Երակները արյունատար համակարգի արտատար օղակն են: Արյան արտահոսքը սկսվում է հետմազանոթային երակիկներով (տե°ս վերևում): Արյան ցածր ճնշումը (15–20 մմ սնդ. սյուն) և աննշան արագությունը (օրգանային երակներում շուրջ 10 մմ/վրկ) պայմանավորված են երակներում առաձգական տարրերի համեմատաբար թույլ զարգացմամբ և մեծ ձգվողականությամբ: Հարթ մկանային բջիջների քանակը պայմանավորված է արյան ուղղությամբ և երակների պատում նույնը չէ: Արյան ծանրության ուժը հաղթահարելու համար ստորին վերջույթների երակների անոթներում հարթ մկանային տարրերը ավելի ուժեղ են զարգացած, քան վերին վերջույթների, գլխի, պարանոցի երակները: Շատ երակներում կան փականներ (valvulae venosae), որոնք ներքին թաղանթի ածանցյալներն են: Գլխուղեղի ու նրա թաղանթների, ներքին օրգանների, ենթաորովայնային, զստային սիներակները և անանուն երակները փականներ չունեն: Ըստ երակների պատում մկանային տարրերի զարգացման աստիճանի՝ տարբերում են թելակազմ (ոչ մկանային) և մկանային տիպի երակներ: Մկանային տիպի երակներն իրենց հերթին բաժանվում են թույլ, միջին և ուժեղ մկանային տարրերով երակների: Երակներում, ինչպես և զարկերակներում, տարբերում են երեք թաղանթ՝ ներքին, միջին և արտաքին: Այդ թաղանթները տարբեր երակներում ունեն ոչ միանման կառուցվածք:

Թելային տիպի երակներ (venae fibrotipicae): Դրանք կարծր և փափուկ ուղեղապատյանների ոչ մկանային, ինչպես նաև աչքի ցանցենու, ոսկրերի, փայծաղի ու ընկերքի երակներն են: Ուղեղապատյանների ու աչքի ցանցենու երակները կարող են փոփոխվել՝ լայնանալ, նեղանալ՝ արյան ճնշման փոփոխություններին զուգընթաց: Ոսկրերի, փայծաղի ու ընկերքի երակները արյան հոսքի ժամանակ նույնպես պասիվ են: Դա բացատրվում է նրանով, որ նրանք, սերտ միաձուլված լինելով համապատասխան օրգանների խիտ տարրերին, չեն սմքում և արյան արտահոսքը հեշտ է կատարվում: Այդ երակները ծածկող էնդոթելային բջիջները ունեն ավելի ոլորուն սահմաններ, քան զարկերակներում: Արտաքինից նրանց հարում է հիմային թաղանթը, այնուհետև՝ փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի բարակ շերտը՝ սերտաճած շրջապատող հյուսվածքներին:

Մկանային տիպի երակներ (venae myotypicea): Թույլ զարգացած մկանային տարրերով երակները տարբեր են ըստ տրամագծի: Սրանք մանր և միջին տրամաչափի (1–2 մմ) երակներ են, որոնց ուղեկցում են մարմնի վերին մասի, պարանոցի ու դեմքի մկանային զարկերակները, ինչպես նաև այնպիսի խոշոր երակներ, ինչպիսին վերին սիներակն է: Դրանցից են վերին վերջույթի երակները, որոնց պատերը համապատասխան տրամաչափով զարկերակներից փոքր–ինչ բարակ են, ունեն ավելի քիչ մկանային տարրեր և պատրաստուկների վրա կարծես թե սմքած են:  Թույլ զարգացած մկանային տարրերով մանր ու միջին տրամաչափի երակները ունեն թույլ արտահայտված ենթաէնդոթելային շերտ, իսկ միջին թաղանթում կա մկանային բջիջների ոչ մեծ քանակություն: Որոշ փոքր երակների միջին թաղանթում (մարսողական ուղու), հարթ մկանային բջիջները առաջացնում են միմյանցից հեռու դասավորված առանձին «գոտիներ»: Այսպիսի կառուցվածքով պայմանավորված՝ երակները կարող են խիստ լայնանալ ու պահեստավորման ֆունկցիա կատարել: Մանր երակների արտաքին թաղանթում կան երկայնական դասավորված առանձին հարթ մկանային բջիջներ: Խոշոր տրամաչափի երակներից առանձնանում է վերին սիներակը, որի պատի միջին թաղանթում կան ոչ մեծ քանակությամբ հարթ մկանային բջիջներ: Դա մասնակիորեն պայմանավորված է մարդու ուղղաձիգ քայլվածքով, որի պատճառով արյունը այդ երակով հոսում է դեպի սիրտը իր ծանրության, ինչպես նաև կրծքավանդակի շնչառական շարժումների շնորհիվ: Սրտի փորոքների դիաստոլայի (մկանունքի թուլացում) սկզբում նախասրտերում առաջանում է արյան ոչ մեծ բացասական ճնշում, որը կարծես թե ներծծում է արյունը սիներակներից:

Բազկային երակն ունի միջին զարգացման մկանային տարրեր: Նրա ներքին թաղանթը ծածկող էնդոթելային բջիջները ավելի կարճ են, քան համապատասխան զարկերակում: Ենթաէնդոթելային շերտը կազմված է շարակցահյուսվածքային թելերից և բջիջներից, որոնք հիմնականում ուղղված են անոթի երկայնքով: Այդ անոթի ներքին թաղանթը ձևավորում է փականային ապարատը և իր կազմում ունի առանձին երկայնական ուղղված հարթ մկանային բջիջներ: Երակում ներքին առաձգական թաղանթը արտահայտված չէ. ներքին ու միջին թաղանթների սահմանին դասավորված է միայն առաձգական թելերի ցանց: Բազկային երակի և զարկերակների ներքին թաղանթի թելերը կապված են միջին ու արտաքին թաղանթների առաձգական թելերի հետ և կազմում են միասնական հենք: Այդ երակի միջին թաղանթը զգալիորեն բարակ է համապատասխան զարկերակի միջին թաղանթից: Այն սովորաբար կազմված է շրջանաձև դասավորված հարթ միոցիտների խրձերից, որոնք բաժանված են թելակազմ շարակցական հյուսվածքի միջնաշերտերով: Այդ երակում արտաքին առաձգական թաղանթը բացակայում է, որի պատճառով միջին թաղանթի շարակցահյուսվածքային շերտերը անցնում են անմիջապես արտաքին թաղանթի փուխր թելակազմ շարակցական հյուսվածքի մեջ: Բազկային երակում այն շատ ուժեղ է զարգացած. նրա չափերը 2–3 անգամ գերազանցում են միջին թաղանթի չափերին: Արտաքին թաղանթի կոլագենային ու առաձգական թելերը ուղղված են գերազանցապես երկայնական: Արտաքին թաղանթում հանդիպում են նաև առանձին հարթ մկանային բջիջներ, որոնք ունեն երկայնական դասավորություն: Ուժեղ զարգացած մկանային տարրերով երակները մարմնի ստորին կեսի ու ոտքերի խոշոր երակներն են: Նրանց բնորոշ է բոլոր երեք թաղանթներում հարթ մկանային բջիջների խրձերի զարգացածությունը, ընդ որում, արտաքին ու ներքին թաղանթներում նրանք ունեն երկայնական ուղղություն, իսկ միջինում՝ շրջանաձև: 

Այդ խմբում է ազդրային երակը, որի ներքին թաղանթը կազմված է էնդոթելից ու ենթաէնդոթելային շերտից՝ կազմված երկայնական հարթ մկանային բջիջների խրձեր ունեցող փուխր թելակազմ շարակցական հյուսվածքից: Ներքին Երակառաձգական թաղանթը բացակայում է: Ազդրային երակի ներքին թաղանթից կազմվում են բարակ ծալքերով փականներ: Փականը կողքից ծածկող էնդոթելային բջիջները ձգված են և ուղղված փականի փեղկերի երկայնքով, մինչդեռ հակառակ կողմում այն ծածկված է բազմակող էնդոթելային բջիջներով, որոնք ընկած են փեղկերի լայնքով: Փականի հիմը թելակազմ շարակցական հյուսվածքն է: Այս դեպքում անոթի լուսանցքին ուղղված կողմում՝ էնդոթելի տակ, ընկած են գերազանցապես առաձգական, իսկ հակառակ կողմում՝ կոլագենային թելեր: Փականի փեղկի հիմում կա հարթ մկանային բջիջների որոշ քանակություն: Երակների փականները նպաստում են երակային արյան հոսքին դեպի սիրտը՝ արգելելով նրա ետհոսքը: Փականները պահպանում են սիրտը ավելորդ էներգիայի կորստից՝ խոչընդոտելով արյան հոսքի տատանումները, որոնք առաջանում են երակներում տարբեր արտաքին ազդակներից (մթնոլորտային ճնշման փոփոխություն, մկանային կծկում և այլն): Սակայն ազդրային երակների թաղանթներում ու փականների փեղկերում հարթ մկանային խրձերը բավարար չեն ծանրության ուժին հակառակ արյան բարձրացման համար: Այստեղ էական դեր է խաղում ստորին վերջույթների կմախքային մկանների կծկումը: Սակայն ազդրային երակների թաղանթներում ու փականների փեղկերում հարթ մկանային Այստեղ էական դեր է խաղում ստորին վերջույթների կմախքային մկանների կծկումը: 

Ազդրային երակի միջին թաղանթը պարունակում է հարթ մկանային բջիջների շրջանաձև դասավորված խրձեր: Փականի հիմքից վեր միջին թաղանթը բարակում է: Փականի ամրացման տեղից ներքև մկանային խրձերը խաչվում են` հաստանալով երակի պատում: Թելակազմ շարակցական հյուսվածքից կազմված արտաքին թաղանթում հայտնաբերվում են երկայնական դասավորված հարթ մկանային բջիջների խրձեր: Ստորին սիներակը կառուցվածքով խիստ տարբերվում է նրա մեջ բացվող երակներից: Նրա ներքին ու միջին թաղանթները համեմատաբար թույլ են զարգացած: Արտաքին թաղանթը երկայնական դասավորված մեծ քանակությամբ հարթ մկանային բջիջների խրձեր ունի և իր հաստությամբ 6–7 անգամ գերազանցում է միջին և ներքին թաղանթները՝ միասին վերցրած: Հարթ մկանային բջիջների խրձերի միջև ընկած են թելակազմ շարակցական հյուսվածքի միջնաշերտեր: Հարթ մկանային բջիջների երկայնական դասավորվածությունը արտաքին թաղանթում ունի որոշակի ֆիզիոլոգիական նշանակություն. այդ խրձերի կծկումը ոչ միայն նպաստում է արյան շարժմանը դեպի վեր, այլև խոչընդոտում է նրա հետադարձ հոսքը (ստորին սիներակում փականներ չկան): Ստորին սիներակի լուսանցքում նրա արտաքին թաղանթ են մտնում սրտամկանի միջաձիգ զոլավոր մկանային խրձեր: Միջին և արտաքին թաղանթները կազմված են անոթների անոթներից, ավշային մազանոթներից, բազմաթիվ նյարդաթելերից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին