Հեռատեսությունը աչքի օպտիկական թերություն է, որի դեպքում առարկայից եկող զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղթի վրա, այլ նրա հետևում: Տարբերում են թույլ, միջին և բարձր աստիճանի հեռատեսություն, որը որոշում են տեսապակիների օպտիկական ուժով, աչքի հարմարման (ակոմոդացիա) հանգստի պայմաններում դրված տեսապակին փոխում է աչքի մեջ ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունն այնպես, որ դրանք խաչվում են ցանցաթաղանթի վրա: Բնականոնից շեղում կարելի է համարել միայն բարձր աստիճանի հեռատեսությունը, որը, որպես կանոն, պայմանավորված է ակնագնդի զարգացման կասեցմամբ:

Հեռատես աչքի բեկունակությունը համեմատաբար թույլ է: Որպեսզի նույնիսկ հեռու գտնվող առարկայի պատկերը փոխադրվի ցանցաթաղանթի վրա, այն պետք է ուժեղացվի աչքի հարմարման` ոսպնյակի կորության մեծացման հաշվին: Մոտ գտնվող առարկաները պարզ տեսնելու համար աչքի հարմարման առավել լարվածություն է պահանջվում: Աչքի հարմարման չափից ավելի լարումը միջին և բարձր աստիճանի հեռատեսության ժամանակ կարող է առաջացնել տեսողության արագ հոգնելիություն և գլխացավ: Եթե աչքի հարմարումը չի ապահովում առարկաների պարզ պատկերը, ապա տեսողության սրությունը նվազում է:


Բուժում
Հավաքող տեսապակիներով ակնոցը լավացնում է տեսողության սրությունը և վերացնում աչքի հարմարման ավելորդ լարվածությունը: Երեխաների հեռատեսությունը շտկելու համար անհրաժեշտ է մշտապես ակնոց կրել: Թույլ կամ միջին հեռատեսության դեպքում մեծահասակներին սովորաբար ակնոց նշանակում են միայն աշխատանքի, իսկ բարձր աստիճանի դեպքում` նաև մշտական կրելու համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին