Գերարժեք մտքերՄտածողության բովանդակային խանգարումներից է: Գերարժեք են համարվում այն մտքերը, որոնք առաջանում են իրական հանգամանքների հիման վրա, սակայն հետագայում աճող հուզական լարվածության արդյունքում հիվանդի համար ձեռք են բերում գերիշխող և կարևոր նշանակություն։ Այսպես, օրինակ, որևէ անարդարության նկատմամբ շատ բնական ռեակցան ժամանակի ընթացքում ներքին վերապրումների և վերագնահատումների հիման վրա ոչ թե հանգուցալուծվում է և անցնում, այլ ընդհակառակն՝ ուժեղանում, ձեռք բերում նոր իմաստ ու նշանակություն։ Հիվանդն անընդհատ վերադառնում է այդ հանգամանքներին, տառապանքն ավելի ու ավելի է աճում, քանի որ հիվանդի ողջ գիտակցությունը լեցուն է զանազան մանրամասների և մանրուքների վերագնահատմամբ։

Ի տարբերություն կպչուն մտքերի, սրանք չեն ընկալվում հիվանդի կողմից որպես օտար, տանջող, այլ, ընդհակառակն, դառնում են հիվանդի աշխարհայացքի մի մասը. հիվանդը ոչ թե պայքարում է դրանց դեմ (ինչպես կպչունության պարագայում), այլ աստիճանաբար զարգացնում և խորացնում է այդ ապրումները։ Սակայն, ի տարբերություն զառանցանքային մտքերի, դրանք ունեն իրական հիմք և պատճառ, և չնայած գերիշխող բնույթին գերարժեք մտքերն այնուամենայնիվ աշխարհահայացք չեն դառնում, չեն բերում անձի փոփոխմանը, ինչը բնորոշ է զառանցանքին։ Գերարժեք մտքերը կարող են ընդգրկել մարդու կենսաբանական, հոգեբանական և սոցիալական ոլորտները և համապատասխան էլ արտահայտվել կլինիկորեն։ Գերարժեք մտքերը կարող են դիտվել նաև որպես ինքնուրույն հոգեախտաբանական խանգարումներ անձնային խանգարումների, ինչպես նաև՝ անձնային նորմայի շրջանակներում։ Կլինիկայում հաճախ ենք տեսնում այս խանգարումները՝ քրոնիկական զառանցանքի սկզբնական փուլերում։

Գերարժեք մտքեր` կենսաբանական ոլորտի: Արտահայտվում են նրանով, որ հիվանդը, օրինակ՝ իր մարմնի այս կամ այն ֆիզիկական թերությունը կարող է «գնահատել» որպես այլանդակ, անճոռնի և տգեղ, ինչի հետևանքով նա կտրվում է միջավայրից և սկսում բուժօգնություն փնտրել (դիսմորֆոֆոբիկ գերարժեք մտքեր)։ Այլ դեպքում՝ հիվանդը կարող է իր մարմնական որևէ հիվանդության նկատմամբ ձևավորել ուռճացված պատկերներ, ինչն իրականությանը չի համապատասխանում (հիպոխոնդրիկ գերարժեք մտքեր)։ Մեկ այլ դեպքում՝ հիվանդները վերագնահատում և գերարժեքավորում է իրենց սեռական կյանքի որոշ ժամանակավոր անհաջողություններ (սեռական թերարժեքային մտքեր)։ Եվ վերջապես, կան դեպքեր, երբ հիվանդն իր կյանքի նպատակն է դարձնում մարմնի և հոգու կատարյալ լինելու գաղափարները՝ նպատակային մարզվում է, աշխատում հոգու և հոգևորի կատարելության վրա, ձգտում է լիարժեքության՝ կուլտուրիզմի, յոգայի, կրիշնաիզմի միջոցներով (ինքնակատարելության գերարժեք մտքեր)։

Գերարժեք մտքեր` հոգեբանական ոլորտի: Արտահայտվում են սեփական անձին բնորոշ որոշ հատկությունների, ունակությունների գերագնահատմամբ։ Նման մարդիկ համոզված են, որ գյուտերի, նորարարությունների հեղինակ են, ում հասարակությունը խորշում է ճանաչել, և իրենց անձի հանդեպ ճանաչում և հարգանք են պահանջում։ Ավելին, երբեմն նրանք համոզված են, որ իրենք օժտված են զանազան տաղանդներով և իրենց կյանքի ողջ իմաստն ու նպատակը տեսնում են համընդհանուր ճանաչման մեջ։ Սրանցից են բարենորոգչական, գյուտարարության և հանճարեղության գերարժեք մտքերը։

Գերարժեք մտքեր` սոցիալական ոլորտի: Արտահայտվում են հիվանդի կյանքի որևէ իրադարձության սոցիալական նշանակության գերագնահատման միջոցով մեղավոր մտքերի դրսևորմամբ։ Որոշ մարդկանց մոտ հակառակ սեռի ուշադրության նշանները, հաճոյախոսությունները կամ էլ որոշ շարժումներ գնահատվում են որպես սիրահարվածության նշաններ և ձևավորում համապատասխան վարքագիծ (տարփալից բնույթի գերարժեք մտքեր)։ Այս շարքին են պատկանում նաև խանդի գերարժեք մտքերը։ Դատամոլության գերարժեք մտքերը բնորոշվում են նրանով, որ հանրահայտ և էական նշանակություն չունեցող իրական հանգամանքները (թերությունները) հիվանդների կողմից հասցվում են սոցիալական անարդարության աստիճանի և հիվանդն իր կյանքի իմաստը տեսնում է դրանց դեմ պայքարի մեջ։ Այս հիվանդներն իրենց «արդար» նամակներով ու բողոքներով խանգարում են տարբեր կազմակերպությունների աշխատանքին։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին