Էրիթրոցիտների նստեցման արագությունՄակարդումը կանխելուց հետո փորձանոթում գտնվող արյունը շերտավորվում է։ Ձևավոր տարրերը աստիճանաբար նստում են փորձանոթի հատակին, իսկ պլազման գրավում է վերին շերտը։ Արյան մեջ էրիթրոցիտների քանակի գերակշռության պատճառով ձևավոր տարրերի այս շարժման արագությունը կոչվում է էրիթրոցիտների նստման արագություն (ԷՆԱ)։ Առողջ տղամարդու ԷՆԱ-ն հավասար է 4-10մմ/ժ, առողջ կնոջը 6-12մմ/ժ,. նորածին երեխաներինը՝ մինչև 0,5մմ/ժ, իսկ հղի կնոջը 45-50մմ/ժ։ ԷՆԱ-ի մեծությունը կախված է ոչ թե էրիթրոցիտների, այլ պլազմայի հատկություններից։ Այդ մասին վկայում է հետնյալ ցուցադրական փորձը։ Առողջ տղամարդու արյան պլազման և էրիթրոցիտները անջատվում են միմյանցից։ Նույնը կատարում են նաև հղի կնոջ արյան հետ, որի ԷՆԱ-ն անհամեմատ արագ է։ Ապա հղի կնոջ էրիթրոցիտները փոխադրում են տղամարդու պլազմայի մեջ, որտեղ հղի կնոջ էրիթրոցիտները նստում են շատ դանդաղ։ Ընդհակառակը, առողջ տղամարդու էրիթրոցիտները հղի կնոջ պլազմայում նստում են անհամեմատ մեծ արագությամբ։

Պլազմայի մեջ ԷՆԱ-յի մեծության որոշիչ գործոնը ալբումին/գլոբուլինային գործակիցն է, որը տատանվում է 1,3-2,2-ի սահմաններում։ Մյուս սպիտակուցների համեմատությամբ ալբումինների մոլեկուլային զանգվածը փոքր է, իսկ քանակը` շատ։ Հիմնականում նրանց ձետա-պոտենցիալով է պայմանավորված ոչ միայն պլազմայի կոլոիդ կայունությունը, այլև արյան բջիջների կախույթային (սուսպենզիայի) վիճակը։ Ինչքան շատ են ալբումինները, այնքան կայուն է արյան կախույթային վիճակը, որը փոքրացնում է ԷՆԱ-ն, քանի որ ալբումինները կլանվում են էրիթրոցիտների թաղանթի վրա և մեծացնում այդ բջիջների վանող ուժը։ Ընդհակառակը, գլոբուլինների, ֆիբրինոգենի և կոլոիդ լուծույթում ոչ կայուն այլ մակրոմոլեկուլների մակարդակի բարձրացման դեպքում ԷՆԱ-ն արագանում է։ Նման վիճակ է ստեղծվում բորբոքումների, հյուսվածքների քայքայման և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Սակավարյունությունների դեպքում օլիգոցիտեմիայի հետևանքով պլազմայի զանգվածը մեծանում է, որը նույնպես նպաստում է ԷՆԱ-ի արագացմանը։ ԷՆԱ-ի որոշումն ունի կլինիկական կարևոր արժեք։ Այն ունի ոչ թե ախտորոշիչ, այլ կանխորոշիդ նշանակություն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին