Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև միզապարկ հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով: Փոքր բաժակները(calyces renales minore), 8-9 հատ, մի ծայրով ընդգրկում են մեկ-երկու, հազվադեպ` երեք երիկամային պտկիկ, իսկ մյուս ծայրով բացվում են մեծ բաժակներից մեկի մեջ: Մեծ բաժակները (calyces majores) սովորաբար երկուսն են` վերին և ստորին: Դեռ երիկամի ծոցում մեծ բաժակները միաձուլվում են` կազմելով երիկամի ավազանը (pelvis renalis), որը երիկամային անոթների հետևով դուրս է գալիս դրունքից և, ցած շրջվելով, անմիջապես դրունքից ներքև դառնում է երիկամի միզածորան (urater): Բաժակները, ավազանը և միզածորանը կազմում են երիկամի արտազատիչ (էքսկրետոր) ուղիների տեսանելի մասը` արտազատիչ ծառ: 

Տարբերում են արտազատիչ ծառի 3 ձև, որոնք ցույց են տալիս նրա զարգացման հաջորդական փուլերը.
Սաղմնային, երբ ավազանը լայն պարկանման է և նրա մեջ անմիջապես բացվում են փոքր բաժակները, մեծ բաժակները բացակայում են: Պտղային (ֆետալ), երբ լինում են մեծ թվով փոքր ու մեծ բաժակներ, որոնք անմիջապես դառնում են միզածորան, ավազանը բացակայում է: Հասուն, երբ լինում են ոչ մեծ թվով փոքր բաժակներ, որոնք ձուլվելով, կազմում են 2 մեծ բաժակներ և դառնում չափավոր արտահայտված ավազան, որից սկսվում է միզածորանը: Այստեղ կան արտազատիչ ծառի բոլոր 4 բաղադրիչ մասերը, փոքր ու մեծ բաժակները, ավազանը և միզածորանը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին