Երակային վերադարձԱյս տերմինի տակ հասկացվում է երակային արյան այն ծավալը, որը մեկ րոպեում հոսում է վերին և ստորին սիներակներով։ Քանի որ ծավալային արագությունը հաստատուն է, ապա բնականոն պայմաններում երակային վերադարձի մեծությունը հավասար է արյան հոսքի րոպեական ծավալին, որը մարդկանց մոտ կազմում է 4-6 լ/րոպե։ Տարբեր ֆիզիոլոգիական և հիվանդագին պատճառներից, օրինակ, մկանային ծանրաբեռնվածության, մարմնի դիրքի փոփոխման դեպքերում, այդ համապատասխանությունը ժամանակավորապես խախտվում է։ Մարդկանց երակային վերադարձի 1/3-ը իրականանում է վերին սիներակով, իսկ 2/3-ը ստորին սիներակով։ Երակային վերադարձին նպաստող բոլոր գործոնները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը կազմում են հետևից գործող ուժերը։ Դրանցից մեկը՝ սրտի կողմից ստեղծվող ճնշումն է, որն առաջացնում է զարկերակային արյան առաջընթաց շարժում, ապահովելով նրա վերադարձը դեպի սիրտ։ Եթե զարկերակային հունում այդ ուժը համապատասխանում է 100մմ ս.ս, ապա երակիկների սկզբնամասում էներգիայի ընդհանուր քանակությունը, որով օժտված է մազանոթային հունով անցած արյունը, կազմում է նրա սկզբնական էներգիայի 13 %-ը։

Հենց այդ էներգիան էլ ծախսվում է դեպի սիրտ ընթացող երակային արյան հոսքի վրա։ Հետևից գործող ուժերի թվին կարելի է դասել նաև կմախքային մկանների կծկումները, որոնց ժամանակ սեղմվում են նրանց միջով անցնող անոթները։ Երակների սեղմման ժամանակ նրանց ներսում ճնշումը բարձրանում է և շնորհիվ փականների առկայության, որոնք խոչընդոտում են արյան հետհոսքին, արյունն ուղղվում է դեպի սիրտ։ Այդ երևույթր ստացել է մկանային պոմպ անվանումը։ Մեկ գործոն ևս, որն ազդում է հետևից, հեշտացնելով արյան հոսքը դեպի սիրտ, հանդիսանում է ստոծանու կողմից առաջացրած ծծող-ճնշող պոմպային ազդեցությունը որովայնի խոռոչի օրգանների վրա։ Ներշնչման պահին ստոծանին կծկվելով բարձրացնում է ներորովայեային ճնշումը, և սեղմված օրգանները՝ ճնշելով երակների պատերի վրա, նպաստում են արյաեն հոսքին դեպի դռներակ և ապա՝ սիներակ։ Ճնշման տարբերության մեծացումը որովայնային և կրծքային երակների միջև ուղեկցվում է դեպի սիրտ ընթացող երակային հոսքի ուժեղացումով։ Արտաշնչման պահին տեղի է ունենում հակառակ երևույթը։ Հետևից գործող ուժերի շարքին կարելի է դասել նաև որոշ երակների պատերի գալարակծկանքները:Նման բնույթի կծկումներ հայտնաբերվել են, օրինակ, լյարդի երակներում։

Երակային   վերադարձն  ապահովող երկրորդ խմբի գործոններն ազդում են առջևից։ Դրանք կրծքավանդակի և սրտի հատկություններն են։ Շնորհիվ թոքամզային խոռոչի բացասական ճնշման, կրծքավանդակը ձեռք է բերում ծծող հատկություն, և արյունը ծայրամասային անոթներից մուտք է գործում սիներակներ։ Ներշնչման պահին բացասական ճնշումն աճում է և դա նպաստում է արյան երակային հոսքի մեծացմանը, իսկ արտաշնչման ժամանակ կրծքավանդակում բացասական ճնշումը փոքրանում է, որի հետևանքով արյան հոսքը դանդաղում է։ Կենտրոնական երակային ճնշման մակարդակը, այսինքն, աջ նախասրտում եղած ճնշումը, ևս էական ազդեցություն է թողնում արյան երակային վերադարձի վրա։ Աջ նախասրտում 0-ից մինչև -4 մմ ս.ս. ճնշման իջեցման դեպքում, արյան վերադարձն աճում է 20-30 %֊ով, սակայն երբ ճնշումը դառնում է -4 մմ ս.ս.-ից ցածր, նրա հետագա անկումը արդեն չի առաջացնում երակային արյան հոսքի նոր ուժեղացում։ Դա բացատրվում է նրանով, որ երակային համակարգի ճնշման կտրուկ նվազումն առաջացնում է կրծքավանդակ մտնող երակների պատերի անկում։ Ճնշման նվազումը աջ նախասրտում դիտվում է ոչ միայն փորոքների դիաստոլայի, այլ նաև սիստոլայի ժամանակ։ Բանն այն է, որ փորոքի սիստոլայի ժամանակ մեծանում է նախասրտի ծավալն ու տեղի է ունենում ճնշման անկում։ Աջ նախասրտում արյան ճնշման բարձրացման դեպքում, ընդհակառակը, երակային ներհոսքը դեպի սիրտ պակասում է, սակայն այդ դեպքում սկսում են գործել այն կարգավորիչ մեխանիզմները, որոնք կանոնավորում են երակային արյան ներհոսքը դեպի սիրտ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին