Վարակիչ հիվանդություններն առաջանում են միայն այն ժամանակ, երբ այս կամ այն հիվանդության հարուցիչը ներդրվում է կենդանի օրգանիզմ։ Մանրէ - հարուցիչը, ինչպես առհասարակ բոլոր կենսաբանական տեսակները, կարող են պահպանվել բնության մեջ միայն այն ժամանակ, երբ առկա է նրանց բազմացման և տեսակի պահպանման անընդհատ շղթան։ Համաճարակային պրոցեսը սերտորեն առնչվում է ինֆեկցիա հասկացության հետ, առանց որի այն գոյություն ունենալ չի կարող։ Հարուցիչների օրգանիզմ ներթափանցումից հետո մարդու կամ կենդանու և միկրոօրգանիզմի միջև առաջանում են որոշակի փոխհարաբերություններ՝ սկսած վարակակրությունից, մինչև բավականին բացահայտ կլինիկական, հիվանդագին վիճակ։

Վարակիչ հիվանդությունների տարածման հետևանքով մարդկային հասարակության մեջ առաջանում են համաճարակային օջախներ։ Համաճարակային պրոցեսը համաճարակագետների ուսումնասիրության հիմնական օբյեկտն է։ Համաճարակային պրոցեսն առաջանում, իսկ հետո պահպանվում է երեք գործոնների առկայության դեպքում.
1. վարակի աղբյուր (հարուցիչի կրող մարդ կամ կենդանի),
2. գործոններ և ուղիներ, որոնք ապահովում են վարակված
օրգանիզմից հարուցիչների փոխանցումն առողջ օրգանիզմին (օրինակ
ջուր, սննդամթերք, կենցաղի առարկաներ, արյունածուծ միջատներ և այլն),
3. ազգաբնակչության ընկալությունը տվյալ ինֆեկցիայի նկատմամբ։

Ապահովելով հարուցիչների գեներացիայի անընդհատ հերթափոխը՝ համաճարակային պրոցեսը պահպանում է հարուցչի կենսունակությունը որպես կենսաբանական տեսակ։ Ուրիշ խոսքով, համաճարակային պրոցեսը կենսաբանական այն պրոցեսն է, որը ներառում է մանրէ և օրգանիզմ հարաբերությունը։ Սակայն, ուսումնասիրելով հասարակության մեջ վարակիչ հիվանդությունների տարածվածության օրինաչափությունները, չպետք է անտեսել մանրէ-հարուցիչների իրենց բնական միջավայրում պահպանվելու հատկությունը։ Համաճարակային պրոցեսի 3 շարժիչ ուժերը կարող են դառնալ իրոք շարժիչ ուժեր այն ժամանակ, երբ այդ պրոցեսին մասնակցում են բնական և սոցիալ-տնտեսական պայմանները, որոնք կարող են մի դեպքում արագացնել, իսկ մյուս դեպքում՝ ճնշել համաճարակային պրոցեսը։ Բնակլիմայական պայմաններն ուղղակի ազդեցություն ունեն մի շարք վարակիչ հիվանդությունների վրա։ Այդ հիվանդություններից հատկանշական է մալարիան։ Ինչպես գիտենք, մալարիայի հարուցիչների (պլազմոդիումների) սեռական զարգացման ցիկլը (սպորոգոնիա) կատարվում է այս հիվանդության փոխանցողների անոֆելես մոծակների օրգանիզմում։ Ապորոգոնիկ ցիկլի ավարտման համար պահանջվում է օդի որոշակի ջերմություն և հարաբերական խոնավություն։ Օդի նվազագույն ջերմությունը, որի ժամանակ կարող է ընթանալ հարուցիչների սեռական զարգացումը, համարվում է 15,5-16° C-ը, ուստի՝ այն վայրերում, ուր չկան համապատասխան կլիմայական պայմաններ (չնայած նրան, որ առկա են հիվանդները և փոխանցողները, ինչպես նաև մալարիայի նկատմամբ ընկալ մարդիկ) հիվանդությունը չի կարող տարածվել, քանի որ անբարենպաստ կլիմայական պայմաններն արգելակում են փոխանցման մեխանիզմը։

Համաճարակային պրոցեսի վրա որոշակի ազդեցություն ունեն սոցիալ-տնտեսական պայմանները (ազգաբնակչության տնտեսական և նյութական պայմանները, բնակչության խտությունը, բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը, բնակչության աշխատանքի ու կենցաղի պայմանները, պատերազմները, սովը, առողջապահության վիճակը, մարդկանց սանիտարահիգիենիկ գիտելիքների մակարդակը և այլն)։ Օրինակ՝ բարձրորակ ջրամատակարարումը, կոյուղացումը, բնակավայ-րերի սիստեմատիկ մաքրումը, հարդարումը զգալիորեն նպաստում են աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործին։ Մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում հսկայական նշանակություն ունեն ազգաբնակչության զանգվածային նախազգուշա-կան պատվաստումները (բնական ծաղիկ, դիֆթերիա, կարմրուկ, տուլարեմիա, պոլիոմիելիտ, բրուցելոզ, տուբերկուլոզ և այլն)։

Համաճարակային պրոցեսի վրա ազդեցություն են ունենում նաև վարակիչ հիվանդությունների և հարուցիչների յուրահատկությունները՝ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը, հարուցիչների ախտածնության (վիրուլենտականության) աստիճանը և քանակը, փոխանցման մեխանիզմի դյուրինությունը, հարուցիչների կենսունակությունն արտաքին միջավայրի պայմաններում, մարդկանց ընկալունակության աստիճանն այս կամ այն հիվանդության նկատմամբ, վարակակրությունը, նրա տևողությունը, հիվանդության կլինիկական ձևերի առանձնահատկությունները և այլ գործոններ։ Վարակիչ հիվանդությունները, որոնց հարուցիչները փոխանցվում ե՜ն օդակաթիլային ճանապարհով, տարածվում են արագ, կարճ ժամանա– կամրջացում համաճարակային պրոցեսի մեջ են ընդգրկում ազգաբնակչության այն մասը, որն ընկալ է այդ հիվանդությանը (գրիպ, կարմրուկ և այլն)։ Մինչդեռ ջրի և սննդամթերքի միջոցով տարածվող աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքում համաճարակային պրոցեսը սովորաբար ընթանում է ավելի դանդաղ, ոչ ինտենսիվ։ Չնայած դրան, վարակի մեծաքանակ աղբյուրի, ինչպես նաև ջրի զանգվածային վարակման պայմաններում համաճարակային պրոցեսը կարող է նաև բուռն ընթանալ։ Անհրաժեշտ է անպայման տարբերել համաճարակային պրոցեսն ինֆեկցիոն և էպիզոտիկ պրոցեսներից։ Ինֆեկցիոն պրոցեսը հարուցիչ-մակաբույծի և մարդու օրգանիզմի ւիոխգործակցությունն է կախված հիվանդության մանիֆեստային և անսիմպտոմ ձևերի (վարակակրության) առկայությունից։ Համաճարակային պրոցեսը հարուցիչ-մակաբույծի և մարդու օրգանիզմի ւիոխգործակցությունն է պոպուլյացիոն մակարդակով, որն արդյունք է որոշակի սոցիալական և բնական պայմանների, և որի հետևանքով առաջ են գալիս հիվանդություններ՝ եզակի կամ զանգվածային բնույթի, ինչպես նաև անսիմպտոմ վարակի ձևով։ էպիզոտիկ պրոցեսը հարուցիչ-մակաբույծի և կենդանիների պոպուլյացիայի փոխգործակ֊ ցությունն է, որն ի հայտ է գալիս որոշակի սոցիալական և բնական պայմանների առկայությամբ՝ զանգվածային կամ առանձին կենդանիների հիվանդությամբ, ինչպես նաև առանց կլինիկական սիմպտոմների։

Համաճարակային պրոցեսի ինտենսիվությունը կախված է նաև ազգաբնակչության հիվանդացության աստիճանից, մի դեպքում այն կարող է ընթանալ հատ ու կենտ հիվանդությունների ձևով Համաճարակային պրոցես(սպորադիկ հիվան– դացություն), մի այլ դեպքում՝ զանգվածային հիվանդացության (համաճարակային հիվանդացություն) ձևով։ Բնական է, որ համաճարակային պրոցեսն ավելի ինտենսիվ կլինի համաճարակների ժամանակ։ Համաճարակային պրոցեսի գնահատման ժամանակ հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ հիվանդացությունը, մահաբերությունը, մահացությունը, որոնցով և որոշվում է նրա ինտենսիվությունը։ Համաճարակային պրոցեսի մասին գիտությունը համաճարա-կագիտության հիմքն է։ Այն մշտապես զարգանում ու կատարելագործվում է։ Վերջին տարիներին որոշակի ուշադրություն է դարձվում պայմանական ախտածին միկրոօրգանիզմներից և դանդաղ ընթացող վիրուսային ինֆեկցիաներից առաջացող վարակիչ հիվանդությունների օրինաչափություններին և համաճարակային պրոցեսի յուրահատկություններին։ Ներկայումս համաճարակագիտությանը նվիրված գրականության մեջ առաջ են քաշվում դրույթներ, որոնք վերաբերում են համաճարակային պրոցեսի ինքնականոնավորմանը, ուրիշ խոսքով, համաճարակային պրոցեսը դիտվում է որպես զուտ կենսաբանական պրոցես։ Չի բացառվում, որ մարդկային հասարակության զարգացման արշալույսին եղել է համաճարակային պրոցեսի ինքնականոնավորման մեխանիզմ։ Սակայն հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման հետ (անցումը ֆեոդալական հասարակարգից կապիտալիստականի) որոշակի նշանակություն է ձեռք բերել սոցիալական գործոնը, վերջինս էլ իր ազդեցությունն է թողել (դրական կամ բացասական առումով) համաճարակային պրոցեսի վրա։ Մասնագիտական գրականության մեջ ընդունված են տերմիններ, որոնք բնորոշում են համաճարակային պրոցեսի առանձին չափանիշների առանձնահատկությունները։

Սպորադիկ հիվանդացություն համարվում է համաճարակային պրոցեսի այն աստիճանը, երբ տվյալ վայրում արձանագրվում է վարակիչ հիվանդությունների նվազագույն քանակություն հատ ու կենտ դեպքերի ձևով։
Համաճարակը (էպիդեմիա) սպորադիկ հիվանդացության հակառակ վիճակն է, երբ արձանագրվում են համաճարակային պրոցեսի ուժգնացում, համաճարակային բռնկումներ, ազգաբնակչության խմբային հիվանդացություն (ընտանեկան, դպրոցական, նախադպրոցական, արտադրական և այլն)։
Երբ համաճարակները դուրս են գալիս տվյալ երկրի սահմաններից և ընդգրկում են շատ երկրներ՝ անվանվում են գլոբալ համաճարակ կամ պանդեմիա :
Էնդեմիան (հունարեն` en - մեջ, demos - ժողովուրդ) տվյալ կայրում առկա բնակլիմայական յուրահատկություններով պայմանավորված հիվանդությունն է։ Սրա վառ օրինակը Արարատյան դաշտավայրում մալարիայի էնդեմիկությունն է։ Բնական օջախականություն ունեցող հիվանդությունները նույնպես էնդեմիկ բնույթ ունեն, միայն այն տարբերությամբ, որ բնական օջախականություն ունեցող հիվանդությունները բնության մեջ պահպանվում են՝ վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների և փոխանցողների շնորհիվ։
Հակառակ էնդեմիկ հիվանդությունների էկզոտիկ վարակիչ կամ բերովի հիվանդություններն այն հիվանդություններն են, որոնք տվյալ վայրում չեն արձանագրվում, այլ բերվում են ուրիշ երկրներից։ Երբ խոսք է գնում էպիզոոտիկ պրոցեսի մասին, ապա սպորադիկ հիվանդություն, էպիզոտիա, պանզոտիա, էնզոտիա, էկզոտիա տերմինները համահունչ են համաճարակային պրոցեսի վերը նշված չափանիշներին։

Համաճարակային պրոցեսի շարժիչ ուժերը
Վարակի աղբյուր է համարվում վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակված մարդու և կենդանիների օրգանիզմը, ուր, որպես մանրէների բնական պահպանման միջավայր, նրանք կուտակվում, զարգանում և բազմանում են։ Վարակի աղբյուրի ընդհանուր կենսաբանական ֆունկցիան նրանում է, որ այն հանդիսանում է համաճարակային պրոցեսի պարտադիր օղակը, որը և ապահովում է նրա անընդհատ ընթացքը ժամանակի և տարածության մեջ։ Բնական է, որ առանց վարակի աղբյուրի առկայության համաճարակային պրոցեսը գոյություն ունենալ չի կարող։ Վարակի աղբյուրի համաճարակային վտանգավորությունը կախ-ված է այն ժամանակաշրջանի տևողությունից, որի ընթացքում վարակվածն արտաքին աշխարհ է արտազատում հիվանդության հարուցիչները։ Հիվանդ մարդը վարակի աղբյուր կարող է հանդիսանալ ինչպես հիվանդության ընթացքում, այնպես էլ հիվանդության գաղտնի շրջանի վերջին օրերին (որովայնային տիֆ, կարմրուկ, ցերեբրոսպինալ համաճարակային մենինգիտ), ու նաև առողջացման շրջանում (որովայնային տիֆ, խոլերա, մենինգիտ, դիֆթերիա և այլն)։

Այլ է վիճակը, երբ վարակիչ հիվանդության կլինիկական նշաններն ընթանում են թեթև, ոչ տիպիկ, «ջնջված», ամբուլատոր ձևերով։ Այսպիսի ոչ տիպիկ կլինիկական նշաններով ընթացող վարակիչ հիվանդությունները վերջին տարիներին, կապված ազգաբնակչության կողմից զանգվածային կերպով հակաբիոտիկների ընդունման հետ, բավականին հաճախ են հանդիպում։ Այս դեպքում այսպիսի հիվանդները (հիվանդանոցային պայմաններում ժամանակին չախտորոշելու պատճառով) միշտ չէ, որ մեկուսացվում են, և կարող են հիվանդության հարուցիչներն անարգել տարածել արտաքին միջավայրում բարենպաստ պայմաններ ստեղծելով հիվանդության նորանոր դեպքերի առաջացման համար։ Շատ դեպքերում այդպիսի հիվանդներն ապրում են իրենց սովորական կենցաղով, որը համաճարակային տեսակետից բավականին վտանգավոր է։ Աակայն, սովորաբար, մարդն ամենից շատ վարակիչ է հիվանդության վառ արտահայտված կլինիկական երևույթների շրջանում, երբ արտաքին աշխարհ է արտազատում ամենից շատ վիրուլենտ հարուցիչներ։ Բայց, պետք է հաշվի առնել, որ անկողնուն գամված հիվանդները վարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում, մանավանդ, երբ պահպանվում է ստացիոնարում հակահամաճարակային ռեժիմը, և իրականացվում է պատճառագիտական արդյունավետ բուժում։

Վարակի աղբյուրը մնում է այն հիվանդությունների ժամանակ, երբ հիվանդն առողջանալուց հետո շարունակում է արտաքին աշխարհ արտազատել հարուցիչներ (ռեկոնվալեսցենտ վարակակիրներ)։ Այս ժամանակաշրջանը վտանգավոր է նախ այն պատճառով, որ այսպիսի մարդիկ, լինելով առողջ, բավականին շարժուն են և դիսպանսեր հսկողության բացակայության դեպքում վարակը կարող են փոխանցել առողջ մարդկանց։ Այսպիսի անձանց մոտ վարակակրությունը կարող է կրել սուր (մինչև 2-3 ամիս) և քրոնիկական (3 ամսից ավելի, անգամ՝ ցմահ) բնույթ։ Վարակի աղբյուրի տեսակետից որոշ նշանակություն ունեն նաև առողջ և իմուն վարակակիրները։ Առողջ վարւսկակիներն այլ կերպ կոչվում են նաև տրանզիտոր վարակակիրներ։ Արանց մոտ լինում է սուր վարա– կակրություն, հարուցիչները գրեթե վիրուլենտ չեն և վարակի աղբյուրի տեսակետից կարևոր նշանակություն չունեն։ Իմուն վարակակրությունը լինում է այն անձանց մոտ, որոնք ստացել են կանխազգուշական պատվաստումներ այդ հիվանդության դեմ։ Համաճարակաբանական առումով նրանց դերը գրեթե նույնն է, ինչ առողջ վարակակրության ժամանակ։

Հիվանդության աղբյուր են նաև վարակված կենդանիները։ Այդ դեպքում հիվանդությունն անվանվում է անթրոպոզոոնոզ (ժանտախտ, տուլարեմիա, տզային հետադարձ տիֆ, կատաղություն, դաբաղ, բրուցելոզ, խլնախտ, տոքսիկոինֆեկցիաներ, մի շարք բիոհելմինթներ և այլն)։ Մի դեպքում մարդիկ կենդանիներից այս հիվանդությամբ վարակվում են կենդանի փոխանցողների օգնությամբ, մի այլ դեպքում՝ վարակված կենդանիների միսը, կաթնամթերքն օգտագործելիս, ինչպես նաև՝ կենդանու հետ անմիջական շփման հետևանքով (Սոդոկու հիվանդություն, կատաղություն), կամ վարակված կենդանիների մաշկը, մորթին մշակելիս (վարակման օդափոշային ուղի)։ Այս ճանապարհով վարակվելիս մարդկանց մեջ ուժեղ համաճարակային բռնկումներ չեն առաջանում, հիվանդության դեպքերն ավելի հաճախ տեղային բնույթի են, բացառություն կարող է լինել միայն ժանտախտը, որն արդի պայմաններում դարձյալ տեղային բնույթի է (ոչ հեռավոր անցյալում այն բազմաթիվ համաճարակների պատճառ էր)։ Անթրոպոզոոնոզ հիվանդությունների ժամանակ հիվանդ մարդն առողջին չի վարակում, նրա օրգանիզմում հարուցիչները կորցնում են վիրուլենտականությունը։ Վարակված մարդու օրգանիզմն այդ հարուցիչների համար կենսաբանական փակուղի է (բացառություն են կազմում ժանտախտը և մի քանի էկզոտիկ հիվանդություններ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին