Հաստ աղիքի միկրոֆլորանՀաստ աղիքում, ի տարբերություն մարսողական խողովակի վերին բաժինների, գոյություն ունեն մեծ քանակով մանրէներ: Ամբողջ ֆլորայի 90%-ը կազմում են սպոր չառաջացեող, պարտադիր անաերոբ ցուպիկները (Bifidus, Bacteroideuc), իսկ 10%-ը`ֆակուլտատիվ անաերոբ բակտերիաները (աղիքային ցուպիկ, կաթնաթթվային բակտերիաներ, ստրեպտոկոկեր և սպորակիր անաերոբներ): Հաստ աղիքի միկրոֆլորան ակտիվ մասնակցում է հետևյալ կենսական պրոցեսներին`

  • Խմորող բակտերիաների կողմից արտադրվող ֆերմենտների ազդեցությամբ տեղի է ունենում բջջաթաղանթի կազմության մեջ մտնող նյութերի ճեղքում (ցելյուլոզ, հեմիցելյուլոզ, պեկտին), որոնք չեն մարսվել բարակ աղիքում: Միկրոօրգանիզմները այդ ածխաջրերը խմորում են մինչև թթու արգասիքների (կաթնաթթու և քացախաթթու), մասամբ նաև`ալկոհոլի: Հիդրոլիզի նյութերը ներծծվում են հաստ աղիքում և օգտագործվում օրգանիզմի կողմից:
  • Նեխման բակտերիաների ազդեցությամբ տեղի է ունենում չճեղքված սպիտակոցների նեխում, որի ընթացքում մի կողմից առաջանում են օրգանիզմի համար թունավոր նյութեր (ինդոյ, սկատոլ, ֆենոլ, կրեզոլ և այլն), իսկ մյուս կողմից` կենսաբանորեն ակտիվ ամիններ (հիստամին, թիրամին), ինչպես նաև ջրածին, ծծմբային գազ և մեթան: Սպիտակուցների նեխման հետևանքով առաջացող թունավոր նյութերը, ներծծվելով արյան մեջ, դռներակով անցնում են լյարդ որտեղ ենթարկվում են թունազերծման` միանալով գլյուկուրոնա- կամ ծծմբաթթվի հետ: Առաջացած համալիր միացությունները չեն կարող թափանցել պլազմային թաղանթով և կորցնում են իրենց թունավոր ազդեցությունները: Լյարդի պատնեշային ֆունկցիան ապացուցելու համար էկկի և Պավլովի կողմից առաջարկվել է դռներակի և ստորին սիներակի միջև բերանակցում (անաստամոզ) ստեղծելու վիրահատություն: Այդպիսի կենդանին սպիտակուցային սննդով կերակրվելու դեպքում 2-3 օր անց մահանում է, քանի որ հաստ աղիքում առաջացած թունավոր նյութերը չեն վնասազերծվում լյւսրդում և անմիջապես անցնում են արյան ընդհանուր հոսք:
  • Միկրոֆլորայի ազդեցությամբ տեղի է ունենում ստաաքսաղիքային ուղու վերին բաժիններից, մասնավորապես բարակ 9 աղիքից մուտք գործած ֆերմենտների ապաակտիվացում: Այսպես, ապաակտիվացվում են էնտերոկինազը, հիմնային ֆոսֆատազը, տրիպսինը, ամիլազը և այլն:
  • Միկրոօրգանիզմները մասնակցում են լեղաթթուների զույգ եթերների, օրգանական մի շարք այլ նյութերի քայքայմանը, որի հետևանքով առաջանում են օրգանական թթուներ, նրանց ամոնիումային աղեր, ամիններ և այլն: Դրանք մասնակցում են սպիտակուցների, ֆոսֆոլիպիդների, լեղա- ու ճարպաթթուների, բիլիռուբինի, խոլեսթերինի փոխանակությանը
  • Հաստ աղիքի համակեցական միկրոֆլորան ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ ունի հակազդող ներգործություն և կանխում է նրանց ներթափանցումն ու զարգացումը: Զանազան հիվանդություններից կամ հակաբիոտիկների տևական ընդունումից այդ մանրէների բնականոն հարաբերությունը խանգարվում է, և բարենպաստ պայմաններ են ստեղծվում որոշ սնկերի, նախակենդանիների, ստաֆիլոկոկների և այլ միկրոօրգանիզմների բազմացման համար` առաջ բերելով մի շարք բարդություններ:
  • Աղիքային միկրոֆլորան սինթեզում է K,E և B խմբի (B6 և B12 ) վիտամիններ:

Աղիքային միկրոֆլորայի վիճակի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ` սննդի հետ թափանցած միկրոօրգանիզմները, տարբեր բնույթի սննդանյութերը, մարսողական հյութերի մանրէասպան հատկությունները, մանրէների հեռացմանը նպաստող աղիքների շարժումները: Այն գտնվում է նաև լորձաթաղանթում և մարսողական հյութերում գոյություն ունեցող իմունոգլոբուլինեերի հսկողության տակ: Կաթնամթերքը, հատկապես մածունը, կեֆիրը բարենպաստ պայմաններ են ստեղծում խմորող, իսկ մսեղենի չարաշահումը` նեխման բակտերիաների համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին