Հասկացությունները մտածողության ձևերի հիերարխիկ շարքում առաջինն են։ Դրանք արտացոլում են երևույթների կամ առարկաների ամենակարևոր և էական հատկությունները։ Տարբերում ենք հասկացության երկու ձև՝ վերացական և կոնկրետ։ Վերացական հասկացությունն արտահայտում է առարկայի, երևույթի, գործողության վիճակը, որակներն ու հատկությունները։ Սրանք առաջանում են իրականությունից վերացարկվելու պայմաններում՝ էական հատկություններն առանձնացնելու նպատակով։ Այս շարքի հասկացություններից են «հիվանդությունը», «երջանկությունը», «արատը» և այլն։ Կոնկրետ հասկացությունների շարքին են դասվում բուն առարկաների կամ երևույթների հասկացությունները, օրինակ, «հիվանդ», «գրիչ» և այլն։ Դատողությունները մտածողության ձևերից հաջորդն են հիերարխիկ շարքում։ Առաջինները, եթե արտացոլում են առարկաների կամ երևույթների էական հատկանիշներն ու նրանց ընդհանրությունը, ապա դատողություններն արտացոլում են այդ հատկությունների կապերն ու հարաբերությունները։ Այլ կերպ ասած, դատողությունները մտածողության այն ձևն են, որոնք ձևավորվում են հասկացությունների հիման վրա՝ վերջիններիս ժխտմամբ կամ հաստատմամբ։

Մեկից ավելի դատողություններից ձևավորվող նոր դատողությունը կոչվում է եզրահանգում։ Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։ Մտածողությունը դիտվում է որպես ինտելեկտի հիմնական բաղադրիչ։ Ինտելեկտի վերաբերյալ առկա են զանազան մոտեցումներ, որոնք կարելի է միավորել հետևյալ կերպ՝

  • Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղությունն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։ Ինտելեկտի նախադրյալ են համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները։
  • Ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների հարաբերական կայուն կառուցվածքն է, այն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, կողմնորոշման, քննադատության նոր իրավիճակում հարմարվածողության ունակություն։
  • Ինտելեկտը հասկանալու, վերարտադրելու, ձեռք բերած գիտելիքները մոբիլիզացնելու և նոր իրավիճակներում կառուցողականորեն վերամշակելու հնարավորությունն է։
  • Ինտելեկտը մարդու խելքի աստիճանն է և մտածողության մեխանիզմների կիրառման ունակությունը։
  • Ինտելեկտը բարդ համալիր հասկացություն է, որը միավորում է դատողություններ և եզրահանգումներ կատարելու անհատի ունակությունը, գլխավորն առանձնացնելու, նոր իրավիճակում հարմարվելու, գիտելիքներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։


 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին