Հեշտոցի նախադուռը (vestibulum vaginae). Այն գտնվում է ծլիկի, փոքր ամոթաշրթերի ու հետին կպուկի միջև։ Նախադռան մեջ ծլիկի գլխիկից 2 սմ հետ բացվում են միզարձակման խողովակի արտաքին բացվածքը (orificium uretrae externum), նախադռան մեծ և փոքր զույգ գեղձերի ծորանները, որոնք արտադրում են սեկրետ, ինչպես նաև հեշտոցամուտքը (ostium vaginae), որը ծածկված է կուսաթաղանթով (hymen) կամ դրա մնացորդներով (carunculae hymenales): Նախադռան մեջ հեշտոցի բացվածքի երկու կողմերում բացվում են նախադռան մեծ գեղձերը կամ բարտոլինյան գեղձերը (glandulae vestibulares majores-glandulae Bartolini), որոնք ոլոռի մեծությամբ կլորավուն զույգ գեղձեր են, տեղավորված են մեծ շրթերի հիմքում (հետին 1/3), մոտավորապես հետին կպուկի սահմանում կամ քիչ առաջ, 1,0-1,5 սմ խորությամբ։
Դրանց երկարությունը 10-15 մմ է, լայնությունը4 6-8 մմ, ծորանի երկարությունը՝ 1,5-2,5 մմ։ Սրանք պատված են գեղձային թարթիչավոր էպիթելով, բացվում են փոքր շրթերի հիմքի մոտ, փոքր շրթերի և կուսաթաղանթի միացման սահմանում։ Շոշափման և սեղմման ժամանակ արտազատվում է սեկրետ, որը խոնավացնում է նախադուռը, արտազատուկն ունի ալկալիական ռեակցիա։ Ծորանի խցանման ժամանակ հնարավոր է նախադռան մեծ գեղձի կիստայի, իսկ վարակվելու դեպքում՝ բարտոլինիտի և թարախակույտի առաջացում։ Նախադռան փոքր գեղձերը (glandulae vestibularis minores) բացվում են միզուկի և հեշտոցի բացվածքների միջև։ Հեշտոցի նախադռան կոճղեզը (bulbus vestibuli) փապարային մարմնի տիպի կենտ, խիտ երակային հյուսակ է, որը ծածկված է սպիտակուցային թաղանթով։ Այդ գոյացությունը կազմված է աջ և ձախ մասերից, տեղակայված է մեծ և փոքր ամոթաշրթերի հիմքում՝ նախադռան և հեշտոցի ստորին հատվածի շրջանում, որը հեշտոցի մուտքը պայտաձև ընդգրկում է առջևից։ Կոճղեզի առաջային (վերին) նեղացած մասերը միանալով, գրկում են վերևից միզարձակման խողովակը։ Նախադռան կոճղեզի կողմնային մասերի հետին (հաստացած) ծայրերը ծածկում են նախադռան մեծ գեղձերը և հպվում են դրանց։ Կոճղեզի կողմնային մասերից յուրաքանչյուրն արտաքինից մասնակիորեն պատված է կոճղեզ-փապարային մկաններով։ Վիրաբուժական միջամտությունները և վնասվածքները այդ շրջանում հաճախ ուղեկցվում են առատ արյունահոսությամբ։ Հարուստ նյարդային վերջույթների ռեցեպտորները (Դոգելի մարմնիկներ) ապահովում են արյունալեցումը և փապարային մարմնիկների էրեկցիան, որը բարձրացնում է կնոջ գրգռականությունը սեռական ակտի ժամանակ։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին