), կողմնային (lateralis), միջային (medialis) և վարընթաց (descending) կամ ստորին (inferior): Կողմնային և միջային անդաստակային կորիզները սկզբնավորում են անդաստակ-ողնուղեղային ուղիները։ Դիմային նյարդի կորիզն (n.n.facialis) իրականացնում է դիմախաղի մկանների նյարդավորումը։ Դիմային նյարդի կազմում ընթանում են նաև լեզվի առաջային մասի համային ընկալիչներից սկիզբ առնող զգացող նյարդաթելեր, ինչպես նաև վեգետատիվ պարասիմպաթիկ նյարդաթելեր (թմբկալար-chorda tympani),որոնք մասնակցում են ենթալեզվային և ենթածնոտային թքագեղձերի նյարդավորմանը։ Զատող նյարդը (n.n.abducens)  նույնպես ունի խառը կորիզ։ Նրա շարժիչ նյարդաթելերն ընթանում են դեպի ակնաշարժ մկանները։

Զգացող նյարդաթելերն իրենցից ներկայացնում են նույն մկանների սեփական ընկալիչները։ Եռվորյակ նյարդի բարդ կորիզը (ո.ո. trigeminus) հանդիսանում է հետին ուղեղում տեղադրված գանգուղեղային նյարդերի վերջին զույգը։ Նրա շարժիչ կորիզը նյարդավորում է ծամող մկանները, քիմքի վարագույրի և թմբկաթաղանթը ձգող մկանները։ Դեպի եռվորյակ նյարդի զգացող կորիզ տեղեկատվություն է հաղորդվում դեմքի մաշկի, բերանի ու քթի լորձաթաղանթի մեծ մասի ցավային, շոշափական, ջերմային զգացողության, ինչպես նաև ծամիչ մկանների, ատամների, գանգի ոսկրերի ոսկրաշապիկի սեփական զգացողության մասին։ Ուստի եռվորյակ նյարդը գլխի հիմնական զգացող նյարդն է։ Նրա զգացող արմատը բաղկացած է երեք ճյուղից՝ ակնակապճային, վերծնոտային և ստործնոտային։ Եռվորյակ նյարդի զգացող կորիզային համակարգի օգնությամբ, որոնք տեղակայված են սկսած միջին ուղեղից մինչև ողնուղեղի առաջին ողերը, եռվորյակ նյարդի առբերիչ նյարդաթելերը կազմավորում են մի շարք կոճղեզային ռեֆլեքսային ուղիներ։ Այդ ուղիներն ավարտվում են եռվորյակ, դիմային և մյուս գանգուղեղային նյարդերի շարժանեյրոնների վրա և մասնակցում են այնպիսի ռեֆլեքսային ռեակցիաների առաջացմանը, ինչպիսիք են ծամելը, թարթելը, լեզվի շարժումները, դիմախաղի ռեակցիաները, մարմնաընդերային ռեֆլեքսները։

Երկարավուն ուղեղի գորշ նյութի ծայրամասային-մեջքային հատվածը պարունակում է նաև ողնուղեղի հետին եղջյուրների զգացող ուղիների կորիզներ, որոնց հաղորդող ուղիները շարունակվում են դեպի ուղեղի այլ բաժիններ։ Դրանք Գոլլի նուրբ խրձի (fasc.Gracilis) և Բուրդախի սեպաձե խրձի (fasc.Cuneatus) կորիզներն են, որոնք տեղեկատվություն են հաղորդում շոշափական և սեփական ընկալիչներից։ Հետին ուղեղում տեղադրված է նաև ստորին ձիթապտղի կորիզների համալիրը (inferior olivary nuclei), որի նեյրոնները մեծ դեր են կատարում ոչ միայն վերընթաց տեղեկատվության հաղորդման գործում, այլև ուղեղիկի գործունեության հետ սերտ կապված պլաստիկ վերակազմավորումներում։
Բացի գանգուղեղային նյարդերի, կորիզներից և նշված կորիզային կառույցներից, որոնք ինչ որ չափով նմանվում են ողնուղեղային ներդիր ե շարժիչ կորիզներին, հետին ուղեղի կենտրոնական մասը զբաղեցված է նյարդային տարրերի հզոր զանգվածով, որն անմիջականորեն նյարդաթելեր չի ստանում ծայրամասային աղբյուրներից, ինչպես նաև չի ուղարկում շարժիչ նյարդաթելեր։ Նյարդային բջիջների այդ կուտակումր ստացել է ցանցանման (կամ ռետիկուլյար) գոյացություն (formatio reticularis) անվանումը։ Ցանցանման գոյացության նեյրոններն ունեն ցրված տեղադրություն կամ խմբավորված են կորիզներում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին