Համի օրգանՀամի օրգանը (organum gustus) հիմային կոճղեզների (caliculi gustatoriae) ամբողջությունն է՝ տեղադրված մարդու լեզվի խրամատապատ, թերթանման պտկիկների կողմնային պատերի բազմաշերտ էպիթելում և սնկանման պտկիկների գլխիկներին: Երեխաների, երբեմն նաև մեծերի մոտ հիմային կոճղեզները լինում են շրթունքների, մակկոկորդի արտաքին ու ներքին երեսներին, ձայնալարերի վրա: Կոճղեզների քանակը հասնում է 2000–ի, որոնցից մոտ 50%–ը գտնվում է խրամատապատ պտկիկներում: Համային կոճղեզների սաղմերի զարգացման առաջին նշանները հայտնաբերվում են 60 մմ երկարությամբ մարդու սաղմի լեզվի պտկիկներում: Համային կոճղեզների բջիջների տարբերակման աղբյուր է պտկիկների սաղմնային բազմաշերտ էպիթելը, որը ենթալեզվային, լեզվաըմպանային և թափառող նյարդերի նյարդաթելերի վերջավորությունների ինդուկցող ազդեցությամբ ենթարկվում է հատուկ տարբերակման: Այսպիսով, համային կոճղեզների նյարդավորումը սկսվում է նրանց սաղմերի առաջացմանը համընթաց:

Յուրաքանչյուր համային կոճղեզ ձվաձև է և պատում է պտկիկի բազմաշերտ էպիթելը: Այն կազմված է միմյանց սերտ միացած 40–60 բջիջից, որոնցում տարբերում են 3 տիպ՝ ընկալիչ, նեցուկային և հիմային: Ենթադիր շարակցական հյուսվածքից համային կոճղեզը սահմանազատվում է հիմային թաղանթով: Կոճղեզի գագաթը լեզվի մակերեսի հետ հաղորդակցվում է բացվածքի՝ համային անցքի (porus gustatorius) օգնությամբ: Վերջինս ձգվում է դեպի համային փոսը, որը կազմված է համազգաց բջիջների գագաթային մասերից: Համազգաց էպիթելոցիտները (epitheliocytus sensorius gustatoriae) միմյանցից բաժանվում են նեցուկային էպիթելոցիտներով: Նրանց կորիզները ունեն ձվաձև տեսք և գտնվում են բջիջների հիմերի մոտ: Համային բջիջների բջջանյութը գագաթային մասում հարուստ է հարթ էնդոպլազմատիկ ցանցով և միտոքոնդրիումներով: Համային բջիջների գագաթային ծայրում կան միկրոթավիկներ, որոնց շնորհիվ բավական մեծանում է ընդունող թաղանթի մակերեսը: Միկրոթավիկների միջև՝ համային փոսիկում, կա էլեկտրոնախիտ նյութ՝ ֆոսֆատազների բարձր ակտիվությամբ, սպիտակուցների ու մուկոպրոտեիդների մեծ պարունակությամբ, որոնք լեզվի մակերեսին ընկած համային նյութերի համար ադսորբենտի դեր են կատարում: 

Լեզվի առաջային մասի համային կոճղեզներում հայտնաբերվել է քաղցրազգաց ընկալիչ սպիտակուց, հետին մասում՝ դառնազգաց: Համային նյութերը ադսորբվում են միկրոթավիկների ցիտոլեմայի հարթաթաղանթային շերտում, որտեղ գտնվում են յուրահատուկ ընկալիչ սպիտակուցներ: Միևնույն համային բջիջն ընդունակ է ընկալել մի քանի համային գրգիռներ: Գրգռիչի ազդեցության տակ տեղի են ունենում ընկալիչ սպիտակուցային մոլեկուլների կոնֆորմացիոն փոփոխություններ, որոնք էլ նպաստում են ազգաց էպիթելոցիտների թաղանթի թափանցելիության տեղային փոփոխությանը և պոտենցիայի առաջացմանը: Այդ պրոցեսը նման է խոլիներգիկ նյարդակապերում կատարվող պրոցեսին, թեև հնարավոր է նաև այլ մեդիատորների մասնակցությունը: Յուրաքանչյուր համային կոճղեզի մեջ մտնում ու ճյուղավորվում է շուրջ 50 առբերող նյարդաթել, որոնք սինապս են կազմում ընկալիչ (ռեցեպտոր) բջիջների հիմային բաժինների հետ: Գրգիռը համային կոճղեզներից ազդակներով հաղորդվում է նյարդային վերջավորություններ, իսկ այնտեղից էլ՝ կենտրոնական նյարդային համակարգի համային անալիզատորի կենտրոնական օղակներ, ուր ձևավորվում են համային զգայության մասին պատկերացումները:

Նեցուկային էպիթելոցիտները (epitheliocytus sustentans) բնորոշվում են մեծ կորիզի առկայությամբ, լավ արտահայտված հատիկավոր և ոչ հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցի տարրերով, Գոլջիի կոմպլեքսով, տոնոֆիբրիլների խրձերի առկայությամբ: Համային կոճղեզի հիմային բաժնում նրանք շրջապատում և մեկուսացնում են համային բջիջներն ու նյարդաթելերը և մասնակցում գլիկոպրոտեիդների արտազատման գործընթացներին: Հիմային էպիթելոցիտները դասավորված են հիմային թաղանթի վրա և ի տարբերություն զգացող ու նեցուկային բջիջների՝ չեն հասնում էպիթելային շերտի մակերեսին: Դրանք քիչ մասնագիտացված բջիջներ են, որոնցից, ըստ երևույթին, զարգանում են նեցուկային և համազգաց էպիթելոցիտները: Նյարդաթելերը, որոնք մտնում են համային կոճղեզի մեջ, ենթադիր շարակցական հյուսվածքից գնում են նեցուկային էպիթելոցիտների երկայնքով և վերջանում զգացող բջիջների կողմային մակերեսին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին