Հաստ աղին ունի կարևոր ֆունկցիաներ՝ սննդախյուսը ինտենսիվ ներծծում է ջուրը և ձևավորում կղանքային զանգվածը: Հեղուկների ներծծման ֆունկցիան օգտագործվում է բժշկական պրակտիկայում՝ հոգնայով հիվանդներին սննդանյութեր ներարկելու համար: Հաստ աղիում արտազատվում է զգալի քանակությամբ լորձ, որը հեշտացնում է սննդանյութերի անցումը աղիքով և նպաստում չմարսված մասնիկների սոսնձմանը: Հաստ աղու ֆունկցիաներից մեկը արտազատականն է: Այդ աղիքի լորձաթաղանթի միջով արտազատվում են մի շարք նյութեր, օրինակ՝ կալցիում, մագնեզիում, ֆոսֆատներ, ծանր մետաղների աղեր և այլն: Հաստ աղիքում սինթեզվում է վիտամին K և վիտամին B: Այս պրոցեսը տեղի է ունենում միկրոֆլորայի մասնակցությամբ: Բակտերիաների օգնությամբ հաստ աղիում բջջանյութը մարսվում է:

Խթաղու և ուղիղ աղու կոնքային մասի էպիթելը զարգանում է էնտոդերմից: Ուղիղ աղու հետանցքային ծայրի մաշկային և միջանկյալ գոտիներում էպիթելն ունի էկտոդերմալ ծագում: Աղիքային և մաշկային տիպի էպիթելների միջև սահմանը թույլ է արտահայտված և գտնվում է ուղիղ աղիքի սյունաձև ու միջանկյալ գոտիների միջև: Աղիքային խողովակի էպիթելն աճում է սաղմի ներարգանդային կյանքի 6–7–րդ շաբաթների ընթացքում: Սաղմի լորձաթաղանթում թավիկները և կրիպտաները սաղմնադրվում են համարյա միաժամանակ: Հետագայում այստեղ ներաճում է մեզենքիման, որն առաջացնում է թավիկների խիստ արտափքում աղու լուսանցքի մեջ: Սաղմնային զարգացման 4–րդ ամսում հաստ աղու սաղմը պարունակում է մեծ քանակությամբ թավիկներ: Այնուհետև լորձաթաղանթի մակերեսի աճը ձգում և հարթեցնում է այդ թավիկները: Էմբրիոգենեզի վերջում հաստ աղիում արդեն թավիկներ չկան: Խթաղու մկանային թաղանթը զարգանում է ներարգանդային շրջանի 3–րդ ամսում, իսկ լորձաթաղանթի մկանային թիթեղը՝ սաղմի զարգացման 4–րդ ամսում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին