Էսկրետոր ուրոգրաֆիաՆերերակային ճանապարհով կոնտրաստային նյութի (նատրիումի ամիդոտրիզոատի) ներմուծումից հետո ներերակային (էքսկրետոր) ուրոգրաֆիայի միջոցով հնարավոր է կոնտրաստավորել երիկամների ուրվագծերը, բաժակ-ավազանային համակարգը և միզտար ուղիները, ինչպես նաև պատկերացում կազմել ինչպես երիկամների ֆունկցիոնալ վիճակի, այնպես էլ դրանց չափսերի և եզրագծերի մասին: Նորմայում մեծահասակների մոտ երիկամների եզրագծերը տեղակայված են կրծքային XI-գոտկային III ողերի, իսկ ավազանները` II գոտկային ողի մակարդակին: Աջ երիկամը ավելի շարժուն է և ձախ երիկամի համեմատ ավելի ցած է տեղակայված: Սովորաբար երիկամների կոնտուրներն ուղիղ են, պարենխիմայի հաստությունը (արտաքին կոնտուրից մինչև բրգերի պտկիկները եղած հեռավորությունը) երիկամների միջին մասում (2.5սմ) բևեռներ համեմատությամբ (3-4սմ) ավելի փոքր է: Երիկամների կոնտուրների փոփոխությունը (թմբկություն) կարող է պայմանավորված լինել սպիների, ուռուցքային գոյացությունների առկայությամբ:

Էքսկրետոր ուրոգրաֆիան միզային համակարգում քարերի առկայության կասկածի դեպքում հետազոտման հիմնական մեթոդն է: Հետազոտման ժամանակ վիզուալիզացիայի սխեման հետևյալն է. ընդհանուր նկար (ներառյալ միզապարկը), կոնտրաստային նյութի ներմուծում, նկարում 5 րոպե անց (երիկամների վիզուալիզացիա), նկարում 20, 45 րոպե անց և այլն (ամբողջ միզային ուղու վիզուալիզացիա), մինչև միզուղիների և երիկամների երևալը: Հետազոտման վերջում միզելուց հետո նկարում են միզապարկը: Եթե երիկամներից մեկը կոնտրաստը ավելի դանդաղ է դուրս բերում, ապա վերջին նկարը կարող է կատարվել կոնտրաստի ներմուծումից 6-12ժ հետո: Բաժակ-ավազանային համակարգի առավել արտահայտված փոփոխությունները բնորոշ են քրոնիկական պիելոնեֆրիտին, պտկիկային նեկրոզին, օբստրուկտիվ նեֆրոպաթիային, երիկամների տուբերկուլյոզին: Խրոնիկական պիելոնեֆրիտի համար բնորոշ է Հոդսոնի ախտանիշը` երիկամների պարենխիմայի անհավասարաչափ հաստությունը (բևեռներում ավելի փոքր է միջին մասի համեմատ): Առողջների մոտ բոլոր բաժակները կոնտրաստավորվում են միանման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին