Էրիթրոցիտային զանգվածն արյան բաղադրամաս է, որի հեմատոկրիտը կազմում է մոտ 80%: Էրիթրոցիտային զանգվածը ստացվում է ամբողջական արյունից՝ պլազմայի անջատման եղանակով: Այն պարունակում է էրիթրոցիտներ՝ 70-80%, պլազմա՝ 20-30%, ինչպես նաև թրոմբոցիտներ և լեյկոցիտներ: Էրիթրոցիտների գլխավոր ֆունկցիան է՝ թթվածնի փոխադրումը: Թոքերում էրիթրոցիտների հեմոգլոբինը միանում է թթվածնի հետ և տեղափոխում այն դեպի հյուսվածքները, իսկ հյուսվածքներից ածխաթթու գազը՝ դեպի թոքեր: Էրիթրոցիտները երկգոգավոր ձևի և ճկունության շնորհիվ ապահովում են էրիթրոցիտների լավագույն հիդրոդինամիկ հատկությունները և դրանց անցանելիությունը մանր մազանոթներով, որն էլ ստեղծում է անհրաժեշտ պայմաններ բջջի և միջավայրի միջև գազափոխանակության իրականացման համար:
Բուժական գործունեության մեջ ներկայումս կիրառվում են էրիթրոցիտային միջավայրերի հետևյալ ձևերը՝
- էրիթրոցիտային զանգված՝ 65-80% հեմատոկրիտով
- էրիթրոցիտային կախույթ՝ ամբողջական արյան ցենտրիֆուգումից հետո անջատվում և հեռացվում է պլազման, էրիթրոցիտների վրա ավելացվում է բջիջների կենսունակությունը պահպանող լուծույթ: Հեմատոկրիտի մեծությունը կախված է ավելացվող լուծույթի քանակից, բայց չպետք է գերազանցի 70%
- լվացված էրիթրոցիտներ՝ ամբողջական արյան ցենտրիֆուգումից հետո անջատվում և հեռացվում է պլազման, որից հետո էրիթրոցիտային զանգվածը լվացվում է 0,9% նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով 2-4 անգամ, հեմատոկրիտը՝ 65-75% է: Բաղադրամասի առավելագույն պահպանման ժամկետը +2+40C ջերմաստիճանի պայմաններում կազմում է 24 ժամ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ 6 ժամ: էրիթրոցիտների լվացման ժամանակ էրիթրոցիտային միջավայրից հեռացվում է պլազման, մասամբ՝ թրոմբոցիտները և լեյկոցիտները
- լեյկոցիտներից և տրոմբոցիտներից աղքատացված էրիթրոցիտներ՝ (leukocyte-depleted). այս միջավայրի ստացման համար էրիթրոցիտային զանգվածը ֆիլտրվում է հատուկ ֆիլտրերով, որի արդյունքում հեռացվում է լեյկոցիտների և թրոբոցիտների 90-99%-ը
- սառեցված էրիթրոցիտներ՝ էրիթրոցիտների կախույթ է, որը պահպանվում է ցածր ջերմաստիճանում համապատասխան լուծույթի մեջ: Լուծույթը հեռացվում է հալեցնելուց հետո՝ լվացման ճանապարհով:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին