Ալկոհոլային ծագում ունեցող հոգեկան խանգարումների շարքում հարբեցատենդը իր հաճախականությամբ գրավում է առաջին տեղը։ Պսիխոզը կարող է առաջանալ ինչպես մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելու ընթացքում, այնպես էլ խմելը դադարեցնելուց հետո։ Պսիխոզի առաջացմանը հաճախ նպաստում են լրացուցիչ վնասաբեր ազդակները (վարակիչ հիվանդություններ, ջերմության բարձրացում, գանգուղեղային վնասվածքներ, վիրահատություններ, հյուծվածություն և այլն ): Պսիխոզը կարող է սկսվել հանկարծակի, սուր ձևով, մանավանդ, եթե առկա է լրացուցիչ որևէ ազդակ։ Սակայն ավելի հաճախ մի քանի օր առաջ հանդես են գալիս նախանշաններ, հիվանդի քունը խանգարվում է, դառնում խիստ անհանգիստ, ընդմիջվող, տրամադրությունն ընկնում է ուղեկցվելով վախի և տագնապի երևույթներով, ձեռքերի դողն ավելի արտահայտված է դառնում, հատկապես երեկոյան ժամերին հանդես են գալիս ահաբեկիչ բնույթի հիպնագոգիկ ցնորքներ։

Հիվանդությունն սկսվում է գիտակցության մթագնմամբ, տեղի, ժամանակի, իրադրության կողմնորոշման խանգարմամբ, բացառությամբ ես-ի կողմնորոշման, որն այս դեպքում չի տուժում։ Գիտակցության խանգարման ֆոնի վրա առաջին պլանում հանդես են գալիս վառ ու բազմատեսակ տեսողական ցնորքներ, հատկապես տեսնում են անընդհատ շարժման մեջ գտնվող միջատներ, սողուններ, մանր կենդանիներ (առնետներ, մկներ, փոքրիկ սատանաներ), գազաններ, հրեշներ և այլն։ Լսում են նրանց ձայները (մռնչոցներ ու ծվծվոցներ) այդ բոլորից ապրելով ուժեղ վախ ու սարսափ։ Հիվանդները դառնում են զգայախաբական այդ ամբողջ իրադրությունների ակտիվ մասնակիցը, հարձակվում են, պաշտպանվում, թաքնվում կամ փախչում, իրենցից հեռացնում աչքերին երևացող տեսիլքները աշխատելով բռնել նրանց, ընդ որում այդ վիճակում նրանք կարող են կատարել զանազան վտանգավոր գործողություներ` սարսափած վիճակում դուրս թռչել պատուհանից, սպանություններ կատարել և այլն։ Ցնորքների հետ սերտորեն կապված են զառանցական մտքերը, որոնք անկայուն և կտրտված բնույթ են կրում։ Երբեմն ցնորազառանցանքային ապրումների և շարժողական գրգռվածության մեջ արտացոլվում են հիվանդի ամենօրյա աշխատանքն ու մասնագիտական գործունեության տարրերը («պրոֆեսիոնալ դելիրիում»). այսպես, օրինակ ավտովարորդը մահճակալի վրա նստած «ավտոմեքենա է վարում», ծեփագործը պալատի պատերի վրա «ծեփագործությամբ» է զբաղվում և այլն։

Հարբեցատենդի ժամանակ հոգեկան սուր խանգարումներն ուղեկցվում են մի շարք մարմնական ախտանշաններով։ Դրանցից հատկապես աչքի է զարնում ամբողջ մարմնի, ծայրանդամների, լեզվի դողը։ Հարբեցատենդին բնորոշ այդ դողոցների հետևանքով հիվանդի քայլվածքը դառնում է անհաստատ, երերուն, իսկ խոսքը՝ թլվատ։ Ջերմաստիճանը սովորաբար լինում է սուբֆեբրիլի սահմաններում, սակայն ծանր դեպքերում կարող է հասնել բարձր աստիճանների։ Նշվում է առատ քրտնարտադրություն, երակազարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում։ Լուրջ փոփոխություններ են նշվում նաև ներքին օրգաններում և արյան մեջ որպես քրոնիկական ալկոհոլամոլությանը զուգահեռ ընթացող բարդություններ։ Հարբեցատենդի ինչպես սկզբնական, այնպես էլ լավացման (անձի ասթենիզացման) շրջանում հիվանդի բարձր ներշնչվելիության հետևանքով արհեստականորեն կարելի է առաջացնել մի շարք բնորոշ ախտանշաններ։ Դրանցից են Լիպմանի ախտանշանը, երբ հիվանդի ակնագնդերը սեղմելով և ներշնչելով, որ նա ինչ-որ բան է տեսնում, հնարավոր է լինում առաջացնել տեսողական ցնորքներ։

Աշաֆենբուրգի ախտանշանի ժամանակ հիվանդի ականջին որևէ առարկա մոտեցնելու ու հարցնելու, դեպքում թե ինչ է լսում, նա սկսում է «հեռախոսով» խոսել երևակայական զրուցակցի հետ։

Ըստ Ռայխարդի ախտանշանի հիվանդին մաքուր թուղթ տալու և կարդալ առաջարկելու դեպքում նա սկսում է կարդալ կարծեցյալ տեքստը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին