Համսճարակային օջախՍա վարակի աղբյուրի շրջակա տարածքն է, որի սահմաններում հնարավոր է վարակի փոխանցումը։ Վարակիչ հիվանդության օջախը, կապված տվյալ հիվանդության համաճարակաբանական յուրահատկությունների հետ (փոխանցման մեխանիզմի ակտիվություն, սոցիալ-կենցաղային յուրահատկություններ, ընկալության աստիճան և այլն), կարող է տարբեր մեծություններ ունենալ։ Օրինակ՝ բնական օջախականություն ունեցող վարակիչ հիվանդությունների ժամանակ այն ավելի մեծ տարածքներ է ընդգրկում, քան անթրոպոնոզ հիվանդությունների ժամանակ։ Եթե դիզենտերիայի ժամանակ հիվանդության օջախ կարելի է համարել հիվանդի և նրա հարևանների տները, ապա ժանտախտի ժամանակ օջախն ավելի մեծ տարածքներ է ընդգրկում՝ բնակավայրեր, մարզ, անգամ ամբողջ հանրապետությունը։ Վարակիչ հիվանդության օջախը նաև ժամանակային հասկացողություն է, այն հավիտյան գոյության ունենալ չի կարող։

Այդ իսկ պատճառով այն կարելի է վերացված համարել այն ժամանակ, երբ օջախում հիվանդության վերջին դեպքից անցնում է նույն հիվանդության առավելագույն գաղտնի ժամանակաշրջանը, և հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվում։ Համաճարակային օջախում հիմնական միջոցառումները նպատակ ունեն վերացնելու այն։ Հակահամաճարակային միջոցառումները տարվում են հիվանդների հայտնաբերման, մեկուսացման և բուժման ուղղությամբ՝ անկախ կլինիկական յուրահատկություններից։ Սակայն համաճարակային օջախը կարող է իր ակտիվությունը պահպանել հիվանդների մեկուսացումից և բուժումից հետո ևս, եթե հիվանդության հարուցիչները պահպանում են իրենց կենսունակությունը արտաքին միջավայրում։ Այդ իսկ պատճառով՝ երկրորդ միջոցառումը պետք է տարվի արտաքին միջավայրում հիվանդության հարուցիչների վերացման ուղղությամբ (դեզինֆեկցիա)։

Միջոցառումներ վարակի օջախում
Վարակի աղբյուրը (հիվանդ մարդ) հայտնաբերելիս անհրաժեշտ է անմիջապես՝ շտապ հաղորդման քարտն ստանալուց ամենաուշը 24 ժամ հետո, իրականացնել միջոցառումներ, որոնք իրենց ոլորտի մեջ պետք է ներառեն.

  • Հիվանդ մարդուն,
  • Հիվանդի հետ շփման մեջ մտած անձանց (կոնտակտավորներ),
  • Արտաքին միջավայրի զանազան ազդակները (դեզինֆեկցիա, դեզինսեկցիա, դեռատիզացիա)։


1. Հիվանդ մարդու նկատմամբ ձեռնարկվող միջոցառումներից են նրանց վաղաժամ ախտորոշումը, հաշվառումը (շտապ հաղորդումը), մեկուսացումը և սպեցիֆիկ բուժումը։ Հիվանդի վաղաժամ ախտորոշումն ապահովում է օջախում ավելի արդյունավետ հակահամաճարակային միջոցառումների անցկացումը, իսկ նրա պատճառագիտական բուժումը խիստ սահմնափակում է վարակի տարածումն առողջ մարդկանց մեջ։ Նրա մեկուսացումը հիվանդանոցում կամ տանը ծառայում է նույն նպատակին։

2. Կոնտակտավորների նկատմամբ իրականացվող միջոցառումների համալիրում կարևոր նշանակություն ունի նրանց ճիշտ հաշվառումը։ Այս կապակցությամբ պետք է ասել, որ գոյություն ունի կայուն օրինաչափություն. կոնտակտավորների թիվը միշտ ավելի բարձր է տվյալ օջախի (ընտանիքի անդամների թվից։ Վարակի օջախում հիվանդի հետ շփվում են ոչ միայն ընտանիքի անդամները, այլև՝ հարևանները, բարեկամները, ընկերները և ուրիշներ։ Կոնտակտավորների հաշվառումից հետո նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն, նրանք մեկուսացվում են, իսկ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքում իրականացվում է անհատական մեկուսացում (օբսերվացիա)։ Վերը նշված միջոցառումների հիմքում ընկած է տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, որից հետո միջոցառումը դադարեցվում է (եթե կոնտակտավորը չի հիվանդանում)։ Կոնտակտավորների մեջ վարակակիրներ հայտնաբերելու նպատակով անցկացնում են լաբորատոր քննություն, վերջիններիս հայտնաբերելիս սանացիայի նպատակով (անհապաղ հոսպիտալացնում են։ Որոշ վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, խոլերա) ժամանակ կոնտակտավորների շրջանում անցկացվում է դեղորայքային քիմիո-կանխարգելում՝ հիվանդությունը և վարակակրությունը կանխելու նպատակով։ Որոշ վարակիչ հիվանդությունների (կատաղություն, բնական ծաղիկ, կարմրուկ) ժամանակ կոնտակտավորների շրջանում անցկացնում են կանխազգուշական պատվաստումներ։ Այս միջոցառումներն արդյունավետ են այն ժամանակ, երբ հայտնի է հիվանդի հետ կոնտակտավորի շփման օրը (կարմրուկ)։ Մյուս վարակիչ հիվանդությունների ժամանակ կոնտակտավորների վակցինականխարգելումը հակացուցված է։

3. Արտաքին միջավայրի միջոցառումներից օջախում անցկացվում է դիզինֆեկցիա, դեզինսեկցիա և դեռատիզացիա։ Դեզինսեկցիան կատարվում է վարակիչ հիվանդություններն արյան միջոցով տարածող կենդանի փոխանցողների, ինչպես նաև տնային ճանճերի նկատմամբ, իսկ դեռատիզացիան՝ վարակի աղբյուր հանդիսացող զանազան կրծողների նկատմամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին