Հարթ մկանունքը գտնվում է ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում, մաշկում։ Հարթ մկանային բջիջները միակորիզ, իլիկաձև են 50-400մկմ երկարությամբ և 2-10 մկմ հաստությամբ։ Հարթ մկաններում առանձին բջիջներ միմյանց հետ կապված են էլեկտրական ցածր օհմային հպումներով՝ նեքսուսներով և առաջացնում են ցանց, որին միահյուսվում են քոլագենային թելեր։ Հարթ միոցիտները միմյանցից բաժանված են նեղ ճեղքերով (60-150 նմ)։ Հարթ մկանում դրդումը նեքսուսներով էլեկտրոտոնային ճանապարհով տարածվում է մի բջջից մյուսը։ Հարթ մկաններում տեղավորված են նույնպիսի սարկոմերներով մկանաթելիկներ, ինչպես միջաձիգ զոլավոր մկաններում։ Սակայն ակտինային և միոզինային նախաթելիկները կանոնավոր չեն դասավորված, որի հետևանքով դրանք զուրկ են միջաձիգ զոլավորությունից։ Հարթ մկանային բջիջները նույնպես կարճանում են թելիկների սահելու հետևանքով, բայց սահելու և ԱԵՖ-ի ճեղքման արագությունը 100-1000 անգամ ավելի փոքր է, քան միջաձիգ զոլավոր մկաններում։

Դրա համար էլ հարթ մկանները հատկապես լավ են հարմարված երկարատև կայուն, առանց հոգնելու կծկման ու ծախսում են շատ քիչ էներգիա։ Կծկման լարվածությունը մկանի լայնական հատվածքի միավորի համար երկու ձևի մկաններում էլ միատեսակ է (30-40Ն/սմ2) և երկարատև լարման ժամանակ դրանք կարող են միատեսակ բեռնվածություն պահել սակայն նույն պրոցեսի համար հարթ մկանները 100-500 անգամ ավելի քիչ էներգիա են ծախսում։ Բարձրակարգ կենդանիների և մարդու օրգանիզմում հարթ մկանները դանդաղ լարումային կծկումների հետևանքով պայմանավորում են ներքին օրգանների պարունակության տեղաշարժը, սեղմանների աշխատանքը, զարկերակների, զարկերակիկների պատերի լուսանցքը ն այլն։ Զարկերակների պատերի մկանային շերտի լարումը կարգավորում է լուսանցքի և արյան ճնշման մեծությունը։ Ինքնաբերականությամբ օժտված հարթ մկանների հանգստի պոտենցիալը 30-70մՎ է (միջինը .50մՎ)։ Կմախքային մկանների համեմատությամբ հանգստի պոտենցիալի փոքր մեծությունները պայմանավորված են նրանով, որ հարթ մկանաբջջի թաղանթը հանգիստ պայմաններում մեծ թափանցելիություն ունի Na* իոնների համար։

Հարթ մկանների գործողության պոտենցիալը ավելի փոքր է, քան կմախքային մկաններինը, իսկ տևողությունն ավելի մեծ է։ Միշտ չէ, որ ԳՊ գերազանցում է ՀՊ և ավելացումը կազմում է ընդամենը 10-20մՎ։ Ներքին օրգանների հարթ մկաններում գրանցվում են երկու տեսակի ԳՊ սեպանման, 5-80 մվրկ տևողությամբ և հարթ՝ 30-500 մվրկ տևողությամբ (միզուկի, արգանդի և որոշ անոթների հարթ մկաններ)։ Հարթ մկանների ԳՊ-ի առաջացման իոնային մեխանիզմը տարբերվում է կմախքային մկաններից։ Հարթ մկանաբջջի թաղանթի ապաբևեռացումը պայմանավորված է էլեկտրադրդունակ կալցիումական անցուղիներով, որոնք թափանցելի են նաև այլ երկվալենտ կատիոնների (Ba2+, Sr2+) և Na+ իոնների համար։ Ի տարբերություն նատրիումական անցուղիների, կալցիումական անցուղիներն ակտիվանում և ապաակտիվանում են ավելի դանդաղ։

Հարթ մկաններում դրդումը հաղորդվում է երկու մեխանիզմով։ Ինչպես նյարդային և կմախքային մկանաթելերում, հարթ մկաններում դրդումը ևս տարածվում է տեղային էլեկտրական հոսանքներով, որոնք առաջանում են թելիկի ապաբևեռացված և բևեռացված հատվածների միջև։ Հարթ մկանաբջիջներում ԳՊ մեկ բջջից հաղորդվում է մյուսին։ Դրա հիմնական պատճառն այն է, որ բջիջների հպման հատվածներում` նեքսուսներում կան փոքր դիմադրությամբ օժտված հատվածներ, որոնցով հոսանքագալարը մեկ թելիկից հաղորդվում է մյուսին և առաջացնում հարևան բջջի թաղանթի ապաբևեռացում։ Այս առումով հարթ մկանները նման են սրտամկանին, միայն ԳՊ տարածվում է համեմատաբար փոքր տարածության վրա։ Դրդման հաղորդման արագությունը տարբեր հարթ մկաններում միատեսակ չէ։ Այն կազմում է 2-10 սմ/վրկ և կախված է մկանաթելերի երկարությունից։ Հարթ մկանները նյարդավորվում են ինքնավար նյարդային համակարգով, մետասիմպաթիկ նյարդային ցանցով և կարգավորվում տեղային հումորալ ու ֆիզիկական ազդեցություններով։ Որոշ հարթ մկանային բջիջներ չեն նյարդավորված և կարգավորվում են անուղղակիորեն` այլ հարթ մկանաբջիջների կողմից։

Ըստ գործառական առանձնահատկությունների հարթ մկանները բաժանվում են ինքնածին և ոչ ինքնածին ակտիվությամբ օժտված մկանային խմբերի։ Ինքնածին ակտիվությամբ օժտված մկանները Հարթ մկաններ(ռիթմավարները) ընդունակ են կծկվելու նաև նյարդային և հումորալ ազդակների բացակայությամբ։ Օրինակ, աղիքի, միզածորանի, ստամոքսի և արգանդի մկանները մեկուսացնելիս, նյարդազերծելիս կամ ներպատային հանգույցների նեյրոնները շրջափակելիս առաջացնում են ինքնածին պրկանքանման կծկումներ։ Ուստի գործողության պոտենցիալներն ունեն մկանածին ծագում։ Այդպիսի բջիջների ՚ թաղանթի դանդաղ ինքնածին ապաբևեռացումը (նախապոտենցիալ) տատանվում է 30-70 մՎ։ Եթե ՀՊ իջնում է մինչև որևէ կրիտիկական մակարդակի, ծագում է օղակաձև բնույթի ԳՊ, որն էլ առաջացնում է մկանի կծկում։ Եթե ռիթմավար բջջի թաղանթը մի քանի վայրկյանի կամ րոպեների ընթացքում ապաբևեռացման վիճակում է, ծագում ԴՊ, որն էլ առաջացնում է պրկանքային կծկում։ Այս մկաններում պրկանքը զարգանում է ԳՊ-ի շատ փոքր հաճախությունների դեպ-քում։

Ռիթմավար բջիջների ԳՊ հաճախության պարբերական փոփոխությունները նյարդային համակարգի ազդեցությամբ փոփոխում են մկանածին լարումը և ստեղծում հարթ մկանների շարժողական ակտիվության ավելի բարդ ձներ։ Հարթ մկանային բջիջներն օժտված լինելով առաձգականությամբ և ճկունությամբ, կարող են որոշ աստիճանի ձգման դեպքում ապաբևեռանալ և ձգմանը պատասխանել կծկումով։ Այս երևույթն ընկած է անոթների, միզապարկի և այլ ներքին օրգանների հարթ մկանների լարման ծայրամասային ինքնակարգավորման մեխանիզմոււմ։ Այս երևույթի մեխանիզմը հետևյալն է։ Ուժեղ ձգումն ակտիվացնում է կծկումը, որը պայմանավորված է մկանի ձգման ժամանակ ռիթմավար բջիջների ապաբևեռացման աճմամբ, իսկ դա ուղեկցվում է ԳՊ հաճախության բարձրացմամբ։ Լիցքերի հաճախության բարձրացումն էլ ուժեղացնում է կծկումը։ Մկանների ձգմամբ պայմանավորված կծկումը կարևոր նշանակություն ունի արյունատար անոթների լարման ինքնակարգավորման պրոցեսում և միաժամանակ ապահովում է մեզով լցված միզապարկի ինքնաբերական դատարկումն այն դեպքում, երբ նյարդային կարգավորումը բացակայում է։

Ինքնածին ակտիվությունից զուրկ հարթ մկանները կծկվում են ինքնավար նյարդային համակարգով հաղորդվող ազդակներով։ Ի տարբերություն աղիքի մկանի, զարկերակաների, սերմնածորանների և աչքի ծիածանաթաղանթի մկանային բջիջներն ունեն ավելի խիտ նյարդավորում և թույլ զարգացած միջբջջային էլեկտրական հպումներ։ Դրանց լարվածությունը և լարվածության տատանումները հիմնականում նյարդածին բնույթի են։ Առանձին նյարդային ազդակներ չեն կարող այդպիսի բջիջների թաղանթի ապաբևեռացում ու կծկում առաջացնել։ Նման մկաններում ԳՊ և կծկումը վրա է հասնում միայն ազդակների հաջորդական շարքի դեպքում (1 ազդակ/վրկ և ավելի բարձր հաճախությամբ)։

Ի տարբերություն կմախքային մկանների, հարթ մկանների մեծ մասն օժտված է պլաստիկությամբ, այսինքն ընդունակ են ձգման հետևանքով առանց փոխելու լարվածությունը պահպանել իրենց երկարությունը։ Պլաստիկությունը կարևոր նշանակություն ունի սնամեջ օրգանների պատերի հարթ մկանների բնականոն գործունեության համար։ Օրինակ, միզապարկի պատերի մկանների պլաստիկության շնորհիվ, անկախ լցման աստիճանից, նրանում ճնշումը հարաբերականորեն շատ քիչ է փոխվում։ Հարթ մկանները գործում են որպես գործառական մկանացանց, այսինքն ԳՊ և ապաբևեռացման դանդաղ ալիքներն անարգել մեկ մկանաթելից հաղորդվում են մյուսին։ Շարժիչ նյարդավերջույթները սինապսային կապի մեջ են գտնվում ոչ մեծ թվով հարթ մկանաթելերի հետ։ Հարթ մկաններում էլեկտրամեխանիկական կապակցումն իրականանում է Са2+ իոններով, որոնք ներթափանցում են միջբջջային տարածությունից և սարկոպլազմային ցանցից։ Թաղանթի անցուղիները Са + և այլ երկվալենտ իոններից բացի թափանցելի են նան. նատրիումի իոնների համար։ Կալցիումական անցուղիներներն ակտիվանում և ապաակտիվանում են ավելի դանդաղ, քան նատրիումականը և շրջափակվում են իզոպտինով, La3+, Mn2+ իոններով։ Գործնական բժշկության մեջ իզոպտինն օգտագործվում է անոթների կծկանքը .կանխելու և վերացնելու համար։

Հարթ մկաններում Ca2+ իոնների մասնակցությամբ կծկման առաջացումը որոշ չափով ունի այլ մեխանիզմ։ Կալցիումի իոններն ազդում են կալմոդուլին սպիտակուցի վրա, որն էլ ակտիվացնում է միոզինի թեթև շղթաների կինազներին։ Դա հանգեցնում է ԱԵՖ-ից ֆոսֆորական խմբի տեղափոխմանը միոզինի վրա և կծկման արագացմանը։ Հարթ մկաններում տրոպոնին-տրոպոմիոզին համակարգի առկայության մասին տվյալներ չկան։ Սարկոպլազմայից կալցիումի իոնները հեռացնելիս ֆոսֆատազան ապաֆոսֆորիլացնում է միոզինին և այն կորցնում է ակտինի հետ միանալու հատկությունը։ Հարթ մկանային բջիջների մեծ մասի թուլացման ժամանակ սարկոպլազմայից կալցիումի իոնները դուրս են բերվում բջջաթաղանթով։ Քանի որ հարթ մկանների սարկոպլազմային ցանցը թույլ է զարգացած ե Ca2+ իոնները դանդաղ են տեղափոխվում բջջաթաղանթով, ուստի դրանց թուլացումն առավել դանդաղ է ընթանում կմախքային մկանների համեմատությամբ։ Վերջիններիս նման հարթ մկանները թուլանում են, երբ նրանցում Ca2+ իոնների քանակը իջնում է 10-8 մոլ/լ-ից։ Հարթ մկանաբջջի թաղանթում կան Ca2+ իոնները փոխադրող երկու համակարգեր, ա) շարժուն փոխադրիչների համակարգ, որոնք ներբջջային Ca2+ փոխանակում են արտաբջջային Na+ իոններով, բ) կալցիումական պոմպ (Ca-ԱԵՖ-ազա), որն ԱԵՖ-ի էներգիան օգտագործում է Ca2+ իոնները միջբջջային միջավայր փոխադրելու համար։ Բացահայտված է, որ կալցիումական պոմպը շատ թույլ է, որով մասամբ կարելի է բացատրել հարթ մկանների դանդաղ թուլացումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին