Ուղեղի արյունամատակարարումն իրականանում է առաջային և հետին արմատային զարկերակներով, որոնք առաջային և հետին նյարդարմատներով զարկերակային ցանց են առաջացնում փափուկ ուղեղապատյանում: Այստեղ առաջանում են երկայնաձիգ զարկերակներ, որոնցից գլխավորը առաջային միջակ ճեղքով անցնող ողնուղեղային առաջային զարկերակն է: Մազանոթային ցանցը գորշ նյութում ավելի խիտ է, քան սպիտակում: Ողնուղեղի երակները չեն ուղեկցում զարկերակներին: Ողնուղեղի ծայրամասից և առաջային միջակ ճեղքից եկող փոքր երակները ցանց են առաջացնում փափուկ ուղեղապատյանում, որը առավել խիտ է ողնուղեղի մեջքային մասում, որտեղից արյունը արտահոսում է առաջային և հետին արմատներին ուղեկցող երակների մեջ: 

Գլխուղեղի զարկերակային արյունամատակարարումը իրականանում է ներքին քնային և ողնաշարային զարկերակների շնորհիվ, որոնք ուղեղի հիմում միանում են՝ կազմելով հիմային զարկերակ: Այս զարկերակների ճյուղերը թափանցում են փափուկ ուղեղապատյանի մեջ, որտեղից էլ ավելի փոքր ճյուղերը մտնում են ուղեղանյութ: Մազանոթային ցանցը գլխուղեղի գորշ նյութում նույնպես ավելի լավ է զարգացած, քան սպիտակում: Ուղեղի մազանոթներն ունեն չընդհատվող էնդոթելային և լավ զարգացած հիմային թաղանթներ: Այստեղ՝ նյարդային հյուսվածքի և արյան միջև, տեղի է ունենում նյութերի ընտրողական տեղափոխություն, որին մասնակցում է նաև այսպես կոչված հեմատոէնցեֆալիկ պատնեշը: Հյուսվածքների և արյան միջև նյութերի ընտրողական տեղափոխությունը պայմանավորված է մազանոթների ձևաբանական առանձնահատկություններով (հոծ էնդոթելային շերտ՝ լավ զարգացած դեսմոսոմներով, խիտ հիմային թաղանթ), ինչպես նաև գլիոցիտների, մասնավորապես աստրոցիտների ելուստների, մազանոթների մակերևույթին առաջացրած շերտով, որը նեյրոններին սահմանազատում է անոթի պատից: 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին