Կղազատումը հաստ աղիքի ստորին հատվածներից կղանքային զանգվածի հեռացումն Է: Դա նյարդային բարդ փոխհամաձայնեցված պրոցես Է, որի կենտրոնը գտնվում Է ողնուղեղի գոտկասրբանային բաժինների կողմնային եղջյուրներում:Այն փոխադարձ կապի մեջ Է միջին ուղեղի, ենթատեսաթմբի և կեղևային համապատասխան կենտրոնների հետ: Կղազատումն իրականանում Է ուղիղ աղիքի պատերի մկանների և նրա երկու սեղմանների (ներքին, հարթմկանային և արտաքին, միջաձիգզոլավորմկանային) փոխհամաձայնեցված գործունեության շնորհիվ: Կղազատումից դուրս երկու սեղմաններն Էլ գտնվում են լարումային կծկումային վիճակում: Ուղիղ աղիքում կղանքային զանգվածի կուտակումը, ստեղծելով բարձր ճնշում (40-50 մմ ս.ս.), գրգռում Է նրա լորձաթաղանթի ձգման մեխանաընկալիչները, որոնցից գրգիռները ամոթույքային և կոնքային նյարդերով հաղորդվում են կղազատության ողնուղեղային կենտրոն: Այստեղից սկիզբ առնող նույն նյարդերի Էֆերենտ պարասիմպաթիկ թելերով ազդակները գնում են ուղիղ աղիքի և նրա սեղմանների մկաններին' առաջացնելով ուղիղ աղիքի մկանների կծկում և սեղմանների թուլացում:

Արդյունքում կղանքը հեռանում է արտաքին աշխարհ: Կղազատմանը նպաստում են որովայնի պատի և ստոծանու մկանների կծկումները: Ուղիղ աղիքը ներվավորող սիմպաթիկ նյարդերի ազդեցությամբ նրա շարժումները ընկճվում են, սեղմանների լարվածությունը մեծանում է, կղազատումը արգելակվում: Ողնուղեղի հատումը կղազատման կարգավորման ողնուղեղային կենտրոնից վեր վերացնում է պրոցեսի կեղևային հսկողությունը, և այն դառնում է ակամա: Նշված կենտրոնի վնասումը թուլացնում է ուղիղ աղիքի սեղմանների լարվածությունը, և կղազատումը դառնում է անընդհատ: Որոշ ժամանակ անց հաստ աղիքի ինտրամուրալ հանգույցների և մկանների ավտոմատիզմի հաշվին կղազատման պրոցեսը մասնակիորեն վերականգնվում է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին