Բոլոր կենդանի բջիջներն օժտված են նյութափոխանակության, գրգռականության, աճի ու բազմացման հատկություններով։ Բջիջների գրգռականությունը (ռեակտիվություն) նրանց ընդունակությունն է արտաքին և ներքին միջավայրի որոշակի գրգռիչների ազդեցության տակ ֆիզիոլոգիական հանգստի վիճակից փոխադրվել գործուն վիճակի։ Արտաքին ազդակների նկատմամբ առաջացող բջջային տարբեր ռեակցիաների շարքում առանձնացվում է դրդունակությունը, որը հատկապես պարզորոշ է արտահայտվում նյարդային, մկանային և գեղձային բջիջներում, ուստի և այդ տերմինն ընդունելի է միայն նշված բջիջների նկատմամբ։ Նրանց ռեակցիան դրսևորվում է էլեկտրական վիճակի փոփոխություններով, ինչպես նան կծկումով (մկանային բջիջներ) և արտազատմամբ (գեղձային բջիջներ)։

Այդ բջիջների դրդունակությունն ընկած է կենդանու օրգանիզմի նյարդային համակարգի, շարժողական ապարատի ն գեղձերի գործառության հիմքում։ Դրդում առաջացնող արտաքին ազդակներ են հանդիսանում տարբեր գրգռիչներ (մեխանիկական, քիմիական, ձայնային, լուսային և այլ)։ Արտաքին գրգռիչները կարող են լինել համապատասխան և ոչ համապատասխան։ Առաջինները համապատասխանում են բջջի տվյալ տեսակին և կարող են դրդում առաջացնել նույնիսկ ամենաչնչին էներգիայի ազդեցության դեպքում։ Գրգրիչի ամենափոքր ուժը, որն անհրաժեշտ է բջջի դրդման համար, կոչվում է շեմքային։ Դրդունակ բջիջներին, համապատասխան ուժի գրգռիչների բացակայության դեպքում, բնորոշ է ֆիզիոլոզիական  վիճակը, որն ուղեկցվում է ընթացիկ նյութափոխանակությամբ։ Մարդու և կենդանիների օրգանիզմում հատուկ դեր են խաղում նյարդային ու մկանային համակարգերը։ Դրանցից առաջինն իրար հետ է կապում ու միավորում բազմաբջիջ օրգանիզմի տարբեր մասերը, երկրորդը կատարում է շարժչի դեր, ապահովելով շարժունակությունը, օրգանիզմի ակտիվությունը միջավայրում, ինչպես նաև ներքին օրգանների մեխանիկական ֆունկցիաները։ Այդ երկու համակարգերի ձևավորման և զարգացման ընթացքը կապակցված է։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին